Հայաստանը կայունության կղզի. հարեւան երկրներում ցնցումներ են

Այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները որոշեցին չեղարկել բենզինի գների սուբսիդավորումը, երկրում բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել: Տասնյակ քաղաքներում ընդվզում է սկսվել, արդեն զոհեր կան: Իրանը ցույցերի կազմակերպման մեջ մեղադրում է ԱՄՆ-ին: Հարեւան Վրաստանում նույնպես անհանգիստ է: Խորհրդարանական մեծամասնությունը չի ընդունել Ընտրական օրենսգրքում փոփոխությունները, չնայած խոստացել էր ապահովել անցումը համամասնական ընտրակարգի: Թբիլիսիում խորհրդարանը նորից պաշարված է, երեկ նիստը տապալվել է, ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել: Այսօր Թբիլիսիի կենտրոնը կրկին վերածվել է վրանային ճամբարի: Աշխարհը ցնցվում է՝ Բոլիվիա, Իրաք, Վենեսուելա, Լիբանան, Իրան, Վրաստան: Ոչ պակաս հետաքրքիր գործընթացներ են Ադրբեջանում: Ընդդիմությունը չի կարողանում անգամ փոքր հանրահավաք կազմակերպել՝ մինչեւ սկսելը ընդդիմադիրներին ձերբակալում են: Ալիեւը վա-բանկ է գնում՝ Ժողովրդական ճակատի կողմնակիցներին դավաճաններ անվանելով ու մեղադրելով Ղարաբաղը հանձնելու մեջ: Իսկ երիտասարդ ընդդիմադիրների նկատմամբ պարզապես փայլուն գործողություն են իրականացրել: Վերջին տարիներին ընդդիմադիր բլոգերներին ու ակտիվիստներին ձերբակալել են, քրեական գործեր կարել, դատել, հետո բաց թողել պայմանով, որ կհեռանան Ադրբեջանից: Նրանցից շատերը ապաստան են գտել Գերմանիայում, որտեղ «քաղաքական փախստականների» մի ամբողջ ցանց են ստեղծել: Ըստ երեւույթին, նրանք ձեռքի հետ շարքային ադրբեջանցիներին «վաճառել են» իրենց երաշխավորագրերը: Վերջերս Ադրբեջանի իշխանությունները ընդդիմադիրներին «հանձնել են» գերմանական արդարադատությանը: Պարզապես փայլուն սխեմա էր՝ ազատվել ընդդիմադիրներից Գերմանիայի հաշվին: Ճիշտ է, ինչպես գրում են սոցցանցերում, Ալիեւը հազիվ թե բավարարվի դրանով: Ադրբեջանում չի կարող հանգիստ լինել, երբ շուրջն ամեն ինչ փոխվում է: Ալիեւն արդեն վա-բանկ է գործում: Հայաստանն այս գործընթացների ֆոնին կայունության կղզյակ է թվում: Առաջին հերթին, որովհետեւ հեղափոխությունն արդեն տեղի է ունեցել, իշխանությունը փոխվել է, եւ երկրորդ՝ այն անարյուն էր: Երեւանը կկարողանա՞ արտաքին ու ներքին խաղացողների հետ հարաբերություններում պահպանել հավասարակշռությունը: Ընդդիմության միավորվելու փորձերը դեռ չեն հաջողվում. Վազգեն Մանուկյանը դադար է վերցրել՝ հայտարարելով, որ քաղաքականություն կվերադառնա գարնանը: Այսինքն, Հայաստանում ձմեռը հանգիստ է լինելու: Հնարավոր է, մինչեւ Ղարաբաղում ընտրությունները: Կամ էլ մինչեւ տարածաշրջանում՝ Իրանում, Վրաստանում, Ադրբեջանում կամ Թուրքիայում ավելի արմատական փոփոխությունները:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
19-11-2019 20:50