Մեկնարկում է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթը

19-11-2019 21:36

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` 2019 թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 14-ը կանցկացնի Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը: Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյակին: Մրցույթն անցկացվում է շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման, ինչպես նաև հայ օպերային արվեստի երախտավորների հիշատակն արժևորելու նպատակով: Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյակին նվիրված մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 31 երգիչ-երգչուհիներ՝ հանրապետության երաժշտական, արվեստի քոլեջների, պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ արտիստներ: Վիճակահանությունը և բացման արարողությունը կկայանան  նոյեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայ 4-րդ հարկի դահլիճում: Մրցույթն անցկացվում է 3 փուլով. 1-ին փուլը՝ նոյեմբերի 22-24-ը, 2-րդ փուլը՝ դեկտեմբերի 2-3-ը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում, 3-րդ փուլը՝ դեկտեմբերի 10-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: Մրցույթի փուլերի սկիզբը՝ ժամը 12:00-ին: Մրցույթի դափնեկիրների եզրափակիչ գալա համերգը և Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյա հոբելյանական հանդիսությունը կկայանա երգչուհու ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մրցույթի հաղթողների համար (կանանց և տղամարդկանց անհատական) սահմանվել են մրցանակներ և արձանիկ-մրցանակը, որը հեղինակել է քանդակագործ Նուռը: Սահմանվել են նաև հատուկ մրցանակներ ստեղծագործական միությունների, մշակութային կազմակերպությունների, անհատների կողմից:

Lragir.am,
19-11-2019 21:36