Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետականության պաշտպանության պայքար է

Մեր զրուակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Խորհրդարանում քննարկվում են «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերը, որոնցով նախատեսվում է խստացնել պայքարը քերական ենթամշակույթի: Ձեր կարծիքով արդյոք այս փոփոխություններն արդիական են, արդյոք քրեական ենթամշակույթի խնդիրը Հայաստանի համար ունի այնպիսի վտանգավորություն, որ կառավարությունը հանդես է եկել նման նախաձեռնությամբ: Կարծում եմ, որ այս նախաձեռնությունները ոչ միայն ժամանակավրեպ չեն, այլ խիստ տեղին են, եթե ոչ ուշացած: Որովհետև քրեական ենթամշակույթը Հայաստանում այնքան խորն արմատներ ունի, որ քաղցկեղի նման տարածվել է պետական ու հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Այդ առումով, քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետության, պետականության պաշտպանության պայքար է և ըստ էության ազգային անվտանգության հարց: Հասկանալու համար քերական ենթամշակույթի արատավորությունն ու վտանգավորությունը, անհրաժեշտ է հիշել, ինչպես այն ձևավորվեց ու զարգացավ մեր իրականության մեջ: Ընդհանրապես, քրեական հեղինակությունները, քրեական բարքերը, գողական մտածողությունը խորհրդային շրջանին հարիր երևույթներ են, որոնք սակայն նոր դրսևորումներ ստացան նորանկախ Հայաստանում: Այդ երևույթները գլուխ բարձրացրեցին նաև անկախության առաջին շրջանում, սակայն արդեն 1990-ականների կեսին Հայաստանի առաջին իշխանության, առավելապես Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի ջանքերի շնորհիվ հաջողվեց արմատախիլ անել դրանք մեր հասարակությունից: Իրավիճակը սակայն արմատապես փոխվեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո: Քոչարյանը, ով իշխանության եկավ պալատական հեղաշրջման միջոցով, ըստ էության զուրկ էր որևէ քաղաքական և սոցիալական հենարանից: Այդ խնդիրը նա լուծեց երկու ուղղություններով՝ քաղաքական հենարան դարձրեց ազգային կուսակցության համարում ունեցող Դաշնակցությանը, իսկ նրա սոցիալական հենարան դարձավ կրիմինալը, որը հետագայում ստանալու էր նաև այլ՝ քաղաքական, ընտրակեղծարարության առաքելություն: Այդ տարիներից ի վեր ազգայինն ու կրիմինալը, ըստ էության, միախառնվեցին և որպես սիմբիոզ դարձան քոչարյանական, ապա սարգսյանական իշխանությունների հիմնական հենարանը: Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին կրիմինալի հիման վրա ստեղծվեց ըստ էության պետությանը զուգահեռ կառույց, այլընտրանքային պետություն: Այդ ժամանակներում բոլոր հարցերը լուծվում էին ոչ թե պետական համակարգերի ու կառուցակարգերի, այլ հենց քրեական համակարգերի շրջանակներում. Տնտեսությունը գործում էր ոչ թե ազատ մրցակցության կանոններով, այլ քրեական համակարգի միջև բաժանված քվոտաներով, տնտեսական և այլ վեճերը լուծվում էին ոչ թե դատարաններում, այլ զոն նայողների, պախանների, փող ստացողների կողմից, ոստիկանությունը ոչ թե պաշտպանում էր քաղաքացիների անվտանգությունը, այլ դարձել էր քրեական աշխարհին սերտաճած կառույց: Արդեն հետագա ընտրական ցիկլերում քրեական աշխարհի վերը նշված գործառույթներին գումարվեց ընտրակեղծարարությունը. իշխանությունը սկսեց վերարտադրվել քրեական աշխարհի շնորհիվ՝ վերջինիս տալով նորանոր արտոնություններ ու ինդուլգենցիաներ: Յուրաքանչյուր ընտրական ցիկլի հետ քրեական աշխարհի այդ դերակատարության պատճառով պետությունը պարտվում էր կրիմինալին, որը, սերտաճելով օլիգարխիայի հետ, գնալով ավելի ու ավելի մեծ վերահսկողություն էր ստանում պետության նկատմամբ: Քրեական աշխարհը զարգանում ու բարգավաճում էր իշխանության պսեվդոազգային գաղափարախոսության պայմաններում՝ դառնալով որոշակիորեն ազգայինի հոմանիշ կամ լրացնող: Եվ օրինաչափորեն քրեական աշխարհի այդ կարգավիճակը հանգեցնելու էր հասարակության մտածողության մեջ քրեական մշակույթի կամ ենթամշակույթի արմատավորմանը: Երիտասարդների համար հերոսներ էին դառնալու ոչ թե պարկեշտ գիտնականն ու ազնիվ գործարարը, այլ գողացողը, թալանողը, հարստահարողը, սպանողը, ընտրակեղծարարը, քանի որ պետությունը զարգացման դռներ էր բացում հենց վերջիններիս առաջ: Դուք նշում եք, որ քրեական աշխարհը նախկին իշխանությունների օրոք ունեցել է խիստ որոշակի քաղաքական դերակատարում մասնավորապես ընտրություններում: Անկախ օրենքի խստացումից, արդյոք այն կրկին չի փորձելու ազդեցության լծակներ ձեռք բերել իշխանության նկատմամբ և չի խառնվելու ընտրական գործընթացներում: Այո, խնդիրն այն է, որ ընտրություններում ստացած կեղծարարության դերակատարմանը զուգահեռ կրիմինալը սերտաճեց ոչ միայն օլիգարխիային, այլ նաև քաղաքականությանը: Մենք կրիմինալին սկսեցինք տեսնել ոչ միայն քվոտավորված տնտեսական հարաբերություններում, այլ արդեն նաև Ազգային Ժողովում, կառավարությունում: Կրիմինալը մեծ հաշվով վերցրեց պետությունը: Քրեական ենթամշակույթն, ի դեպ, ուներ ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին դրսևորումներ: Երկրի ներսում ստանալով ազդեցության մեծ հնարավորություններ, քրեական աշխարհն ինքը դարձել էր ազդեցության գործիք արտաքին ուժերի, առաջին հերթին ու առավելապես Ռուսաստանի ձեռքին: Այդ նույն տարիներին կրիմինալը գրեթե նույնական դերակատարում էր ստանձնել նաև Ռուսաստանում, որտեղ ևս այն վերահսկվում էր ու է իշխանությունների կողմից: Հայ քրեականները ամենատարբեր թելերով կապված լինելով ռուսական քրեական աշխարհի հետ, ըստ էության ենթարկվում էին վերջինիս: Այսինքն Ռուսաստանի իշխանությունը ազդեցության ֆորմալ լծակներին զուգահեռ ի դեմս քրեական աշխարհի ձեռք էր բերել Հայաստանի վրա ազդելու ևս մեկ ֆորմալ գործիք, որը շատ հաճախ ավելի ազդեցիկ էր, քան պաշտոնական գործիքները: Ահա այս բոլոր գործոնների համախմբի պատճառով Հայաստանում քրեական ենթամշակույթը շատ խորն արմատներ ունի և եթե այն վերջնականապես արմատախիլ չարվի, ինչպես դուք նշեցիք, տարբեր եղանակներով, այո, փորձելու է ազդեցության լծակներ ստանալ հանրային կյանքի բոլոր բնագավառներում, այդ թվում քաղաքականության մեջ: Քրեական ենթամշակույթը հասարակության մեջ արմատավորվել է տարիներ, տասնամյակներ շարունակ: Արդյոք հնարավոր է մեկ կամ մի քանի օրենսդրական փոփոխություններով պայքարել դրա դեմ, առավել ևս արմատախիլ անել այն: Իհարկե, միայն օրենքների մեխանիկական ընդունմամբ հնարավոր չէ պայքարել այս արատավոր երևույթի դեմ: Անթույլատրելի է, որ այդ պայքարը կրի հատվածական բնույթ, այն պետք է ուղեկցվի իրավական, քաղաքական, քարոզչական համալիր գործողություններով, որոնք ոչ թե ուղղակի կվերացնեն, այլ արատախիլ կանեն քրեական ենթամշակույթը առաջին հերթին հանրային մտածողությունից՝ ընտանիքից, բակից, դպրոցից, համալսարանից, բանակից: Դրան պետք է հակադրվի օրենքի գերակայության, օրինականության ու օրենքի առջև բոլորի հավասարության մշակույթը: Պետությունը՝ իր բոլոր սահմանադրական և իրավական ինստիտուտներով ու կառուցակարգերով պետք է վերականգնի դոմինանտությունը հանրային կյանքի բոլոր, առանց բացառության բոլոր բնագավառներում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
19-11-2019 21:31