«Ժամանակակից դասականներ»-ի նման փառատոների աշխարհում հազվադեպ կարելի է հանդիպել. Կոնստանդին Իշխանով

19-11-2019 22:28

Երևանում օրերս ամփոփվեց «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական միջազգային փառատոնը: Փառատոնի կազմակերպիչներից էր Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (Մալթա): Մեզ հետ զրույցում հիմնադրամի մասին պատմում է վերջինիս ղեկավար Կոնստանտին Իշխանովը: -Պարոն Իշխանով‚ ինչպե՞ս է ստեղծվել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը: -Ես մշտապես սերտորեն համագործակցել եմ տարբեր կոնսերվատորիաների պրոֆեսորների հետ: Որոշ ժամանակ անց ցանկություն առաջացավ կազմակերպել վարպետության դասեր երիտասարդների համար‚ տալ նրանց հնարավորություն շփվել հայտնի երաժիշտների հետ՝ օգնելով նրանց ձեռք բերել ավագ սերնդի փորձը: Այս ամենի արդյունքում կազմավորվեց հիմնադրամ‚ որն այդ ամենը պետք է կազմակերպեր պրոֆեսիոնալ մակարդակով‚ և ինձ համար դա դարձավ շատ հետաքրքիր ու կարևոր գործունեություն: Մասնավորապես‚ կազմակերպվեց Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը‚ որը շուտով կդառնա տասը տարեկան: Լինելով հայ՝ ես չէի կարող անմասն մնալ աշխարհում հայկական կատարողական և կոմպոզիտորական դպրոցների պրոպագանդման գործում‚ ուստի հիմնադրամի կողմից իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ‚ որոնք առնչվում են Հայաստանի մշակույթի հետ: Դրանք և՜ դասական երաժշտության փառատոներ են‚ որոնք անցկացվում են Հայաստանում‚ և՜ բազմաթիվ հայ հայտնի ու երիտասարդ երաժիշտների՝ Հայկ Կազազյան‚ Նարե Արղամանյան‚ Խաչատրյանի անվան տրիո և այլն‚ համերգային շրջագայություններ աշխարհի տարբեր երկրներում: Իհարկե‚ հիմնադրամն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նկատմամբ: Վերջինս իրեն հիանալի դրսևորեց 2018թ. Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում: Եվ Աստծո կամոք է‚ որ նրանց հետ ավելի ու ավելի շատ ենք համագործակցում: Շատ կարևոր է‚ որ նվագախմբում կան մեծ թվով հիանալի երաժիշտներ: Սերգեյ Սմբատյանի՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի թիմի հետ համագործակցությունն առանձնահատուկ է նաև նրանով‚ որ հաճելի է նրանց հետ գործ ունենալ‚ քանի որ ամեն ինչ արվում է բարձր պրոֆեսիոնալ‚ նույնիսկ կարելի է ասել՝ համաշխարհային մակարդակով: Ահա թե ինչու փառատոների արտիստներն ու հյուրերը‚ որոնք Հայաստան են գալիս‚ վերադառնում են շնորհակալության մեծ զգացումով: -Ովքե՞ր են ձեր հիմնադրամի անդամները: -Բավականին հայտնի երաժիշտներ` ինչպես մալթացի‚ այնպես էլ այլ երկրներից: Եվ երբ մեր փառատոներին կամ համերգներին մասնակցելու համար ընտրում ենք երաժիշտների‚ կատարվում է շատ մանրակրկիտ համատեղ ընտրություն‚ վերահսկողություն երաժշտական բովանդակության տեսակետից՝ որքանով է դա լավ‚ արդիական և հետաքրքիր: -Իսկ ի՞նչ կասեք «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասին: -Միանշանակ շատ հետաքրքիր փառատոն է‚ առավել ևս հաշվի առնելով նրա բացառիկ ձևաչափը: Ժամանակակից երաժշտությունն ընկալման համար փոքր-ինչ դժվար է‚ և հաճախ Եվրոպայում ես տեսնում եմ կիսադատարկ դահլիճներ: Սակայն‚ որպես կանոն‚ հայաստանյան մեր փառատոներին համերգասրահները լեցուն են ունկնդիրներով‚ չնայած որ տարբեր բեմահարթակներում անցկացվում են բավականին շատ համերգներ‚ փառատոներ: Իհարկե‚ հաճելի է տեսնել հանդիսատեսի‚ հատկապես երիտասարդների նման հետաքրքրությունը: Եվ երբ նման պատկերի ես ականատես լինում‚ ցանկանում ես ավելի ու ավելի շատ փառատոներ անցկացնել Հայաստանում: Եվրոպայում տեղի ունեցող ասուլիսներում ինձ շատ հաճախ հարցնում են՝ ինչու՞ եք այդքան շատ բան անում Հայաստանի համար: Իրականում պատճառները շատ են‚ սակայն ես կցանկանայի կանգ առնել կարևորագույնի վրա՝ դա պետության վերաբերմունքն է դասական երաժշտության և ընդհանրապես մշակույթի նկատմամբ: Հայաստանի մշակութային նախագծերին հսկայական աջակցություն է ցուցաբերում ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը: Իսկ դա շատ կարևոր է‚ քանի որ այստեղ անցկացվող միջազգային նախագծերը դիրքավորում են Հայաստանը որպես միջազգային մշակութային հարթակ: Ընդամենը վերջերս փառատոնի կազմակերպիչներն ու մասնակիցները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ‚ ինչն այս համատեքստում նույնպես մատնանշում է այն աջակցությունը‚ որ ՀՀ կառավարությունը հատկացնում է մշակույթին: Զրույցներից մեկում ես նշեցի‚ թե «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը շատ կարևոր է Հայաստանի համար‚ սակայն իտալացի հայտնի թավջութակահար Մարիո Բրունելոն ընդհատեց ինձ ու ավելացրեց՝ այս փառատոնը կարևոր է ոչ միայն Հայաստանի‚ այլև ամբողջ աշխարհի համար: Նման փառատոների աշխարհում շատ հազվադեպ կարելի է հանդիպել: Եվ հատկանշական է‚ որ Հայաստանի նման փոքր երկրում կարող են իրականացվել այսպիսի նախագծեր:

Lragir.am,
19-11-2019 22:28