Զատուլինը մերկացրեց Հայաստանի «ազգայիններին»

19-11-2019 22:49

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Վլադիմիր Պոզների հաղորդաշարին հյուրընկալվելիս խոսել է Արցախի հարցի իր լուծման մասին: Նա առաջարկում է ճանաչել Արցախի անկախությունը, դրա դիմաց հանձնել տարածքները: Զատուլինը այդ հարցում ոչ միայն օրիգինալ չէ, այլ նաեւ առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է իր այդ պատկերացման մասին: Հետաքրքիրն այս դեպքում այն է, որ այդ պատգամավորը վերջին մեկուկես տարվա ընթացքում սերտ շփման մեջ է եղել Հայաստանի նախկին իշխող համակարգի շահերը ներկայացնող ամենատարբեր գործիչների, ընդհուպ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ: Սակայն, հատկանշական է, որ ՌԴ Պետդումայի այդ պատգամավորը մեկուկես տարի հաղորդակցվում, ինտենսիվ շփվում, ուղեկցում, Լազարեւսկի կոմիտե է բացում այն գործնականում բոլոր կարկառուն գործիչների հետ, որոնք արդեն մեկուկես տարի փրփուրը բերանին հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը «հանձնում է Արցախը»: Ընդ որում, առնվազն հրապարակային հայտարարությունների մակարդակում պատկերը բացարձակապես այլ է: Եվ դրա մասին վկայում է նաեւ Զատուլինը: Վկայում, թե գործնականում ինչ քաղաքական ու բարոյական արժեք ունեն «Արցախը հանձնելու» մասին ահազանգերը: Հակառակ պարագայում, Կոնստանտին Զատուլինը պետք է որ այդ շրջանակներում լիներ ոչ թե պատվելի հյուր, այլ «մերժված», համենայն դեպս քաղաքականության եւ քաղաքավարության շրջանակում: Առայժմ այդ շրջանակներից որեւէ մեկը որեւէ դժգոհություն չի հայտնել Կոնստանտին Զատուլինի առնչությամբ: Հետաքրքիր է, կխոսի՞ նրանցից որեւէ մեկն այս դեպքում, կհայտնի՞ որեւէ կարծիք Արցախի հարցի լուծման զատուլինյան մոտեցման կապակցությամբ: Թեեւ, հերթի մեջ իհարկե առաջինը Զատուլինը չէ: Առաջինը, կամ գոնե Զատուլինից առաջ, Կրասնոդարցի պատգամավոր Վինոգրադովն է: Արմավիրի Դումայի այդ պատգամավորը օրերս վանդալիզմի ակտ էր կատարել Արմավիրի հայկական եկեղեու բակում Գարեգին Նժդեհի հուշատախտակի նկատմամբ, ներկելով այն սեւ ներկով: Հայաստանում ազգայինի համար ոտքի ելած ուժերից որեւէ մեկն առայժմ չի համարձակվել որեւէ անդրադարձ կատարել ռուսաստանցի պատգամավորների այդ հայտարարության ու վանդալիզմի առնչությամբ: Նրանց ուժն առայժմ պատում է միայն Արայիկ Հարությունյանի հասցեին աղմկելու համար:

Lragir.am,
19-11-2019 22:49