Կոմիտաս-150․ կայացել է Նաիրյան վոկալ անսամբլի մենահամերգը Կահիրեում

19-11-2019 22:56

Նոյեմբերի 17-ին Մուղդուսյան արվեստի կենտրոնի Նաիրյան վոկալ անսամբլը Կահիրեի (Եգիպտոս) Հայկական Ընթերցասրահի հրավերով ելույթ է ունեցել Պըլըքտանյան հանդիսասրահում՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին: Համերգի ժամանակ հնչել են Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները, ինչպես նաև հայ դասական այլ կոմպոզիտորների մի շարք ստեղծագործություններ: Անսամբլի համերգին ներկա էին Եգիպտահայ թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Աշոտ Եպս. Մնացականյանը, Եգիպտոսի Հայ կաթողիկէ թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Օգոստինոս Եպս. Գուսանը, ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը և շուրջ 300 հոգի մեր հայրենակիցներ, նրանցից ոմանք Ալեքսանդրիայից հատուկ ժամանել էին Կահիրե՝ լսելու Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները, վայելելու հայ ազգային դասական ստեղծագործությունները: Համերգը կազմակերպվել էր Հայկական Ընթերցասրահի ատենապետ Մարտիկ Պալայանի նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայկ Ավագյանի և հայ համայնքի այլ ներկայացուցիչների աջակցությամբ: Համերգի կայացմանն աջակցել է նաև Անրիվա տուր ընկերությունը: Հիշեցնենք, որ Նաիրյան վոկալ անսամբլը ձևավորվել է Մուղդուսյան արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակում և հիմնական նպատակն է ազգային դասական երաժշտության հանրահռչակումը: Խումբը կանացի է, երգում է բազմաձայն, ակապելլա ստեղծագործություններ: 2018 թվականից անսամբլը երգում է՝ երգերը միաժամանակ թարգմանելով նաև ժեստերի լեզվով: Այս պահին այն միակն է ՀՀ-ում և տարածաշրջանում նույնպես, որ երգում է բազմաձայն, ակապելլա ստեղծագործություններ՝ դրանք միաժամանակ թարգմանելով նաև ժեստերի լեզվով Մուղդուսյան արվեստի կենտրոն

Lragir.am,
19-11-2019 22:56