Գիտնականները նոր աշխատությամբ խոսել են Հայոց ցեղասպանության կորուստների և հետևանքների մասին

19-11-2019 23:10

«Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստների և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» կոլեկտիվ մենագրությամբ մի խումբ գիտնականներ փորձել են ուրվագծել, հստակեցնել այն նյութական և հոգևոր վնասը, որը հայերը կրել են Հայոց ցեղասպանության հետևանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում: «Այս աշխատությունում առանձնացրել ենք հայ ժողովրդին հասցված կորուստների և դրանցից  բխող հետևանքների հինգ հիմնական խումբ: Առաջինը հայրենազրկումն է, երկրորդը մարդկային կորուստներն են և մեր հայրենիքում ժողովրդագրական պատկերի իսպառ փոփոխությունը զանգվածային կոտորածների ճանապարհով, երրորդը մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումն է թուրքական իշխանությունների կողմից, չորրորդը նյութական վնասներն են և դրանցից բխող հետևանքները, իսկ հինգերորդն այն հոգեբանական բարդույթներն են, որոնք  առաջացել են այդ ոճրի իրականացումից հետո»,-նշեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը: Նա շեշտեց, որ մասնագետներից յուրաքանչյուրը մատնանշել է նախ հասցված վնասները, կորուստները և որոշակի կառուցակարգեր, մեխանիզմներ, թե ինչի հիման վրա և ինչ մեխանիզմներով ենք մենք պատկերացնում հայ ժողովրդին հասցված հսկայական վնասների հատուցման գործընթացը:

Lragir.am,
19-11-2019 23:10