Այն պայմանները, որոնք մարդկանց խոչընդոտում են, մենք քայլ առ քայլ վերացնում ենք

Lragir.am-ի հարցերին պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը Պարոն Գևորգյան, Ազգային ժողովը քննարկեց 2020 թվականի բյուջեի նախագիծը, ընդդիմախոսները նշում են, որ սա հեղափոխական բյուջե չէ: Ինչո՞ւ են բյուջեում դրված որոշ ցուցանիշները պահպանողական: Վարչապետը մի քանի սկզբունքային կետով ներկայացրեց, թե այս բյուջեի ինչն է հեղափոխական: Իսկ եթե մակրոտնտեսական տեսնակյունից նայենք, Հայաստանում երբեք չի եղել իրավիճակ, երբ, օրինակ, պղնձի գինը նվազում է, բայց մեր արտաքին պահուստներն աճում են, երբ մասնավոր տրանսֆերտները նվազում են, բայց դրան զուգահեռ պետական պարտքը ՀՆԱ-ի մեջ նվազում է: Այսինքն՝ այնպիսի մակրոտնտեսական տրանսֆորմացիաներ են տեղի ունեցել, որոնք, մեղմ ասած, հեղափոխական են: Իհարկե, ազդեցությունը բնակչության վրա այս փուլում այդքան էլ  զգալի չէ, բայց այն մակրոտնտեսական տրանսֆորմացիաները, որոնք կան, հիմք են ստեղծում, որ հետագայում յուրաքաչյուր քաղաքացի կարող է իր վրա զգալ դա: Խոսքն այն մասին չէ, որ աշխատավարձերը բարձրանան, աշխատավարձերը պետությունը կարող է բարձրացնել միայն պետական համկարգերում: Խոսքն այն մասին է, որ բիզնեսի ընդհանուր կոմֆորտի բարձրացումը պետք է բերի մարդկանց եկամուտների ավելացմանը, որն էլ իր հերթին ստեղծում է պայմաններ տնտեսության զարգացման համար: Այսինքն՝ այստեղ մի քիչ կարող է հավի ու ձվի պատմություն լինել, բայց իրականում այդպես է, երկուսն իրար հետ զուգահեռ պետք է գնան: Այդ բոլոր նախադրյալները 2020-ի բյուջեով տեսնելո՞ւ ենք: Այո, միանշանակ: Շատ պարզ օրինակ, մենք ինչո՞ւ ենք այդքան կենտրոնացել ճանապարհների վրա: Նախ, որովհետև զարգանում է զբոսաշրջությունը, որովհետև, երբ ոլորտի մասնագետներին հարցնում են, թե ինչն է մեզ պակասում զբոսաշրջության ոլորտում, ասում են՝ ճանապարհներն ու էժան ավիատոմսերը: Հիմա փաստորեն երկու ուղղությամբ էլ շատ նշանակալի առաջընթաց ունենք: Հաջորդ տարի, որքանով ես եմ նայել, զբասաշրջային ոլորտի բոլոր հայտնի օբյեկտները լավ ճանապարհներ են ունենալու: Այնպիսի կորած ու մոլորված ճանապարհներ են ասֆալտապատվելու ու նորոգվելու, որոնք հենց զբոսաշրջային նշանակություն ունեն: Մյուս կողմից, գյուղատնտեսական ապրանքները սպառման շուկա հասցնելու տեսանկյունից են կարևոր ճանապարհները: Մնացած մասով մարդիկ պետք է աշխատեն: Այն պայմանները, որոնք նրանց խոչընդոտում են, մենք քայլ առ քայլ վերացնում ենք, և չենք կարող ասել, որ այդտեղ շոշափելի արդյունքներ չունենք: Բյուջեի նախագծի հիմքում 4.9 տոկոս տնտեսական աճի կանխատեսում է դրված: Արդյոք այդքա՞ն է մեր տնտեսության ներուժը, եթե ոչ, ինչո՞ւ է կառավարությունը ցածր թվեր նախանշում ի սկզբանե: Տնտեսական աճի կանխատեսումն աչքաչափով չի լինում, որ գրատախտակի վրա գրենք ու կախենք պատից: Այո, աչքաչափով չի լինում, իսկ ո՞ւր մնացին հաշվարկներն ու կանխատեսումները: Դրանք բանաձևեր են, այդ բանաձևերի տակ դրված է այն ամենը, ինչ ռեալ կա: Այսինքն՝ եթե եկող տարի անսպասելի 500 մլն դոլարի մի ներդրում եղավ, միանգամից ՀՆԱ-ն կաճի: Այսինքն՝ մեր իրական ներուժն այս պահին 4.9 տոկոսն է, ճի՞շտ ենք հասկանում: Այն, ինչ այս պահին կա, մենք դրա վրա հաշվարկներն անում ենք, տեղափոխում ենք եկող տարի: Հիմա նույնիսկ կան արդեն ներդրումների բանակցված ծրագրեր, բայց քանի որ դրանց պայմանագրերն ստորագրված չեն, ֆինանսավորումն սկսված չէ, մենք չենք կարող դա ներառել կանխատեսումներում: Եթե ներառվի, շատ լավ է, ավելի բարձր կլինի: Բայց եթե հետաձվեն հաջորդ տարի, կդնենք այդ տարվա բյուջեում: Այնպես որ, 4.9 տոկոսը զուտ հաշվապահություն է: Ես կարող եմ պնդել, որ այն իրավիճակը, որն այսօր կա տնտեսությունում, թույլ է տալիս շատ ավելի բարձր տնտեսական աճ ունենալ, բայց որևէ հաշվարկ դրա տակ հիմա դժվար է անել: Այդ 4.9 տոկոսի մեջ ներառված են այն ծրագրերը, որոնք արդեն սկսված են, ռեալ են: Կառավարության համար կարծես գերխնդիր է դարձել կապիտալ ծախսերի թերակատարման հարցը: Հաջորդ տարի կհաջողվի՞ այս խնդրին լուծում տալ: Դրա համար բազմաթիվ պատճառներ կան: Նախ մենք ներկայացրել ենք ճանապարհների կառուցման պահանջարկ: Բազմաթիվ ճանապարհաշինական ընկերություններ բողոքում են աշխատողների պակասից: Լավ-վատ, բայց այս տարի կարծես հասցրեցին, ձևեր գտան, աշխատանքներն արեցին: Երկրորդ, կան ճանապարհաշինական ընկերություններ, որոնք սովոր են աշխատել նախկին սկզբունքներով ու որակի վրա այդքան էլ ուշադրություն չեն դարձնում: Մենք հատվածներ ունենք, որոնք 4-5 անգամ քանդել ենք տվել, որովհետև որակը մեզ չի բավարարում: Ես կարծում եմ՝ եկող տարի այդ խնդիրները մի քիչ կնահանջեն: Ես ասում եմ՝ մեր ներկայացրած պահանջարկը շատ մեծ է: Մենք նաև ունենք տեղեկություններ, որ դրսում նույն ոլորտում գործունեություն ծավալած հայաստանցիների ընկերություններն արդեն հետաքրքրված են այստեղ իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներով և արդեն սկսել են իրենց տեխնիկան ներկրել Հայաստան: Այդ աշխատանքները շատ որակյալ պետք է լինեն, կառավարությունը ստանդարտները բարձրացնում է արդեն եկող տարվա համար: Այսինքն՝ կառուցվող ճանապարհների որակը պետք է ավելի բարձր լինի հաջորդ տարի: Սա, իհարկե, որոշակի ռիսկեր է ստեղծում ծրագիրն ամբողջությամբ կատարելու տեսանկյունից, բայց ավելի լավ է մի փոքր թերակատարվի, քան անորակ աշխատանք արվի: Ճանապարհների հարցի սրությունը հաջորդ տարի արդեն կտրականապես նվազած կլինի: Դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվարկվա՞ծ է հետագա տարիների համար: Իհարկե, ճանապարհների մուլտիպլիկատիվ էֆեկտը շատ մեծ է: Նախ այդքան աշխատող գումար է ստանում, երկրորդ, այդ ճանապարհներով երթևեկությունը, կլինի տուրիզմի, թե գյուղմթերքի ու այլ բեռների փոխադրման իմաստով, արդեն եկամտաբերության որոշակի լրացուցիիչ տոկոս է ստեղծում:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
19-11-2019 23:54