«Մեր կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն արտաքին ներդրումների մասով՝ երաշխավորելով սեփականության լիարժեք պաշտպանություն». վարչապետ

21-11-2019 21:32

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Միլանում մասնակցել է «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովին: Բիզնես ֆորումը կազմակերպել են Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Իտալիայի առևտրային գործակալությունը, «Assolombarda» և «Mediobanca» ներդրումային ընկերությունները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Գործարար համայնքի հարգարժան անդամներ, պետական պաշտոնյաներ, տիկնայք եւ պարոնայք, ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ և պատիվ ունեմ ելույթով դիմել Իտալիայի գործարար համայնքի հարգարժան ներկայացուցիչներին: Անչափ շնորհակալ եմ այս կարևոր իրադարձությունը կազմակերպելու և Հայաստանի, մեր տնտեսության և հայ-իտալական գործարար կապերի զարգացման հեռանկարների մասին խոսելու այս հնարավորության համար: Հայ-իտալական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն: Այդ հարաբերությունները չէին սահմանափակվում միայն տնտեսական շահերով, քանի որ դրանք զուգորդվում էին գիտական և մշակութային շփումներով, հումանիտար աղերսներով, նորարարությունների և տեխնոլոգիների փոխանակմամբ: Մենք հավատում ենք, որ հայ-իտալական ներկայիս հարաբերությունները տոգորված են գործընկերության և փոխվստահության միևնույն ոգով: Այսօր շոշափելի է մեր երկու երկրների համագործակցությունը տնտեսական, սոցիալական և հումանիտար ոլորտներում: Առևտրատնտեսական համագործակցությունը մեր հարաբերությունների կարևոր բաղադրիչն է: Իտալիան ԵՄ-ի երկրների շարքում Հայաստանի երկրորդ խոշոր առևտրատնտեսական գործընկերն է: Միայն այս տարվա առաջին ինն ամիսներին երկու երկրների միջև առևտուրն աճել է մոտ 14 տոկոսով: Այստեղ հարկ եմ համարում նշել, որ միայն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իտալական Sartex-ը և Ceramisia-ն իրենց արտադրական մասնաճյուղերը բացեցին Հայաստանում: Ընդամենը 15 օր առաջ Telecom Italia Sparcle-ը համատեղ ձեռնարկություն հիմնելու մասին համաձայնագիր ստորագրեց հայկական Ucom ընկերության հետ` ինտերնետ ծառայություններ մատուցելու համար: Հուլիսին մենք սկսեցինք համակցված ցիկլով գազատուրբինային էլեկտրակայանի շինարարությունը: Այս նախագիծն իրականացնում է Renco ընկերությունը՝ շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլար ներդրմամբ: Ներդրումային ծրագրում ներգրավված են նաև իտալական պետական «Սիմեստ» և գերմանական «Սիմենս» ընկերությունները: Renco-ն գործունեություն է ծավալում Հայաստանում 2000-ականների սկզբից և մեծածավալ ներդրումներ է կատարել հյուրանոցներում, լյուքս դասի բազմաբնակարան շենքերում և գրասենյակային նախագծերում: Բացի այդ, 2019 թվականի հունիսին մենք հյուրընկալեցինք հայ-իտալական գործարար համաժողովը, որն օտարերկրյա ներդրողների մասնակցությամբ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում անցկացված առաջին գործարար համաժողովն էր: Հայաստանում այսօր հիմնարար վերափոխումներ են ընթանում, ինչը լայն հեռանկարներ է բացում իտալական և եվրոպական գործընկերների հետ տնտեսական համագործակցության համար: 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո մենք նախաձեռնեցինք բարեփոխումներ` մեր քաղաքական և տնտեսական կառուցակարգերն արդիականացնելու, ժողովրդավարությունն ամրապնդելու, ինչպես նաև տնտեսական աճի և զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով: Այս առումով մենք արդեն հասել ենք նշանակալի նվաճումների: Մեզ հաջողվել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան: Մենք վերացրել ենք օլիգոպոլիաները, որոնք օգտագործում էին իրենց քաղաքական ազդեցությունը տնտեսական արդյունքներ կորզելու համար: Մենք ամրապնդեցինք օրենքի գերակայությունը և ստեղծեցինք հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար: Ներկայում միջոցներ ենք ձեռնարկում մեր դատական համակարգը բարեփոխելու ուղղությամբ, որպեսզի ունենանք իսկապես անկախ և արդյունավետ աշխատող դատարաններ: Այսօր մենք նաև փոխում ենք մեր երկրի տնտեսության կառավարման ձևը: Կարծում եմ, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները և տնտեսական հեղափոխությունը երկարատև ազդեցություն կունենան երկրի տնտեսական զարգացման վրա: Այժմ թույլ տվեք ներկայացնել արդեն իսկ արձանագրված որոշ արդյունքներ: 2018 թվականին մենք գրանցեցինք 5.2 տոկոս տնտեսական աճ և պահպանեցինք գնաճի ցածր մակարդակը: Սրանք շատ դրական արդյունք են հեղափոխական տարվա համար: Դրական դինամիկան այս տարի ևս շարունակվում է: 2019 թվականի առաջին վեց ամիսներին մենք ունեցել ենք  ՀՆԱ-ի 6,5 տոկոս և արտահանման 9 տոկոս աճ: Վերջերս Moody’s-ը բարելավեց Հայաստանի վարկանիշը՝ դարձնելով այն Ba3: 2019 թվականի սեպտեմբերին մենք թողարկեցինք 500 միլիոն դոլար արժողությամբ եվրապարտատոմսեր՝ տասը տարի մարման ժամկետով, իսկ արժեկտրոնային փոխարժեքով՝ 3.9 տոկոս: Հայկական եվրապարտատոմսերի իրական պահանջարկը չորս անգամ ավելի մեծ էր, քան առաջարկը: Ըստ իս, դա վկայում է մեր տնտեսական քաղաքականության և շարունակվող կառուցվածքային բարեփոխումների նկատմամբ օտարերկրյա ներդրողների աճող վստահության մասին: Արդյունքները խոստումնալից են: Այսուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան: Հարգելի գործընկերներ, եթե ինձ հարցնեք, թե ինչու պետք է ներդրումներ կատարել Հայաստանում, իմ պատասխանը կլինի այն, որ փոքրիկ, բայց գլոբալ ցանցերով օժտված և տաղանդավոր ժողովուրդ ունեցող երկրում ներդրումներ կատարելը հեռանկարային ձեռնարկ է: Մենք նպատակ ունենք ներդնել տեխնոլոգիական կրթություն, զարգացնել «նուրբ հմտություններ» և օգնել ուսանողներին հասկանալ իրենց կարողությունները՝ միջնակարգ, արհեստագործական և բարձրագույն կրթության ոլորտում ներդրումներ կատարելու միջոցով: Հայաստանը հիանալի հնարավորություններ է ընձեռում բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, և մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումներ կատարելու համար: Հայաստանը կարող է դառնալ ավելի լայն տարածաշրջանային ինտերնետ կապի հանգույց: Անցյալ ամիս մենք հյուրընկալեցինք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը` աշխարհի ամենամեծ և ամենահեղինակավոր ՏՀՏ միջոցառումներից մեկը: Օտարերկրյա ներդրումների համար գրավիչ կարող են լինել նաև բանկային գործը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, զանազան ապրանքների արտադրությունը, վերականգնվող էներգիան և տեքստիլ արդյունաբերությունը: Հատկապես ուրախ եմ տեղեկացնել ձեզ, որ վերջերս Հայաստանը ներառվեց Booking.com-ի 2020 թվականի 10 ամենասիրված տուրիստական ուղղությունների ցանկում: Բացի այդ, 2019 թվականին Հայաստանը 5 կետով բարելավեց իր դիրքերը Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից ներկայացված Զբոսաշրջության մրցունակության ինդեքսում: Ի դեպ, 2019 թվականի առաջին տասն ամիսների արդյունքներով տուրիզմի ոլորտում մենք արդեն ունենք 14 տոկոս աճ: 2020 թվականի հունվարից Ryanair-ը ուղիղ թռիչքներ կիրականացնի Միլանից և Հռոմից դեպի Երևան: Մեր կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն արտաքին ներդրումների մասով՝ երաշխավորելով սեփականության լիարժեք պաշտպանություն: Օտարերկրյա ներդրողները երկրի ներսում կարող են անսահմանափակ մուտք ունենալ ցանկացած ոլորտ և աշխարհագրական վայր՝ անձնակազմի հավաքագրման, շահույթի ազատ և անսահմանափակ օտարման, շուկայական փոխարժեքով տարադրամի անսահմանափակ փոխանակման և ազգայնացման բացառման երաշխիքներով հանդերձ: Օտարերկրյա ներդրողներին պաշտպանող հնգամյա դրույթը ևս, որը նրանց անձեռնմխելի է դարձնում օրենսդրական փոփոխությունների նկատմամբ, հանդիսանում է մեր արտաքին ներդրումների շրջանակի մաս: Ի դեպ, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք դրական փոփոխություններ կատարեցինք Հարկային օրենսգրքում՝ նվազեցնելով եկամտահարկն ու շահութահարկը: Մենք սահմանեցինք 23 տոկոս համահարթ եկամտահարկ և այժմ պատրաստվում ենք շարունակել այս գործընթացը` համահարթ եկամտահարկն իջեցնելով մինչև 20 տոկոս: Շահութահարկը նույնպես իջեցվել է մինչև 18 տոկոս: Միջազգային տնտեսական հարաբերությունների առումով, Հայաստանը ներդրումների խթանման և պաշտպանության վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր ունի 43 երկրների հետ, ներառյալ Իտալիան: Հայաստանը ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնի անդամ է: Մենք ունենք պայմանագրեր 46 երկրների հետ կրկնակի հարկումը բացառելու և հարկերից խուսափելու կանխարգելման վերաբերյալ: Սա նշանակում է, որ պայմանավորվող կողմերի ներդրողներին տրվում են մի շարք երաշխիքներ, մասնավորապես՝ ազգային վերաբերմունք, ունեցվածքի բռնազավթումից պաշտպանություն, միջոցների անվճար փոխանցում, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն և անվտանգություն: Համաշխարհային բանկի տվյալներով՝ գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցնում է 47-րդ տեղը: Գործ սկսելու դյուրինության ցանկում Հայաստանը 10-րդն է, իսկ գույք գրանցելու առումով աշխարհում 13-րդն է: Տնտեսական ազատության ինդեքսով Հայաստանն աշխարհում 47-րդն է Ես խոստանում և երաշխավորում եմ որպես ՀՀ վարչապետ, որ բոլոր այդ ուղղություններով Հայաստանը կշարունակի կատարելագործել իր կատարողականը: Սիրելի բարեկամներ, ոմանք գուցե պնդեն, թե Հայաստանը փոքր շուկա ունի, բայց ես ցանկանում եմ վիճարկել այդ տեսակետը: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որն ունի ավելի քան 180 միլիոն սպառող: Եվրասիական տնտեսական միությունը ազատ առևտրի մասին համաձայնագրեր ունի Սինգապուրի, Վիետնամի և Սերբիայի հետ: Նմանատիպ համաձայնագրերի շուրջ բանակցութուններ ենք վարում Հնդկաստանի, Իսրայելի և Եգիպտոսի հետ: Անցած տարի ստորագրվել է նաև Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև առևտրի և ներդրումների խթանմանն ուղղված տնտեսական համագործակցության համաձայնագիր: Հայաստանյան արտադրողներն օգտվում են Եվրամիության GSP+ արտոնյալ ռեժիմից, ինչպես նաև GSP ռեժիմից՝ ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հետ առևտրում: Հայաստանը նաև խորացնում է համագործակցությունը Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով: Սիրելի բարեկամներ, համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել բոլորի համար հավասար հնարավորությունների երկիր՝ խթանելով գործարարությունն ու նորաստեղծ ձեռնարկությունները, որպեսզի մեր երկիրը դառնա ներդրումների համար գրավիչ հանգրվան: Այսօր իմ կոչն ու ուղերձն է՝ միավորել ջանքերը հանուն նոր Հայաստանի կառուցման, համախմբել մեր ուժերը` Հայաստանն առավել մրցունակ և գրավիչ դարձնելու նպատակով: Շնորհակալություն ուշադրության համար»: Հայ-իտալական գործարար համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդես է եկել «Ինչո՞ւ ընտրել Հայաստանը» թեմայով ամփոփ զեկույցով, որի շրջանակում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի տնտեսության ճյուղերի՝ գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, քաղաքային տրանսպորտի, ենթակառուցվածքների և տեղեկատվական տեխնոլոգիաների, թափոնների կառավարման ոլորտում ներդրումային հնարավորությունների, ֆինանսական շուկայի վերաբերյալ: Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը մասնակցել է հայ-իտալական համաժողովի շրջանակում հարցուպատասխանի ձևաչափով քննարկմանը, որի ընթացքում պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տեխնոլոգիաների զարգացման, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքներին, ներկայացրել մեր երկրում գինեգործության, մրգային օղիների և գինիների արտադրության ծրագրերը, բարեփոխումների օրակարգը և դրա իրականացման հնարավորություններ, խոսել Հայաստան-Եվրոպական միության համագործակցության օրակարգի, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նշանակության և Եվրասիական տնտեսական միությունում նախագահության, ԵԱՏՄ շրջանակում առկա հնարավորությունների, ԵԱՏՄ-ԵՄ միջև Հայաստանի՝ կապող հարթակ հանդիսանալու պատրաստակամության մասին: Անդրադառնալով Հայաստանում ՏՏ ճյուղի զարգացման մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տնտեսության այս ճյուղը դինամիկ զարգանում է, ոլորտում առկա է մեծ ներուժ, և ելնելով այդ իրողությունից՝ Հայաստանի կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում կրթության ոլորտում և նպատակադրել է խթանել  տեխնոլոգիական կրթությունը, բիզնես կրթությունը: *** «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» հայ-իտալական գործարար համաժողովին մասնակիցների թիվը հասնում էր 150-ի: Մասնակցում էին Իտալիայի գործարար համայնքի իտալացի և հայ ներկայացուցիչներ, Միլանի հայկական համայնքի ներկայացուցիչներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Lragir.am,
21-11-2019 21:32