ԱՄՆ-ն իր հովանավորությունը հայտնեց Հայաստանին։ Դա ռուսները չեն կարող անտեսել

Մեր զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը  Պարոն Շիրինյան, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ռուս լրագրողներից մեկը հարց ուղղեց Գարեգին Նժդեհի մասին: Ինչո՞ւ է օրակարգում այս թեման: Զավեշտ է, երբ լրագրողն ասում է՝ եկեք հանձնաժողով ստեղծենք, հերոսին գնահատենք: Ամբողջ աշխարհն ասում է՝ դուք Ստալինին մեծարում եք, Լենինը գերմանական լրտես է: Դե եկեք հանձնաժողով ստեղծենք, որոշենք, թե ինչու եք նրան մեծարում: Երկրորդ, մեր հարկադրված փոփոխվող իրականության մեջ տարբերակ չունեն ռեվերանսներ չանել Հայաստանի հանդեպ, բայց սրտներին չի նստում այն հանգամանքը, որ Հայաստանն անկախության ամրապնդման քաղաքականություն է վարում: Որքան էլ հայկական կողմը նրանց ասի, որ դա իրենց դեմ չի ուղղված, իրենց համար Հայաստանի անկախությունը մահացու է: Դրա համար երկշերտ են աշխատում: Լավրովը եկավ, հաճոյացավ մեզ, Քոչարյանին փուռը տվեց, ասաց՝ ինչ կուզեք, արեք, ձեր հանցագործը՝ դուք: Միաժամանակ տակից շարասյուն են շարժում և տարբեր կսմթոցներ են անում:  Նրանք իրական քաղաքականությունը զուգորդում են շողոքորթության հետ: Ռուսների այս մոտեցումը սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն իր հովանավորությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայաստանին: Դա ռուսները չեն կարող անտեսել, դրա համար սրտխառնոց է սկսվել: Գյումրիում լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները շոկի մեջ էին, հայտարարություն էին տարածել, որ ռուսների քմահաճույքի պատճառով վտանգված է մեր ազգային անվտանգությունը: Այս առումով ի՞նչ պետք է անի ՀՀ իշխանությունը: Պետք է ազգայնացվի այդ ընկերությունը: Եթե ոչ, հատուկ հանձնաժողով պետք է ստեղծվի, և պայմանագրերը պետք է ստուգվեն: Առհասարակ, Ռուսաստանի հետ կապված բոլոր պայմանագրերը պետք է ստուգվեն: Մեր ստորաքարշ նախագահները նրանց տվել են այնպիսի պայմաններ, որ անգամ չեն էլ հասկացել: Հավանաբար, իրենց փողը տվել են, ինչ ուզել գրել են: Այդ օբյեկտների էժանությունն ինչի՞ց է կախված, պարզ է, որ մնացած փողը գրպաններն են դրել: Մյուս կողմից, դարձել են ռուսական ընկերությունների տնօրենների խորհրդի անդամներ, դրանք էդ ի՞նչ խելք ունեն, որ նման պաշտոն են ստանում: Կաշառք է չէ՞ դա: Երկիրը տվեք, կտանք դա, բա 5-րդ շարասյունը ո՞նց է լինում: Նրանք գործել են պետության շահի դեմ, հիմա էլ նեյնիմ են անում, թե ինչի՞ եք դատում: Դատելը քիչ է իրենց: Ռուսական քաղաքականության իմաստով շատ հասկանալի է: Հիմա պետք է ազգայնացնել այդ ընկերությունները: Գազը տվել են ռուսներին, երկաթուղին տվել են ռուսներին և այլն: Պետք չի վախենալ ռուսներից, ոչինչ էլ չեն կարող անել: Ընդամենը կարող են «Վերնատուն» ակումբն օգտագործել, մխտռել անգամ այդ անունը: Միաժամանակ, հայտարարվում է ռուսական ռազմաբազայի ներուժի կրկնապատկման մասին: Քաղաքականությունը բազմաֆունկցիոնալ է: Հիմա բազան մեկ միավորի հզորություն ունի, թե երկու, ի՞նչ տարբերություն: Միաժամանակ, դա պաշտպանական ֆունկցիա ունի Թուրքիայի դեմ մեզ համար: Հիմա կարևոր է հասկանալ, թե ինչպես են վերահսկում ռուսները, պայմանագրերն ինչ տեսք ունեն: Ռուսական բազան ուժեղացվել է, որովհետև տեսնում են, որ Թուրքիան անկանխատեսելի ներխուժումներ է անում: Այնպես որ, մեր անկախության կուրսը պետք է անընդհատ լավացնել՝ բացատրելով իրենց, որ դուք մեզ հետ կարող եք միայն գործընկեր լինել, մենք եվրասիացի չենք: Միաժամանակ Հայաստանը պետք է արդյունաբերություն ստեղծի, ամրացնի իր տնտեսական հիմքերը: Տեսեք, Իսրայելը կախում ունի ԱՄՆ-ից, բայց միաժամանակ այնպիսի հզորություն ունի, որ անգամ ԱՄՆ-ը չի կարող դա անտեսել: Իսրայելը անգամ էլեկտրոնիկան փոխում է, որ հանկարծ իրենց զինտեխնիկան ամերիկացիները չկարողանան կառավարել, իսկ Հայաստանն այդպիսի բան անո՞ւմ է: Անկախության ամրապնդման ընթացքը պետք է լինի ամեն հարցում: Նախկինները ռուսներին սովորեցրել են, որ մենք պետք է ենթակա լինենք, ու հիմա ռուսները զարմանում են, ասում են՝ էս ի՞նչ է պատահել: Դրա համար այդ 5-րդ շարասյունը պետք է պատժվի: Իսկ ինչպե՞ս եք գնահատում Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբը: Նրանց ընդամենն օգտագործում են, առանձնապես պետք չի նրանց անդրադառնալ: Մեր խնդիրը սեփական հումքի վրա արդյունաբերության ստեղծումն է և գողապետության պարագլուխներին պատժելը: Բոլորին պետք է դատարանի գիլյոտինի առաջ կանգնեցնել, իսկ ազգային հարստությունները, որ ապօրինի գրպանել են, պետք է ձեռքներից վերցվի: Ազգայնացրեք հումքը: Թե չէ ստացվում է, որ իրենց բանկերին ձեռք չեն տալիս, միաժամանակ իրենց դատում են: Այստեղ տրամաբանություն կա՞: Մեկ գիշերում կարելի է նրանց կուլակաթափ անել, որովհետև նրանք ոչ մեկն աշխատավարձով չէին կարող այդքան հարստանալ: Եթե ոչ, սրանք Հայաստանը կծախեն այնպես, ինչպես 1920-ին հայ բոլշևիկները, ոչ մի կասկած չունենաք: Եթե նրանց պատժեն, ժողովուրդը չի պառակտվի: Այսօր ժողովուրդը խիստ դժգոհ է վարչապետից, որ նա չի անում այն, ինչ ասում է: Եթե անի այն, ինչ ասել է, ժողովուրդը կկանգնի իր թիկունքին, ոչ մի վախենալու բան չկա: Իշխանությունը պետք է հասկանա, որ իր ուժը ժողովրդի աջակցության վրա է, իսկ եթե այսպես շարունակվի, կես տարի հետո ոչ մի աջակցություն էլ չեն ունենա: Էդ ժամանակ ի՞նչ են անելու:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
21-11-2019 22:36