Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Իտալիայի Սենատի նախագահի հանդիպումը

21-11-2019 23:31

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն: Հայաստանի վարչապետը Միլանում նախատեսված հանդիպումներից և միջոցառումներից հետո այսօր ժամանել է Հռոմ. Իտալիայի մայրաքաղաքում Հայաստանի վարչապետի առաջին հանդիպումն Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ էր: Իտալիայի Սենատի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Իտալիա, որը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Նա նշել է, որ Իտալիան հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին, որոնք կարևոր նշանակություն ունեն ժողովրդավարության զարգացման համար և պատրաստ է աջակցել մեր երկրին այդ բարեփոխումները հաջողելու գործընթացին, փոխանակվել փորձով: Մարիա Էլիզաբետա Կազելատիի խոսքով՝ դա կնպաստի Հայաստանի և Իտալիայի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում արդյունավետ երկխոսության շարունակմանը: Նա նշել է, որ Իտալիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և փաստաթուղթն այժմ ներկայացված է Պատգամավորների պալատի ուշադրությանը: Իտալիայի Սենատի նախագահը նաև գոհունակությամբ է խոսել Հայաստան-Իտալիա առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկայի, մասնավորապես, վերջին շրջանում արտահանման՝ մոտ 30 տոկոսով աճի մասին և նշել, որ Իտալիան հետաքրքրված է Հայաստանի հետ առևտրի, ենթակառուցվածքների, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացմամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել այցի համար և արձանագրել Հայաստան-Իտալիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչն էլ իր հետևից բերում է տնտեսական հարաբերությունների զարգացում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի երկկողմ առևտրի ոլորտում բավական բարձր աճ է արձանագրվել, Հայաստանի տնտեսությունում ավելացել են իտալական կապիտալով ներդրումները և հույս հայտնել, որ իր այցի արդյունքում այդ գործընթացն ավելի կակտիվանա: Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը գտնվում է լրջագույն փոփոխությունների շրջանում, երկիրն առաջ է շարժվում ժողովրդավարացման ճանապարհով, կոռուպցիայի դեմ իրական պայքար է մղվում, ինչն էլ բերում է տնտեսական իրավիճակի փոփոխության: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ բարեփոխումների օրակարգում ԵՄ-ն ՀՀ-ի հիմնական գործընկերն է և երախտագիտություն հայտնել Իտալիայի Սենատին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու և Պատգամավորների պալատին հանձնելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանն առանձնակի վերաբերմունք ունի Իտալիայի Պատգամավորների պալատի նկատմամբ՝ 2019թ. ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնությունն ընդունելու համար: Հայաստանի վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին և նշել, որ Հայաստանը հարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով: Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ Իտալիան ողջունում է երկխոսության ճանապարհով հակամարտության կարգավորումը և խաղաղությանը միտված ջանքերը:

Lragir.am,
21-11-2019 23:31