Բարեգործական համերգ կանցկացվի հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ

21-11-2019 23:44

Հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ դեկտեմբերի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվի բարեգործական համերգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ելույթ կունենան  ինչպես  արդեն  ճանաչված երգիչներ Վարդան Բադալյանը, Սոնա Շահգելդյանը, Արփին, Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը, Մասիս Հունանյանը, Գոշը, Լիդուշիկը, Սոֆի Մխեյանը, Մոնիկա Նազարյանը , այնպես էլ  բազմակի մրցույթներում հաղթած պատանի երգիչներ Սաթին, Արմանը,  Ռուզաննան, Սյուզին,  պարային համույթ «Էնջլը»:  Համերգը կվարի Ժակը (Հակոբ Պապիկյան): Արդեն 16 տարի գործող «Լուսինե» կանանց հասարակական կազմակերպությունը  նպաստում է   միայնակ, հաշմանդամ երեխաներ ունեցող, բազմազավակ կանանց սոցիալական կայունությանը,  պաշտպանվածությանը,  երեխաների կրթական մակարդակի բարելավմանը,  երեխաների կարողությունների  զարգացմանը, ընտանիքների ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Կազմակերպության համար կարևոր ավանդույթ է արդեն 12 տարի հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպության հաշմանդամ, ծնողազուրկ, բազմազավակ  ընտանիքների երեխաների համար  Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպել  բարեգործական ինքնատիպ  համերգ հայ  շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, ուր  երեխաները առիթ ունեն  լսելու իրենց   սիրելի   երգիչ-երգչուհիներին  ոչ թե հեռուստացույցի էկրաններից, այլ կենդանի կատարմամբ: Կազմակերպության այս տարվա  համերգը բացի երեխաներին ուրախ տրամադրություն պարգևելուց  նպատակ ունի  իրականացնել  հաշմանդամ երեխաների համար կյանքի հմտությունների զարգացման ծրագրեր:

Lragir.am,
21-11-2019 23:44