Պուտինը կկնքի Մեհրիբան Ալիեւային

22-11-2019 08:56

Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է տեղեկություն, որ ՌԴ նախագահ Պուտինը կընդունի Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային: Ալիեւան այցով գտնվում է Ռուսաստանում: Ադրբեջանում վերջին շրջանում տեղի ունեցող իրողությունների, Ալիեւի ակնառու դրսեւորվող ներքին ու արտաքին, ընդհուպ Նախիջեւանի կորստի վախերի ֆոնին Մեհրիբան Ալիեւայի ու Պուտինի հանդիպումը դառնում է առավել հատկանշական: Այն, որ Մեհրիբան Ալիեւային առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելով Ալիեւը պատրաստում է իր համար այսպես ասած նահանջի պահեստային ճանապարհ, դիտարկել եմ դեռեւս տարիներ առաջ, երբ Ալիեւը փոխեց Սահմանադրությունն ու ընձեռելով իրեն ցմահ իշխանության հնարավորություն, մյուս կողմից իշխանության ամենավերին դիրք տանող աստիճան տվեց Մեհրիբան Ալիեւային՝ առաջին փոխնախագահի կարգավիճակ: 2016 թվականից հետո Ալիեւը հայտնվեց փակուղում՝ ռազմական դիվանագիտուիթյան տապալումից հետո: 2018 թվականին հայկական թավշյա հեղափոխությամբ նա ստացավ նոր հարված, աստիճանաբար հայտնվելով արդեն քաղաքական փակուղու առաջ: Նա դարձել է իր իսկ սկսած ատելության քաղաքականության գերին, որով ձեւավորելով մի ամբողջ հայատյաց սերունդ, հերոսացնելով գիշերային մարդասպաններին, ինքզիքը զրկել է քաղաքական մանեւրի հնարավորությունից եւ անկարող է անգամ արտաբերել շատ պարզ մի բան՝ ինչի մասին խոսում է Փաշինյանը, կարգավորման երեք ժողովուրդների համար ընդունելի լինելու առնչությամբ: Բոլորն են հասանում, որ չկա այդպիսի իրական կարգավորում, սակայն ամբողջ հարցն այն է, որ այդպիսով աստիճանաբար Ալիեւի վրա է ընկնում «կարգավորման բացակայության» պատասխանատվությունը: Այդ պարագայում Ալիեւին այլ բան չի մնում, քան իրապես մտածել իրավիճակի մի շրջադարձի մասին, որը մի կողմից կհանի անձնական պատասխանատվության բեռը, մյուս կողմից թույլ կտա Բաքվին շատ թե քիչ դուրս գալ փակուղուց: Պուտինի հետ հանդիպմանն ըստ աենայնի տեղի է ունենալու Մեհրիբան Ալիեւայի առաջին քաղաքական քննությունը: Կնունք կլինի, թե ոչ, դժվար է ասել: Չի բացառվում, որ ՌԴ նախագահը կփորձի ձգել այդ հարցը, ձգտելով Իլհամ Ալիեւից քաղել առավելագույնը՝ կինը չի փախչի ոչ մի տեղ:

Lragir.am,
22-11-2019 08:56