Հռոմում կայացել են Հայաստանի և Իտալիայի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները

22-11-2019 19:31

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հռոմում բարձր մակարդակի բանակցություններ է ունեցել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ: Հայաստանի և Իտալիայի վարչապետների հանդիպումը կայացել է Հռոմի Կիջի պալատում՝ Իտալիայի վարչապետի պաշտոնական նստավայրում: Տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն. Իտալիայի վարչապետը դիմավորել է Հայաստանի վարչապետին, Պատվո պահակախմբի ղեկավարի ողջույնից հետո հնչել են Հայաստանի և Իտալիայի Հանրապետությունների օրհներգերը, տեղի է ունեցել ստուգայց, երկու երկրների վարչապետները փոխադարձաբար ներկայացրել են պաշտոնական պատվիրակությունների անդամներին: Հաջորդիվ կայացել է Հայաստանի և Իտալիայի վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Ջուզեպպե Կոնտեն քննարկել են հայ-իտալական հարաբերությունների ընթացքը և զարգացման հեռանկարները: Առանձնազրույցին հաջորդած լայն կազմով բանակցություններին Հայաստանի և Իտալիայի վարչապետներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի: Իտալիայի վարչապետն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական օրակարգին՝ ընդգծելով, որ օրենքի գերակայության, արդարադատության բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում Իտալիան պատրաստ է հնարավորինս սերտ համագործակցել Հայաստանի հետ և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն: Շնորհակալություն հայտնելով նման պատրաստակամության և Իտալիայի արդեն իսկ շոշափելի մասնակցության համար հատկապես Հակակոռուպցիոն հանձնաժողովի ձևավորման հարցում՝ Հայաստանի վարչապետը նաև ընդգծել է իտալական ընկերությունների ակտիվ մասնակցությունը տնտեսական գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ նման նախաձեռնությունները շարունակական են լինելու, և Հայաստանի կառավարությունը մտադիր է ամեն կերպ նպաստել ներդրումային ծրագրերի իրականացմանը: Հայաստանի վարչապետը գոհունակություն է հայտնել վիզաների ազատականացման ուղղությամբ ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցում Իտալիայի դիրքորոշման կապակցությամբ՝ ներկայացնելով Հայաստանում բարելավվող միգրացիոն պատկերը: Նիկոլ Փաշինյանը և Ջուզեպպե Կոնտեն գոհունակություն են հայտնել նաև հայ-իտալական մշակութային և կրթական համագործակցության կապակցությամբ, արձանագրել երկու երկրների համալսարանների միջև փոխանակման ծրագրերի արդյունավետությունը: Մշակութային կապերի սերտացման համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է հնագիտության ոլորտում Իտալիայի հետ հարուստ փորձի փոխանակումը: Հայաստանի և Իտալիայի կառավարությունների ղեկավարները ծավալուն քննարկում են ունեցել միջազգային անվտանգության արդի հարցերի, Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կողմից այնտեղ իրականացվող մարդասիրական առաքելությունը: Կողմերը համադրել են իրենց դիրքորոշումները Սիրիայում կայունության վերականգնման հարցում: Հայաստանի և Իտալիայի վարչապետներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության այլ հարցերի ևս, մտքեր փոխանակել ԵՄ-Իրան, Հայաստան-Իրան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Երկու երկրների վարչապետները կարևորել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում համագործակցությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին հրավիրել է պաշտոնական այց կատարելու Հայաստան:

Lragir.am,
22-11-2019 19:31