«Իտալիայի վարչապետի հետ ունեցանք բովանդակալից և արդյունավետ բանակցություններ». վարչապետ

22-11-2019 19:45

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ: Հանդիպումից հետո Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև ստորագրվել են երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր՝ «Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին 1959 թվականի ապրիլի 20-ի  եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջև քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին» Փոխըմբռնման հուշագիրը փոփոխող արձանագրությունը: Երկու երկրների վարչապետների ներկայությամբ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալ Մանլիո դի Ստեֆանոն փոխանակվել են փաստաթղթերով: Հաջորդիվ երկու երկրների վարչապետները հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության մեջ նշել է. «Մեծարգո վարչապետ Կոնտե, զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, տիկնայք և պարոնայք, ուրախ եմ առաջին անգամ պաշտոնական այցով գտնվել Իտալիայում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ պարոն Ջուզեպպե Կոնտեին՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Վարչապետ Կոնտեի հետ քիչ առաջ ունեցանք բովանդակալից  և արդյունավետ բանակցություններ, որոնք ևս մեկ անգամ փաստեցին հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց զարգացումը խթանելու փոխադարձ պատրաստակամությունը: Հայաստանը բարձր է գնահատում Պատգամավորների պալատի կողմից այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումը: Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին՝ իր ներդրումը բերելով ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման գործին: Մեր բանակցություններում զգալի չափաբաժին հատկացրեցինք առևտրատնտեսական հարաբերություններին: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի այս բնագավառում շոշափելի դինամիկա է արձանագրվել: Արձանագրեցի, որ այս պահի դրությամբ Իտալիան մեր երկրորդ առևտրատնտեսական գործընկերն է Եվրամիությունում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ հայ-իտալական  առևտրատնտեսական հարաբերությունները նոր բովանդակությամբ հագեցնելու համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը և ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը պարարտ հող են ստեղծում ներդրումների ներգրավման համար: Գործընկերոջս տեղեկացրեցի երեկ Իտալիայի ֆինանսական և արդյունաբերական կենտրոնում՝ Միլանում անցկացված հայ-իտալական բիզնես ֆորումի մասին: Երկուստեք բարձր գնահատեցինք հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը և վստահություն հայտնեցինք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում հանձնաժողովի 2-րդ նիստն անցկացնել Երևանում: Անդրադարձանք զբոսաշրջության զարգացման հնարավորություններին: Կարևորեցինք 2020 թ. հունվարից «Ryanair» ավիաընկերության կողմից Հռոմ-Երևան և Միլան-Երևան ուղիղ չվերթների իրականացումը, որը մեծապես կնպաստի զբոսաշրջության և գործարար կապերի ակտիվացմանը: Ընդգծեցինք նաև միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը: Մենք ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, որն ավելի հաղորդակից կդարձնի մեզ իտալական մշակույթը, պատմությունը և մտածողությունը մեր ժողովրդի շրջանում տարածելու հարցում: Բարձր գնահատեցի Իտալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման, այդ թվում՝ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու գործընթացում: Գործընկերոջս ներկայացրեցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:  Այս առումով արժևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշումների ու մոտեցումների պահպանման կարևորությունը: Անդրադարձանք Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո իրականացվող Հայաստանի խաղաղապահ առաքելությանը, ինչը մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության կարևոր օրինակ է: Մտքեր փոխանակեցինք սիրիական ճգնաժամի շուրջ, մտահոգություն հայտնեցինք Թուրքիայի զինված ուժերի կողմից երկրի հյուսիս-արևելյան շրջաններ ներխուժելու վերաբերյալ: Համոզված եմ, որ այսօրվա մեր արդյունավետ հանդիպումը նոր լիցք կհաղորդի մեր երկրների համագործակցությանը, և մեր օրակարգը կհամալրվի բազմաբովանդակ նախաձեռնություններով: Կարող եմ արձանագրել, որ այսօրվա հանդիպման արդյունքնեորվ մեր երկրների միջև առկա բավական դրական մթնոլորտը կդառնա շատ ավելի դրական, և կարծում եմ՝ մեր հանդիպումը մեծացրեց այն լավատեսական լիցքը, որն առկա է մեր երկրների միջև հարաբերությունների առումով: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Կոնտեին ջերմ ընդունելության և բարեկամական մթնոլորտի համար: Շնորհակալություն»: Վարչապետի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն ավարտվել է: Նիկոլ Փաշինյանն այսօր կվերադառնա Հայաստան:

Lragir.am,
22-11-2019 19:45