Նախագահ Սարգսյանն Ուկրաինայի վարչապետի հետ քննարկել է հայ-ուկրաինական օրակարգին վերաբերող հարցեր

22-11-2019 20:00

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկի հետ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Հայաստանի նախագահը և Ուկրաինայի վարչապետը քննարկել են հայ-ուկրաինական օրակարգին վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների հարաբերություններում գործնական քայլերի ժամանակն է՝ նշելով, որ համագործակցության ներկա մակարդակը բավարար չէ, և հնարավորությունները շատ ավելին են: Համաձայնելով Հայաստանի նախագահի հետ՝ Ուկրաինայի վարչապետը նշել է, որ երկու երկրներն ունեն շատ ընդհանրություններ, սերտ կապեր և չիրացված մեծ ներուժ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես, արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման, ինչպես նաև գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացման հնարավորությունների շուրջ:

Lragir.am,
22-11-2019 20:00