Մանկության ու պատերազմի մասին

23-11-2019 17:47

Այս պատմությունները ստեղծվել են «Երիտասարդների դերը խաղաղարարության մեջ․ վերաիմաստավորելով խաղաղությունը սերունդների միջև երկխոսության միջոցով» ծրագրին մասնակցած երիտասարդների կողմից, ովքեր շրջել են Ղարաբաղի տարբեր բնակավայրերում և զրուցել պատերազմը վերապրած մարդկանց հետ: Պատմությունները նրանց լսածի և սեփական փորձի համադրության արդյունքն են: «Արմատները» սովորական սրճարան չէ: Սա մի վայր է, որտեղ ստեփանակերտցիներից շատերը անցկացնում են իրենց ազատ ժամանակը: Այս հավաքատեղին նաև յուրօրինակ ցուցասրահ է հիշեցնում, որտեղ ոչ միայն կարող ես համեղ սուրճ խմել, այլ նաև ծանոթանալ ժամանակակից մշակույթին, դիտել պատերից կախված ու պարբերաբար փոփոխվող նկարները: Բայց միևնույն ժամանակ, «Արմատներում» կարող եք գտնել ամենահամեղ թխվածքները: Ես հաճախ եմ լինում այստեղ, ու պատճառը յուրօրինակ միջավայրն է, որը ստիպում է կտրվել քաղաքի առօրյայից և խորասուզվել մտքերի մեջ: Նստած եմ «Արմատներում»: Նայում եմ դիմացս կախված լուսանկարին ու մտածում ամուսնացող զույգի մասին․ նկարում հարսանիքից մի հատված է: Հանկարծ զգում եմ ինչ-որ մեկի հպումը: Վառվող աչքերով մի կին անունս է տալիս: – Նելի՞, ո՞ւմ ես գտել էդ լուսանկարում: – Լուսանկարին էի նայում, բայց մտքով ամբողջ հարսանիքն էի պատկերացնում, ընկեր Կարապետյան,- ծիծաղելով պատասխանում եմ դասախոսիս: – Հյուրերը շա՞տ էին,- հումորս շարունակում է ընկեր Կարապետյանը: – Դե մի երեք հարյուր հոգի: – Ուրեմն հաստատ ծանոթներ կունենանք: Ղարաբաղում երեք հարյուր հոգանոց հարսանիք լինի, ու մի ծանոթ չգտնվի՞: Տեղ տուր՝ հյուրերի ցուցակով անցնենք,- պահը չի կորցնում դասախոսս: – Ինձ աջ կողմի տղամարդու դեմքն է ծանոթ,- ձեռքով ցույց եմ տալիս լուսանկարը: – Արամը չէ՞: Հա, հենց Արամն է: Դրսում տեսնեի՝ միգուցե չճանաչեի․ մեծացել է, կնճռոտվել: – Բաղո՞ւնց Արամը: – Հա՛, հայրիկիս ընկերն է, բայց վերջին անգամ քսան տարի առաջ եմ տեսել: Պատերազմի տարիներին հայրիկիս հետ հաճախ մեր տուն էր գալիս, մի կտոր հաց էին ուտում ու էլի գնում: – Քանի՞ տարեկան էիք այդ ժամանակ: – Վեց կլինեի երևի, բայց այնքան բաներ են տպավորվել այդ օրերից: – Իսկ ես պատերազմը չեմ տեսել․ դրանից հետո եմ ծնվել: – Իբր որ ես ու իմ նմանները տեսել ենք, ի՞նչ օգուտ ենք քաղել: Լավ է, որ չես տեսել: Թող ոչ ոք չտեսնի: – Օրինակ ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչ է պատերազմը երեխայի աչքերով: Ի՞նչ է լինում, երբ մանկությունն ու պատերազմը միախառնվում են: – Պատերազմը մանկությանը խանգարում է: Ես միշտ ասում եմ, որ իմ մանկությունը դեղին գույն ունի․ արևի լույսն է: Դա նաև ինձ շրջապատող մեծերի շնորհիվ էր: Չնայած պատերազմին՝ ես ինձ միշտ պաշտպանված եմ զգացել: – Եթե այդքանից հետո ձեր մանկությունն արևի պես վառ գույն ունի, ես բողոքելու տեղ երևի թե չունեմ: Իմ մանկությունը պիտի որ ավելի վառ գույներ ունենա: – Մանկությունը գունավորվում է ծնողների հետ: Պատերազմի թողած ամենամեծ հետքն ինձ վրա հորս պարբերական բացակայություններն էին: Դրա պատճառով մանկությանս մի պատառիկը դատարկ էջ է հիշեցնում: Այնքան երկար էր բացակայում, որ հաճախ դեմքը մոռանում էի: Մի անգամ էլ, երկար բացակայելուց հետո, չսափրված էր վերադարձել․ բեղեր ուներ: Հիշում եմ, որ երբ տուն մտավ, չմոտեցա ու մորս հարցրի, թե ով է այդ անծանոթը: Երբ անունս տվեց, ձայնից միայն ճանաչեցի հորս: – Այս պատմությունից իմ մանկությունն ավելի գունավոր դարձավ․ ես գոնե հորս միշտ տեսել եմ: Նա ինձ առաջին անգամ դպրոց է ուղեկցել: – Ես ընդունվել ու սեպտեբերի մեկին գնացել եմ Խորհրդային դպրոց, իսկ մեկ օր անց սկսել եմ սովորել անկախության դպրոցում: Դպրոցական տարիներս անցել են պատերազմի հետ: Մի անգամ մեր դպրոցի հարակից խաղադաշտում ինքնաթիռ իջավ: Այդ ընթացքում հորս երկար ժամանակ չէի տեսել ու վստահ էի, որ նա էլ է ինքնաթիռում, որովհետև այդ տարիներին ինչքան կարևոր բան էր լինում, հայրս դրա մասնակիցն էր: – Ես էլ ապրիլյան պատերազմի ժամանակ ուսանող էի: Չնայած տարիքով ավելի մեծ էի, բայց ես էլ հոծ բազմության մեջ միշտ ծանոթների ու ընկերների էի փնտրում: Էդպես էլ չէի կարողանում հասկանալ, թե այս ամենն ինչից է սկսվել: – Այդ հարցի պատասխանը ամուսինս է ինձ տվել,-ծիծաղում է,- Երբ փոքր է եղել, փողոցի ադրբեջանցի տղաների հետ կռիվ է արել, հետո միջամտել են նաև ծնողներն ու սկսել իրար հետ վիճել: Ամուսինս վստահ էր, որ պատերազմն այդ կռվից է սկսել: Հիմա ծիծաղում ենք, բայց ախր պատերազմները միշտ էդպիսի կռիվներից են սկսվում: Վերջում սկիզբը մոռացվում է, ու մարդիկ փորձում են հասկանալ, թե ամեն ինչ որտեղից է ակունք առել: Հետո էլ հյուսվում են լեգենդները, պատմություններն ու երգերը, իսկ սերը մոռացվում է: – Պատերազմում սեր լինու՞մ է որ: – Եթե սերը լինի, պատերազմ չի լինի: Մարդիկ կվիճեն, կկռվեն, բայց նաև կներեն ու կհասկանան իրար: Իմ նման երեխաներն էլ իրենց հայրերի դեմքը չեն մոռանա: Հայրերն էլ զենք չեն վերցնի ու չեն արյունոտվի: – Եթե սեր լինի, պատերազմը շոշափելի չի դառնա: Ես կշոշափեմ խաղաղությունը, որովհետև այն իսկապես շոշափելի է․ խաղաղությունը մեր սիրած մարդիկ են: Նայում ենք լուսանկարին, որտեղից ժպտում է կրակոտ աչքերով Բաղունց Արամը: Ամուսնացող զույգին ո՛չ ես եմ ճանաչում, ո՛չ ընկեր Կարապետյանը, բայց նրանց սերը երկուսիս էլ հարազատ է: Հենց դա է խաղաղության սկիզբը: ՆԵԼԻ ՍԵՎԼԻԿՅԱՆ Պատմությունները ստեղծվել են «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Պատմությունների բովանդակության համար պատասխանատու են հեղինակները: Բովանդակությունը կարող է չհամընկնել Եվրոպական միության և ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԵՀՀ-Հայաստանի, ԵՀՀ-Ադրբեջանի, «Ինթերնեյշնլ ալերթ»-ի և ՀՌԿԿ-Վրաստանի տեսակետների հետ:

Lragir.am,
23-11-2019 17:47