Մենք, ցավոք, ապրում ենք անցյալով ու ապագայով, մոռանալով այս պահի ուժի մասին

24-11-2019 21:13

Lragir.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք «մտքի առաջնորդների» հետ: Նախագծի նպատակն է մեդիա տիրույթում զարգացնել «մտքի առաջնորդության» սկզբունքը՝ հարթակ ստեղծելով տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց համար՝ արտահայտվելու նույն հարցերի առանցքի շուրջ: Նախագծի նպատակը խելացի ու տեսլական ունեցող մարդկանց բացահայտումն է ու Հայաստանի տնտեսական զարգացման նոր դիսկուրսների սահմանումը: Շարքը վարում է լրագրող Ռոզա Հովհաննիսյանը: Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի: Հարցազրույցներն անցկացվում են Լոֆթում: Մեր զրուցակիցն է երգչուհի, արտ-տնօրեն Նարինե Մադունցը: Նարինե, հայրենիք, թե մայրենիք, և ինչո՞ւ: Երևանն ինձ համար մայրենիքն է, որովհետև մայրական տաքություն, հանգստություն է ինձ տալիս: Ես երբեք ինձ չեմ զգացել ինչպես տանը, այդպես է ստացվել իմ կյանքում և հետո, երբ սկսկեցի ապրել Երևանում, հասկացա, որ այդ մայրական ջերմությունը, հոգատարությունը ինձ համար շատ անսովոր էր: Նախկինում ես երբեք ինձ այդքան հանգիստ չէի զգացել: Իսկ Ջերմուկը՝ այն վայրը, որտեղ ես ծնվել ու անցկացրել եմ իմ երջանիկ տարիների մի մասը, ավելի շատ հայրենիքն է, որովհետև ակունքն է, որը քեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին դու կաս: Հետևաբար ես կասեմ՝ և հայրենիք, և մայրենիք: Որտեղի՞ց եք սերում արմատներով, և որքանով է մարդու համար կարևոր սեփական արմատները ճանաչելը: Ես Վայոց Ձորի մարզի Կեչուտ գյուղից եմ: Երևի այն ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ վայրն է: Իմ ծննդավայրն ինձ համար ուժ ստանալու վայր է: Դու կարող ես լինել աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներում, բայց երբեք չես ստանա այն ուժը, որն ստանում ես ծննդավայրում: Շատ կարևոր է ճանաչել սեփական արմատները: Եվ ես գրեթե ամբողջ կյանքում ձգտում եմ այդ ինֆորմացիան ստանալ՝ ով եմ ես, ովքեր են իմ նախնիները: Ապրելով Ռուսաստանում՝ դու հասկանում ես, որ մի քիչ ուրիշ ես, դու տարբերվում ես, օտար ես: Եվ ձգտում ես հասկանալ՝ ով ես դու, ինչու ես օտար, ովքեր են քո նախնիները, ինչ են արել: Հետևաբար, որպեսզի դու որպես անհատ կայանաս, պետք է իմանաս քո արմատները: Նախորդ տարի, երբ հասկացա, որ կորցնում եմ պապիկիս, վերջին օրերին փորձում էի տեղեկություններ ստանալ նրանից՝ հասկանալով, որ այլևս այդ հնարավորությունը չեմ ունենա: Սկսեցի նրան հարցաքննել՝ որտեղից են մեր նախնիները: Պարզվեց, որ Սալմաստից, և ես հասկացա, թե ինչու եմ իրանական երաժշտությունը ուրիշ կերպ ընկալում, շատ եմ սիրում: Հայրական կողմից նախնիներս գրեթե բոլորն ուսուցիչներ են, գիտնականներ: Եվ ես մտածում էի, որ դա իմ կողքով կանցներ, ես չէի զբաղվի դրանով: Բայց կյանքս այնպես դասավորվեց, որ սկսեցի դասավանդել անգլերեն: Դա նույնպես հավանաբար կապված է արմատներիս հետ: Մի քանի նախադասությամբ կներկայացնե՞ք, ինչպես է անցել ձեր մանկությունը, պատանեկությունը, ինչպե՞ս է անցնում երիտասարդությունը: Ես շատ երջանիկ մանկություն եմ ունեցել, չնայած երբ արդեն մեծահասակի աչքերով հետ եմ նայում, հասկանում եմ, որ շատ դժվար ժամանակաշրջան էր մեր ծնողների համար: Բայց ես շատ երջանիկ էի, որովհետև սարերում, բնության գրկում էի անցկացնում մանկությունս, դա ինձ շատ ուժ է տվել: Եվ մանկությանս կտորները մինչև հիմա իմ մեջ կան: Այնուհետև մենք տեղափոխվեցինք Ռուսաստան: Կյանքի յուրաքանչյուր փուլ շատ բան է սովորեցնում մեզ, և կարևոր է, որ դու այդ դասերը  քաղես: Կարելի է ասել՝ այնտեղ երջանիկ տարիներ անցկացրել եմ՝ լավ կրթություն, ընկերներ, հետաքրքիր մարդիկ, հնարավորություններ: Միշտ ցանկություն ունեի ինձանով այնտեղ ցույց տալ հայկական մշակույթը: 2000-ական թվականներին ռասիզմը շատ-շատ էր այնտեղ: Դա ինձ դրդեց ավելի խորը մտնել իմ մշակույթի մեջ, հասկանալ ով եմ ես: Այո, տարբերվում եմ, բայց եթե մաշկս մի քիչ մուգ է, դա չի նշանակում, որ ես վատն եմ: Միաժամանակ, ունեցել եմ հոյակապ ռուս ընկերներ, բայց օտար լինելու զգացողությունը միշտ եղել է: Չնայած որ Մոսկվան ինձ շատ մեծ հնարավորություններ էր տալիս, ես հասկացա, որ խիստ կարիք ունեմ լինելու իմ երկրում, իմ մշակույթի մեջ, սովորելու և լցվելու: Շատ անսպասելի քայլ էր և իմ, և իմ շրջապատի համար՝ ես տեղափոխվեցի Հայաստան, ինչի համար շատ ուրախ եմ: Ինչ վերաբերում է երիտասարդությանը, ինձ թվում է, որ մեր սերնդի համար շատ դժվար է, որովհետև այնքան բան կա անելու: Ես չգիտեմ, թե ինչպես էր նախկինում, բայց իմ պատկերացմամբ՝ մարդիկ հստակ գիտեին, եթե նկարիչ են, գնում էին այդ ուղղությամբ, եթե երաժիշտ էին, այդ ուղղությամբ: Բայց հիմա տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջան է, տեղեկատվության մեծ հոսք կա, շատ ցանկություններ ու ամբիցիաներ կան: Դա վատ չէ, լավ է, բայց դժվար է: Մենք ուզում ենք և լավ տնօրեն, և լավ երաժիշտ լինել, և լավ նկարել, և լավ ընկեր լինել: Այսինքն՝ մենք ունենք հնարավորություն այդ ամենն անել, այդ ինֆորմացիոն հասանելիությունն ունենք, բայց դա բարդացնում է մեր կյանքը, որովհետև ուզում ենք ամեն ինչ և միանգամից: Որո՞նք են կյանքի կարևոր դասը կամ դասերը, որ քաղել եք: Ամենակարևոր դասերից մեկը շատ անձնականի հետ է կապված: Ռուսներն ասում են՝ «у меня есть я, мы как-нибудь справимся»: Երբ դու հասկանում ես, որ ինքդ քո վրա պետք է հույս դնես և ինչ էլ լինի՝ գնաս միայն առաջ: Ամենամոտիկ մարդը մեկ վայրկյանում կարող է դառնալ քո թշնամին: Եվ դու ունես երկու ճանապարհ՝ ինքդ քեզ խղճալ, ընկնել հուսահատության մեջ և չաճել, գնալ ու ծնողների մոտ պաշտպանություն փնտրել: Երկրորդ ճանապարհը՝ հավատալ քո ուժերին ու գնալ առաջ: Իմ կյանքում եղել են իրավիճակներ, երբ ես հասկացել եմ՝ ով եմ ես, ինչ կարող եմ անել, չվախենալ: Այդ իրավիճակներում վախը կարող է քեզ տապալել այնպես, որ էլ երբեք չկարողանաս ոտքի կանգնել: Իսկ եթե դու հաղթահարես քո վախերը, էմոցիաները՝ ոչինչ քեզ չի կանգնեցնի: Երկրորդ դասը. ես ասում եմ՝ իմ սպին իմ հաղթանակն է: Այդպիսի վատ իրադարձությունները, երբ դու կանգնում ես բարդ խնդիրների առաջ, սովորեցնում են քեզ ապրել այսօրվա օրով: Դու սկսում ես հասկանալ՝ իսկ վաղը գուցե երբեք չլինի: Կարող է դու չլինես կամ չլինի այն, ինչ քեզ երջանկացնում է: Մենք, ցավոք, միշտ ապրում ենք անցյալով ու ապագայով: Անցյալը մեզ տանջում է, որովհետև, չգիտես ինչու, սովորաբար անցյալի վատ հիշողություններ են մեզ մոտ, իսկ ապագան անհանգստացնում է: Եվ մենք մոռանում ենք այս պահի ուժի մասին: Այսինքն՝ կյանքի ոչ հաճելի փուլերն ինձ օգնեցին լինել ուժեղ և ավելի հաճախ ժպտալ: Պետք է միշտ գնալ առաջ, գնահատել, սիրել և անել այն, ինչ քեզ երջանկացնում է: Եթե անդրադառնանք հայ հասարակությանը՝ ինչպե՞ս կբնութագրեք այն՝ որպես հավաքական միավոր: Մեր հասարակությունը շատ տարբեր է: Մենք այդքան էլ չենք ձգտում գնալ առաջ, ամբիցիոզ չենք: Մենք բավարարվում ենք նրանով, ինչ ունենք այսօր: Ես չեմ կարողանում տեսնել ամբողջական պատկերը, որովհետև այստեղ միշտ եղել եմ հյուրի կարգավիճակով, բայց սա ասում եմ՝ ելնելով Հայաստանում ապրած վերջին երկու տարիների փորձիցս: Եվ չգիտես ինչու, մենք սպասում ենք, ինքներս քայլ չենք անում: Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը եկավ, մի բան կփոխի: Հետո սկսում ենք դժգոհել, բայց ինքներս ոչինչ չենք անում: Բայց եթե մենք ուզում ենք ստեղծել այն միջավայրը, որտեղ ուզում ենք ապրել ու դաստիարակել մեր երեխաներին, առաջին հերթին պետք է սկսենք ինքներս մեզանից: Նիկոլ Փաշինյանը չի կարող քեզ փոխել: Մենք առաջին հերթին պետք է դադարենք դժգոհել, դադարենք ապրել անցյալով: Մենք շատ յուրահատուկ ու տաղանդավոր ազգ ենք, հիանալի երիտասարդություն ունենք, նաև մեր մեծահասակ սերնդից շատ բան ունենք սովորելու: Բայց մենք չենք ուզում սկսել մեզանից: Հայերից ես ամենաշատը լսել եմ հետևյալ արտահայտությունը՝ մենք աշխարհի ամենաառաջին ազգն ենք, որն ընդունեց քրիստոնեությունը: Բայց մենք իրականում հավատացյալ ժողովուրդ չենք, չենք սիրում իրար, չենք սիրում ուրիշներին, մշտապես դժգոհում ենք: Միթե քրիստոնյաները մշտապես բողոքում ու դժգոհում են: Ոչ, նրանք երախտապարտ են ամեն ինչի համար, և դա նպաստում է աճին: Իսկ երբ մենք բողոքում ենք, ոչ մի առաջընթաց չի լինում: Կարո՞ղ ենք ասել, որ հենց դա է մեր «դիագնոզը»: Ասում են՝ առողջացման համար նախ պետք է ճիշտ ախտորոշում կատարվի: Առաջին հերթին, որպեսզի մարդն ախտորոշում ստանա, պետք է գիտակցի, որ ինչ-որ խնդիր ունի: Մինչև մենք չգիտակցենք, որ խնդիր ունենք, չենք բուժվի: Ես չեմ սիրում ասել, որ ամեն ինչ վատ է: Իրականում ամեն ինչ վատ չէ, բայց եթե մենք այն հարցի շուրջ ենք խոսում, թե ինչպես անենք, որ ավելի լավ լինի, ամենաառաջինը պետք է գիտակցենք, որ ինչ-որ խնդիր կա: Մինչև չգիտակցենք, երբեք չենք գնա բժշկի մոտ, ախտորոշում չենք ստանա, շատ մետաստազներ կլինեն մեր մեջ և շատ դժվար կլինի մեզ փրկելը: Որո՞նք են մեր երկրի առաջ ծառացած խնդիրներ, ինչպե՞ս լուծել դրանք: Ես դեռ շատ բան պետք է տեսնեմ, հասկանամ ու գիտակցեմ, որպեսզի լիարժեք պատասխան տամ այս հարցին: Կարծում եմ՝ մեր երկրում ամենակարևոր խնդիրներից մեկը մշակույթի բացակայությունն է: Ես՝ որպես մշակույթի ոլորտի ներկայացուցիչ, այդ խնդիրը տեսնում եմ: Այսինքն՝ որակյալ մշակույթի պակա՞ս կա: Այո, իհարկե: Մենք ունենք հասարակության մի շերտ, որն իրոք հասկանում է մշակույթից, կա մի շերտ, որը ձևացնում է, թե հասկանում է մշակույթից, ինչը վատ չէ, քանի որ մարդիկ ցանկություն ունեն: Եվ ունենք հասարակության մի շերտ, որը մշակույթից չի հասկանում և դա իրեն պետք չէ: Ինքը միացնում է ռաբիզ երաժշտությունն ու այդպես մեծացնում է իր երեխաներին, սերմանելով վատ ճաշակ: Պատճառը ո՞րն է, որ որակյալ պրոդուկտը պահանջարկ չունի: Օրինակ՝  վերցնենք հեռուստատեսությունը: Ասում են՝ մենք ցուցադրում ենք սերիալներ, որովհետև հասարակությունը դիտում է: Լավ, չենք վիճում, դա գումար ու վարկանիշ է բերում, բայց մյուս կողմից դուք փորձեք որևէ որակյալ պրոդուկտ տալ: Եթե անգամ մարդը դրա պահանջարկը չունի, բայց կտեսնի, որ ուրիշ մակարդակի ու որակի ֆիլմեր, երաժշտություն ու հաղորդումներ էլ կան: Մենք պետք է կրթվենք, ինքներս այդ իրավիճակը փոխենք: Հավատացեք, որակյալ մշակույթի պահանջարկը կա: Ես իմ օրինակով եմ ասում, երբ երգում եմ, հասկանում եմ, որ մարդիկ դրա  պահանջարկն ունեն: Մենք ինքներս մեզանից պետք է սկսենք, թե ինչ պետք է մատուցենք մարդկանց, ոչ թե համակերպվենք՝ նրանք լսում են ռաբիզ, ինչ արած, թող լսեն: Անհատներ, թե՞ ինստիտուտներ, որը զարգացնել: Ես կարծում եմ, որ ինստիտուտները ձևավորվում են անհատներից: Պետք է անհատներին տեղ տալ, որոնք կստեղծեն ինստիտուտ: Ո՞րն է մեր պարտավորությունը հաջորդ սերուդների առաջ: Ես աշխատում էի Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում: Երբ ես ասում եմ, որ պետք է մեր ավագ սերնդից շատ բան սովորենք, նկատի ունեմ հետևյալը: Թեպետ ես անձամբ ծանոթ չեմ եղել այդ անձնավորության հետ, բայց նա իր կերպարով ինձ շատ բան է սովորեցնում: Նա ինձ սվորեցնում է լինել համարձակ, չվախենալ նրանից, թե ով ես, սովորեցնում է, որ անհնար ոչինչ չկա: Նա իր հետևից թողել է հսկայական ժառանգություն: Եթե մեզանից յուրաքանչյուրն այսօր ստեղծի այն, ինչը կարող է օգտակար լինել մեր երեխաների համար, դա արդեն դրական է: Այսինքն՝ մենք այսօր պետք է զգանք այդ մեծ պատասխանատվությունը: Մենք շատ հեշտությամբ կարող ենք միաձուլվել այլ ազգերին, պետք է պահպանենք մերը: Այսինքն՝ մենք այսօր պետք է շատ գրագետ պահպանենք այն ամենը, ինչից մեր սերուդները վաղը պետք է օգտվեն: Ի՞նչ եք անում դուք ամեն օր՝ Հայաստանն ավելի լավը դարձնելու համար: Ինձ համար շատ մեծ պատիվ էր նման վայրում աշխատելը և անել այն ամենն, ինչ նպաստում էր և լավ ժամանակ անցկացնելու, և կրթելու: Հիմա ես նաև նախագիծ ունեմ Հայաստանի պետական ջազային նվագախմբի հետ: Ինձ համար դա այնքան կարևոր ու պատասխանատու աշխատանք է: Պետք է սիրել այն, ինչ անում ես և այն պրուդուկտը, ինչ պետք է, կոպիտ ասած, վաճառել: Կեղծ լինել ես չեմ կարող: Այսօր մենք զարգացնում ենք մշակույթը, և դա շատ կարևոր է: Հասարակությունը կրթելը դա մեկ ամսում չի լինում, դա շատ դանդաղ ու կարևոր աշխատանք է: Հուսով եմ, որ ինչ-որ բանով ես հիմա օգտակար եմ: Մեզ պատմությունից հասել է տեղեկություն, որ Տիգրան Մեծի հայրենիքը՝ Ք. Ա. 95-55-ը, հայոց պատմության լավագույն էջերից մեկն է եղել: Ներկայում ո՞րն է «95-55»-ի ձեր կոնցեպտը: Առաջին հերթին մեզ պետք է Տիգրան Մեծ, այն առաջնորդը, որին բոլորս կհավատանք: Մենք կարող ենք լինել նաև փոքր երկիր, բայց շատ ուժեղ: Այդ ամենի համար մեզ միացում է պետք: Առաջին հերթին մեզ պետք է լավ առաջնորդ, երկրորդը՝ միացում: Միացում ասելով՝ նկատի ունեմ սիրել իրար, միասնական լինել, ուրախանալ մեկս մյուսի համար: Ես հիանում եմ հրեաներով, նրանց հաջողության գրավականը միասնական լինելն է: Ես Ռուսաստանում հնարավորություն եմ ունեցել լինել նաև հրեական համայնքում: Նրանք շատ են միմյանց օգնում, գիտեն, որ տնից հեռու են, բայց ունեն աջակցություն: Մենք էլ պետք է մեկ միասնություն լինենէ: Հեղափոխության ժամանակ ես դա նկատեցի: Ես հասկացա, որ մենք կարող ենք, ինչո՞ւ դա չենք անում: Մենք կարող ենք սիրել իրար, երբ միասնական էինք, բարին հաղթեց չարին, ինչո՞ւ դա միշտ չենք անում: Այսինքն՝ եթե մենք դա պահպանենք մեր մեջ, մեզ չեն հաղթի: Ի՞նչ պետք է լսեն կամ դիտեն մարդիկ այս զրույցը կարդալուց հետո, մի հղում տվեք: Խորհուրդ կտամ հետևյալ երկու հղումները․ https://www.youtube.com/watch?v=7M5Rgmapst4&feature=youtu.be&fbclid=IwAR1JNeJHzJnJfdkYiSRLXtVS8_5YDc0SZ6EtQqME3QhCi-NvKvXvklMTIGc https://www.youtube.com/watch?v=4HRflFJXju0&feature=youtu.be&fbclid=IwAR2iTbJ7pVI9eoFAQpvV2JRrJSVBrZlwmVwfbQQyN-_YzavhfQwdTgWRSfY Հարցազրույցների շարքն իրականացվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի աջակցությամբ, ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում

Lragir.am,
24-11-2019 21:13