Երևանում կայանալիք Silicon Mountains համաժողովը նվիրվելու է ՏՀՏ ոլորտում «խելացի» լուծումներին

02-12-2019 18:06

Երևանում դեկտեմբերի 4-ին մեկնարկող Silicon Mountains համաժողովը նվիրված է  տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում «խելացի» լուծումներին և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է (ՏՀՏԳՄ)՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ: ՀՀ ԲՏԱ փոխնախարար Արմեն Ափրոյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ համաժողովի ընթացքում հրավիրվելու են բիզնես ոլորտի տարբեր մասնագետներ: «Համաժողովի ընթացքում շոշափվելու են արհեստական բանականության հետ կապված, ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ՏՀՏ-ի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձ կլինի տնտեսությունում դրանց կիրառման խնդրին»,- նշեց Ափրոյանը: Նա ընդգծեց, որ   Silicon Mountains-ին որպես պատվավոր հյուր է լինելու ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019 թվականի դափնեկիր, ճապոնացի գիտնական Տակեո Կանադեն: ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը նշեց, որ Silicon Mountains անվանումը ներկայացնում է իրենց տեսլականն ու նպատակները, թե գլոբալ շուկայում իրենք որտեղ են ցանկանում լինել: «Միջոցառումը՝ մեր միությանն ու երկրին հնարավորություն կտա, ևս մեկ անգամ ընդգծել մեր տեղը քարտեզի վրա: Հայաստանը ոչ միայն ՏՀՏ լուծումները կիրառող է, այլ նաև արտերկիր արտահանող»,- շեշտեց Մուսայելյանը: Նրա խոսքով՝ համաժողովին լինելու են համաշխարհային շուկայի առաջատար ընկերություններից բանախոսներ, ովքեր ներկայացնելու են իրենց տեսլականը ՏՀՏ ոլորտի վերաբերյալ: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ասաց, որ իրենք միացել են նախաձեռնությանը, քանի որ Silicon Mountains-ը յուրահատուկ հարթակ է տեղական և միջազգային ՏՀՏ ոլորտի կազմակերպությունների համար: «Մենք պետք է օգտագործենք այս Հայաստանում առկա ներուժը և ավելի շատ տեղ տանք նորարարությանն ու տեխնոլոգիական զարգացումներին»,- նշեց Յիրիկյանը: Դեկտեմբերի 4-ին Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված արտասահմանյան փորձագետները Հայաստանի գործարար համայնքին, պետական հատվածին, ՏՀՏ կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ստարտափներին և լավագույն ուսանողներին ներկայացնելու և նրանց հետ քննարկելու են առաջիկա տարիների մարտահրավերները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային ուղղությունները, ՏՀՏ կիրառման կարևորությունը տնտեսության տարբեր ճյուղերում: Տեղի են ունենալու քննարկումներ կիբեռանվտանգության, արհեստական ինտելեկտի, ժամանակակից ՏՀՏ կրթության մարտահրավերների վերաբերյալ: Դեկտեմբերի 5-ին կայանալու են B2B հանդիպումներ, որոնք ուղղված են լինելու ՏՀՏ «խելացի լուծումների» գործնական կիրառմանը տնտեսության մեջ:

Lragir.am,
02-12-2019 18:06