Ազգային անվտանգության հայեցակարգը միայն զինված ուժերի վրա խարսխելը հայեցակարգային սխալ է

Մեր զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Պարոն Բաբաջանյան, անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել է ազգային անվտանգության ռազմավարության և ընդհանրապես ռազմավարական մոտեցման կարևորության մասին: Ի՞նչ փոփոխություններ պետք է կրի Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը: Ձեր կարծիքով՝ արդյոք այդ փաստաթուղթն իսկապես այդքան կարևորություն ունի: Ազգային անվտանգության հայեցակարգը չափազանց կարևոր փաստաթուղթ է, որը պետք է դրվի պետական կառավարման մարմինների, ընդհանրապես հանրային կառավարման համակարգի գործունեության փիլիսոփայության հիմքում: Նախորդ ժամանակաշրջանում, նախկին իշխանությունների օրոք դա իրենից ոչինչ չներկայացնող փաստաթուղթ էր, քանի որ երկրում ռազմավարական որոշումները կայացվում էին ոչ թե ինչ-որ սկզբունքներից ու հայեցակարգային ենթակետերից ելնելով, այլ մեկ անձի՝ Սերժ Սարգսյանի կամքով: Իրավիճակը, սակայն, արմատապես այլ է այսօր, երբ մենք ունենք ժողովրդավարական իշխանություն, ինչը ենթադրում է նաև նրա կայացրած որոշումներում հայեցակարգային, ռազմավարական մոտեցումների առկայություն: Այդ առումով միանշանակ ողջունելի է ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման իշխանությունների նախաձեռնությունը: Այն անգամ շատ ուշացած է, քանի որ Հայաստանի ազգային անվտանգության գործող ռազմավարությունն ընդունվել է 2007 թվականին և դրանից հետո որևէ վերանայման չի ենթարկվել: Մինչդեռ անցած 12 տարիներին արմատական, սկզբունքային փոփոխություններ են տեղի ունեցել ինչպես ողջ աշխարհում, համաշխարհային քաղաքականության մեջ, այնպես էլ մեր տարածաշրջանում: Բավական է միայն նշել, որ այդ փաստաթղթից հետո տեղի է ունեցել ռուս-վրացական պատերազմը, դրանից հետո է կնքվել, ապա դադարեցվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային համաձայնագիրը, դրանից հետո է Հայաստանը բանակցել Եվրամիության հետ Խորը և համապարփակ ասոցացման համաձայնագրի շուրջ, ապա հրաժարվել դրանից և միայն 2017 թվականին ստորագրել ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը: Ի վերջո, այդ փաստաթղթի ընդունումից հետո է տեղի ունեցել 2016 թվականի ապրիլյան պատերազմը, ինչը սկզբունքային վերանայումների է հանգեցրել մեր ինչպես ռազմական, այնպես էլ արտաքին քաղաքական բնագավառները: Այս և մի շարք այլ փոփոխություններ անհրաժեշտաբար պետք է տեղ գտնեն ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ: Սակայն, բացի փաստերի արձանագրումներից, այդ ռազմավարությունը պետք է պատասխանի նաև այն հարցին, թե ինչպիսի պետություն ենք մենք ցանկանում ունենալ ռազմավարական հեռանկարում, ավելի պարզ ասած՝ որտեղից ենք գալիս և դեպի ուր ենք գնում: Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպման ժամանակ նույնպես խոսեց այդ մասին, և պետք է հույս ունենալ, որ վարչապետի նկատառումները հաշվի կառնվեն ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքներում: Կարևոր եմ համարում նաև Նիկոլ Փաշինյանի անդրադարձն ընդհանրապես պետական կառավարման համակարգում ռազմավարական մոտեցման ամրագրման, տեսլականներ մշակելու մասին: Դա չափազանց կարևոր ու սկզբունքային հարց է: Հատկապես որ գործող իշխանության ամենաթույլ կողմերից մեկը հենց ռազմավարական տեսլականի բացակայությունն է, ինչին ես նույնպես անդրադարձել եմ տարբեր առիթներով: Առանց ռազմավարության, առանց այդ ռազմավարությունից բխող ծրագրերի ու ենթածրագրերի, պետական կառավարման համակարգը չի կարող կենսունակ լինել ու արդյունավետ գործել, այնպես որ, նշված գործընթացի մեկնարկը շատ կարևոր է ու դրական: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեռևս ամիսներ առաջ, անդրադառնալով նոր մշակվող փաստաթղթին, նշել էր, որ այն պետք է խարսխված լինի զինված ուժերի՝ բանակի վրա: Ձեզ համար ընդունելի՞ է այդ մոտեցումը: Ոչ, ինձ համար արմատապես անընդունելի է այդ մոտեցումը, ինչի մասին ևս խոսել եմ տարբեր առիթներով: Անվտանգության հարցում միայն զինված ուժերին ապավինելու մոտեցումը, ըստ էության, կործանարար է, ինչի ականատեսը մենք տեսել են 2016 թվականի ապրիլյան պատերազմում, որը տեղի ունեցավ առաջին հերթին մեր դիվանագիտության ձախողման, եթե ոչ տապալման արդյունքում: 2016-ին մեր բանակը հակառակորդի ռազմական ագրեսիային դեմ հանդիման մնաց միայնակ՝ առանց թիկունքային ապահովվածության: Նկատի ունեմ առաջին հերթին դիվանագիտության կողմից թիկունքային ապահովվածությունը, որը հավասարվել էր գրեթե զրոյի: Պատահական չէր, որ ապրիլյան պատերազմի ընթացքում մի քանի օր շարունակ արտգործնախարարի տեղն անհայտ էր ու նրա ֆունկցիաները, արտաքին գործընկերների հետ կապը ապահովում էր բանակի ղեկավարությունը: Այդ պատճառով անվտանգության ապահովումը, այդ թվում՝ ազգային անվտանգության հայեցակարգը զինված ուժերի վրա խարսխելը հայեցակարգային սխալ է: Ճիշտ հակառակը, մենք պետք է կարողանանք ունենալ պետական կառավարման այնպիսի կենսունակ ու ճկուն համակարգ, որի դեպքում անվտանգության խնդիրների լուծումը բանակին կհասնի միայն վերջին, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այդ առումով առաջնային նշանակություն ունի արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը: Մենք պետք է կարողանանք վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, աշխարհի երկրների ու ազդեցության կենտրոնների հետ ունենանք այնպիսի հարաբերություններ, որոնց արդյունքում Հայաստանի և Արցախի անվտանգությունը կփոխկապակցվի միջազգային անվտանգության համակարգին այնպես, որ մեր դեմ որևէ ոտնձգություն առնվան անուղղակիորեն ոտնձգություն կհամարվի նաև միջազգային անվտանգության համակարգի նկատմամբ: Ժամանակակից աշխարհում մրցունակ պետություններն իրենց անվտանգությունը ապահովում են ոչ միայն ու հաճախ ոչ այնքան բանակների, որքան ճկուն ու ադապտիվ դիվանագիտության շնորհիվ: Դա, իհարկե, չի նսեմացնում զինված ուժերի դերը, սակայն առաջին պլան է մղում պատերազմներից խուսափելու հեռանկարը: Այնպես որ, ազգային անվտանգության նոր հայեցակարգում պետք է ամրագրվեն նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող այս հայեցակարգային մոտեցումները, որոնք կբացառեն անվտանգության ապահովումը միայն զինված ուժերին թողնելու վտանգավոր գործելաոճը: Ի՞նչ պետք է փոխվի մեր արտաքին քաղաքականության մեջ հայեցակարգային իմաստով, որը կարող է ազդել նաև ազգային անվտանգության ռազմավարության վրա: Թավշա հեղափոխությունից հետո ներքին կյանքում կատարված բազմաթիվ սկզբունքային փոփոխությունների, ժողովրդավարական գործընթացների կողքին մեր արտաքին քաղաքականությունը գրեթե փոփոխության չի ենթարկվել ոչ ձևի, ոչ բովանդակության առումով: Մենք, ըստ էության, շարունակում ենք այն արտաքին քաղաքականությունը, որը վարվել է նախորդ երկու ավտորիտար իշխանությունների կողմից: Այն դեպքում, երբ այսօր ունենք միանգամայն ժողովրավարական պետություն ու ժողովրդավարական իշխանություններ, ինչը, սակայն, չի արտահայտվում արտաքին քաղաքականության մեջ: Մենք շարունակում ենք միագիծ, միավեկտոր քաղաքականությունը դեպի Ռուսաստան ու դեպի վերջինիս դոմինանտությունն ունեցող կառույցներ՝ ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ: Դա զգալիորեն սահմանափակում է մանևրելու, աշխարհի այլ երկրների ու ազդեցության կենտրոնների հետ հարաբերվելու մեր հնարավորությունները: Այլ կերպ ասած, մենք խնդիր ունենք արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնել ներքին վերափոխումներին, այն բխեցնել ներքին քաղաքականությունից: Բացի այդ, մեր արտաքին քաղաքականության մեջ տարիներ, տասնամյակներ շարունակ ավանդույթի ուժով ներդրված է մեր դիվանագիտությունը միայն Արցախի հարցի ու հայ-թուրքական հարաբերությունների վրա խարսխելու մոտեցումը: Մեր արտաքին քաղաքականությունը, ինչպես նախկինում, այսօր ևս, ըստ էության, սպասարկում է այս երկու ուղղությունները: Այո, ինչպես Արցախի հարցը, այնպես էլ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը մեզ համար կենսական նշանակություն ունեն: Այդուհանդերձ, որքան էլ կարևոր, սակայն դրանք պետք է լինեն մեր արտաքին քաղաքականության ոչ թե առանցքը, այլ սոսկ կարևոր ուղղությունները: Ահա այս հայեցակարգային փոփոխությունները պետք է կատարվեն և ամրագրվեն ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որը հիմք կհանդիսանա նաև արդեն այլ՝ ոլորտային ռազմավարությունների մշակման համար:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
02-12-2019 19:11