Ագաթա Քրիստիի վեպն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ դրվել է հայ ընթերցողի սեղանին

02-12-2019 22:44

Դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստի «Եվ ոչ ոք չմնաց…» վեպն առաջին անգամ բնագրից հայերեն թարգմանությամբ ու հեղինակային իրավունքով դրվել է հայ ընթերցողի սեղանին: Գիրքը հայ ընթերցողին են ներկայացնում «Էդիթ Պրինտ» և «Կարապ» հրատարակչությունները: Ագաթա Քրիստին գրանցված է «Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում»՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վի  պագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: «Եվ ոչ ոք չմնաց…» վեպը հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծա գործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆում՝ «Եվ ոչ ոք չմնաց…» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Տասը հոգի՝ միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ: «Այս գիրքը գրելը շատ դժվար էր. գաղափարն ինձ պարզապես կախարդել էր: Տասը հոգի պետք է մահանային, բայց պատմությունը դրանից չդառնար անհեթեթ, իսկ մարդասպանը՝ ակնհայտ: Ես գրել եմ այս գիրքը երկարատև պլանավորումից հետո և գոհ եմ արդյունքից: Այն հստակ էր, պարզ, մոլորեցնող և այնուհանդերձ՝ ուներ կատարելապես խելամիտ բացատրություն. պատմությունն իսկապես պե՛տք է վերջաբան ունենար ամեն ինչ բացատրելու համար: Այն լավ ընդունվեց և բարձր գնահատանքի արժանացավ, սակայն այն մարդը, որն իսկապես գոհ էր գրքից, ես էի, քանի որ ցանկացած գրաքննադատից լավ գիտեի, թե որքան դժվար էր այն գրելը»,-ասել է Ագաթա Քրիստին: Գրքի թարգմանիչն է Էլիզա Սարգսյանը: Նշենք, որ առաջիկայում ընթերցողի սեղանին հայերեն թարգմանությամբ կդրվեն Քրիստիի մյուս բեսթսելերները:

Lragir.am,
02-12-2019 22:44