Ենթադրվում է, որ մենք էլ ունենք Թուրքիային առնչվող համապատասխան ռազմական պլաններ

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը Պարոն Գաբրիելյան, օրերս Nordic Monitor-ը Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբում եղած գաղտնի պլան է բացահայտել, ըստ որի՝ Սիրիայից հետո Թուրքիայի հաջորդ թիրախը Հայաստանն էր լինելու: Ինչպե՞ս եք գնահատում նման բացահայտումը: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է իրատեսական, որ Թուրքիան կարող էր նման քայլի գնալ: Չեմ կարող սա բացահայտում համարել այն առումով, որ հարևան երկրներին առնչվող ռազմական պլաններ մշակելը Գլխավոր շտաբի գործառույթներից է: Չեմ կարծում, թե Թուրքիան նման պլան չի ունեցել 1990-ականներին և մասնավորապես Արցախյան հակամարտության տարիներին, և որ Հայաստանին ավիահարվածներ հասցնելու պլանը կազմվել է միայն 2001թ.: Այնպես որ, ենթադրելի է, որ այդպիսի պլան մշտապես գոյություն ունեցել է, կա և, ինչու ոչ, կշարունակի գոյություն ունենալ: Ես կզարմանայի, եթե Թուրքիան ընդհանրապես չունենար այդպիսի պլան, որը ժամանակի ընթացքում շարունակ թարմացվում է, ուղղումների է ենթարկվում: Ավելին, ես կզարմանամ, եթե Հայաստանն ինքը չունենա Թուրքիային առնչվող համապատասխան պլան: Այդպիսով, ես սա բացահայտում չէի համարի նաև նրա համար, որ չեմ տեսնում որևէ հիմնավոր խնդիր, թե ինչու Թուրքիան հենց 2001թ․ կարող էր մտածել Հայաստանին ավիահարվարծներ հասցնելու մասին: Իրատեսական չեմ համարում, որ Թուրքիան այս դարասկզբին ունեցել է Հայաստանին ավիահարվածներ հասցնելու մտադրություն: Պլանը, բնականաբար, կազմում են՝ իրադարձություններին պատրաստ լինելու, անհրաժեշտ պահին այն գործի դնելու համար (իսկ անհրաժեշտ պահն արդյունքում կարող է և վրա չհասնել ընդհանրապես): Չմոռանանք նաև, որ 2010թ․ Հայաստանը դուրս է մնացել Թուրքիայի արտաքին ռազմական սպառնալիքների ցուցակից (մինչդեռ 1990-ականներին Թուրքիայում շատ էր խոսվում «թշնամական եռանկյան» մասին՝ ի դեմս Հունաստանի, Սիրիայի ու Հայաստանի): Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հերթական անգամ (յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ) թարմացվեց Թուրքիայի «կարմիր գիրքը», որում տեղ են գտնում ներքին ու արտաքին սպառնալիքները (հերթական թարմացումը 2020թ․ է): Եվ հետո, ներկայիս «բացահայտման» հեղինակը համարվում է այսպես ասած Գյուլենական համայնքի ներկայացուցիչ, որը նմանատիպ և նաև առավել սուր հրապարակումներով փորձում է անընդհատ վարկաբեկել, քննադատել թուրքական իշխանություններին և հատկապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին (նա նաև գրել էր, որ Էրդողանն է թույլատրել 2015թ․ աշնանը Սիրիայի հետ սահմանին ռուսական մարտական ինքնաթիռի ոչնչացումը): Ի դեպ, նման վաղեմության (2001թ․) պլանում բնականաբար որևէ խոսք չէր կարող լինել այն մասին, որ Սիրիայից (ներկայիս իրադարձություններից) հետո Թուրքիայի հաջորդ թիրախը լինելու է Հայաստանը: Nordic Monitor-ի հրապարակումից հետո նման կարծիք հայտնել են հունական ԶԼՄ-ները: Ես ինքս էլ քանիցս մտավախություն եմ հայտնել, որ Էրդողանն ու Պուտինը Սիրիայում իրենց ընթացիկ հարցերը կարգավորելուց հետո կարող են իրենց ուշադրությունը բևեռել Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա՝ այդ համատեքստում որոշակի ոգեշնչվելով Արևմուտքի թույլ կեցվածքից: Արդյոք պատահակա՞ն էր, որ բացահայտումը եղավ այս ժամանակ: Ո՞ր ուժային կենտրոններին էր ձեռնտու նման պլանի բացահայտումը և արդյոք այն խոցելի չի դարձնում Թուրքիան միջազգային հարթակներում: Գյուլենական համայնքի ներկայացուցիչները վերջին շրջանում Nordic Monitor շվեդական հարթակի միջոցով շարունակում են գաղտնի փաստաթղթեր հրապարակել և այդպիսով բացահայտումներ անել հիմնականում Թուրքիայի ներկայիս իշխանությունների վերաբերյալ՝  ցույց տալով նրանց ռազմատենչությունն ու ագրեսիվությունը: Հայտնի է, որ Թուրքիայում գոյություն ուներ/ունի «խորքային պետություն» (պետություն պետության մեջ), որը կարողացել է ձեռք գցել այդօրինակ գաղտնի փաստաթղթեր: Այդ համատեքստում ես կասկածի տակ չեմ դնում նման փաստաթղթերի արժանահավատությունը: Նախորդ տարիներին էլ գյուլենականների կողմից Թուրքիայի ներկայիս իշխանությունների վերաբերյալ բազմաթիվ աղաղակող բացահայտումներ են եղել (Թուրքիայի կողմից Սիրիայի հետ սահմանին սադրանքներ կազմակերպելու, Էրդողանի ընտանիքի կոռուպցիոն գործունեության և այլ կարևոր թեմաներով): Այսօրինակ բացահայտումները միտված են է՛լ ավելի ծանրացնելու համար Թուրքիայի իշխանությունների դրությունը միջազգային հարթակներում: Ամեն դեպքում, փորձը ցույց է տալիս, որ Էրդողանը թեկուզև որոշակի կորուստներով, բայցևայնպես կարողանում է հաղթահարել նման խնդիրները: Ո՞րը պետք է լինի Հայաստանի արձագանքը նման պայմաններում, և ի՞նչ մակարդակներում պետք է լինի պատասխանը: Կոնկրետ վերոնշյալ (Nordic Monitor-ի) հրապարակման պարագայում չեմ կարծում, թե Հայաստանի իշխանությունները որևէ կերպ պետք է արձագանքեն: Ներկայացվել է մի բան, որը, տրամաբանության համաձայն, պետք է որ հենց այդպես էլ լիներ: Այսինքն, այստեղ արտասովոր որևէ բան չկա, որ Թուրքիան ընդհանրապես ունենա Հայաստանին ավիահարվածներ հասցնելու մասին ռազմական պլան: Փոխարենը Հայաստանը պետք է մշտապես զգոն և պատրաստ լինի իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարին: Ես չեմ ներկայացնում ռազմական ոլորտը, բայց ակնհայտ եմ համարում, որ մենք էլ մեր հերթին ունենք Թուրքիային առնչվող համապատասխան ռազմական պլաններ: Ի դեպ, վերջին տարիներին Թուրքիայում զինվորականների ազդեցության նվազեցումը (Էրդողանի միանձնյա ռեժիմի հաստատումը) կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա ոչ միայն այն առումով, որ Թուրքիայի զինված ուժերից հեռացվել են բազմաթիվ փորձառու բարձրաստիճան զինվորականներ: Խոսքը նաև այն մասին է, որ դրանով նվազում է նաև հարևան երկրների հանդեպ զինվորականների կողմից ռազմական սադրանքներ կազմակերպելու հնարավորությունը: Օրինակ, 2010թ․ բացահայտված «Բալյոզ» ռազմական հեղաշրջման պլանի կետերից մեկն առնչվում էր Հունաստանի նկատմամբ ռազմական սադրանք կազմակերպելուն: Այդ պլանի համաձայն` թուրքական կործանիչը պետք է ներխուժեր հունական օդային տարածք` դրանով իսկ օդային մարտ հրահրելով այդ երկրի ռազմաօդային ուժերի հետ: Մարտի արդյունքում հունական ռազմաօդային ուժերը պետք է կործանեին թուրքական կործանիչը: Բայց եթե չհաջողվեր նման կերպ Հունաստանին դրդել դիմելու ուժային քայլերի, ապա թուրքական «հատուկ նշանակության նավատորմն» ինքը պետք է վայր գցեր իր կործանիչը և դրանում մեղադրեր Հունաստանին: Դա ի ցույց կդներ թուրքական իշխանությունների անզորությունը տվյալ խնդրում և զինվորականներին կօգներ իշխանությունը վերցնել ձեռքը: Ընդգծեմ, որ «Բալյոզը» ծրագրված էր իրականացնել 2003թ․, իսկ Էրդողանի իսլամամետ կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայում իշխանության էր եկել 2002թ․ նոյեմբերին: Հայտնի է, որ Թուրքիայում աշխարհիկ ռեժիմի պահապան համարվող զինվորականները շարունակ գահընկեց են արել իսլամամետ կառավարությունները, որոնք փորձել են երկիրը շեղել նրա հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նախանշած ուղուց՝ այն տանելով դեպի իսլամականացում: Այնպես որ, 2001թ․ Հայաստանին առնչվող այդպիսի պլանի մշակումը ես չեմ կարողանում տեղավորել Թուրքիայի «խորքային պետության» շրջանակներում, քանի որ այն ժամանակ ԱԶԿ-ն դեռ իշխանության ղեկին չէր: Գարնանը սպասվող Կիպրոս–Հունաստան–Հայաստան ձեւաչափով հանդիպման համատեքստում ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այդ պլանի գաղտնազերծումը: Ես միայն ողջունում եմ նման ձևաչափի ստեղծումը, որը կարող է նոր որակ հաղորդել երեք երկրների համագործակցությանը, մեծացնել նրանց փոխգործակցությունը, այդ թվում նաև Թուրքիային առնչվող տարատեսակ թեմաների շուրջ: Ինչ վերաբերում է ռազմական պլանին, ապա չեմ կարծում, թե այն որևէ կերպ կարող է ազդել երեք երկրների համագործակցության վրա, քանի որ այն նորույթ չէր կարող հանդիսանալ նրանց համար: Նույն կերպ անկասկած եմ համարում, որ Թուրքիան ունի նաև Հունաստանին ու Կիպրոսին առնչվող ռազմական պլաններ: Երեք երկրների նկատմամբ Թուրքիայի այս դիրքորոշումը նույնպես կարող է մեծապես միավորել Հայաստանին, Հունաստանին ու Կիպրոսին: Հայաստանի համար կարևորում եմ տարածաշրջանային տարբեր երկրների հետ եռակողմ ու քառակողմ համագործակցության մեխանիզմների ստեղծումն ու զարգացումը, քանի որ դրանք մեծացնում են Հայաստանի կշիռն ու պահանջարկը: Իսկ դա շատ կարևոր է՝ հաշվի առնելով, որ Թուրքիան կարողանում է շատ խնդիրների լուծումը բեկել իր օգտին շնորհիվ հենց թուրքական նժարի ծանրության, շնորհիվ այն բանի, որ նման հարցերի ժամանակ նա առաջարկում է կամ անգամ ստիպում է, որպեսզի կշեռքի նժարներից մեկի վրա դնեն իրեն, իսկ մյուս նժարի վրա՝ մյուս կողմին, և տեսնել, թե որ նժարն է առավել ծանրակշիռ: Հայաստանի նժարը պետք է աստիճանաբար դառնա առավել ծանրակշիռ, և մենք ունենք դա անելու բազում, տարատեսակ հնարավորություններ՝ սկսած, ասենք, Հայոց ցեղասպանության հետևանքներին առնչվող իրավական ճանապարհով գնալու ու մեծ հաջողություններ արձանագրելու հեռանկարից մինչև ջրային ոլորտի լուրջ խաղացող դառնալու հեռանկար:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
02-12-2019 22:58