Համաշխարհային բանկի խումբն աջակցելու է ներդրումների ներգրավմանը և կին ձեռնարկատերերի հզորացմանը Հայաստանում

05-12-2019 18:47

Երևան, ՀՀ,  2019 թվականի դեկտեմբերի 5 — Համաշխարհային բանկի խումբը` Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ,   Հայաստանում մեկնարկում է նոր խորհրդատվական ծրագիր, որը կօգնի ՀՀ կառավարությանը իրականացնելու բարեփոխումներ, ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ (ՕՈՒՆ) և զարգացնել կանանց ձեռներեցությունը՝ երկրում գործարարության աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով: 2008 թվականից ի վեր ՕՈՒՆ-ների ներգրավումը Հայաստանում դարձել է մարտահրավեր` համաշխարհային տնտեսական ճգնաժամի և երկրի հիմնական առևտրային գործընկեր հանդիսացող Ռուստատանի տնտեսական ճգնաժամի, ինչպես նաև օրենսդրական և ինստիտուցիոնալ խնդիրների պատճառով: Հայաստանը դիմակայում է նաև ձեռնարկատիրության ոլորտում կանանց ու տղամարդկանց միջև անհավասարություններ` հանգեցնելով ավելի ցածր տնտեսական արդյունքի, որը համարժեք է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 14 տոկոսին: «Տնտեսական աճը և կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում»  երկամյա ծրագիրը կիրականացվի Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից  (ՄՖԿ):  Ծրագիրը կաշխատի երկու ուղղություններով. այն խորհրդատվություն կտրամադրի կառավարությանը ՕՈՒՆ-ների ներգրավման ոլորտում` ներդրումների նպատակային խրախուսման ու ներդրողների վստահության բարձրացման գործիքակազմի միջոցով: Ծրագիրը կօգնի նաև բարելավել կին ձեռնարկատերերի տնտեսական արդյունքները` բարելավելով նրանց գործարար կարողությունները և գործարար ցանցերի հասանելիությունը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց․ «Ես շնորհավորում եմ բոլորիս Հայաստանում խորհրդատվական ծրագրի մեկնարկի առիթով: Մենք գնահատում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունն այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են գործարար միջավայրի բարելավումը, ներդրումների խթանումը, որտեղ խորհրդատվական ջանքերը կօգնեն մեզ ձևավորել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը: Մենք շարունակելու ենք բարեփոխումների գործընթացը՝ նոր հնարավորություններ ստեղծելու Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման համար»: Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանն ասաց․ «Միացյալ Թագավորությունն ուրախ է աջակցելու այս ծրագրին բրիտանական կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով: Այն կօգնի Հայաստանի կառավարությանը բարելավել բիզնեսի համար բարենպաստ միջավայրը և խրախուսել ներդրումները ՝ տնտեսական աճը խթանելու նպատակով: Հատկապես կարևոր է շեշտադրումը կանանց տնտեսական հզորացման վրա. նպատակ, որն ընկած է բրիտանական կառավարության՝ զարգացման մոտեցման հիմքում»: ՄՖԿ-ի խորհրդատվությունը կնպաստի բարձր ներուժ ունեցող ոլորտների աճին, այդ թվում` ՕՈՒՆ-ների նպատակային խթանման համար խոստումնալից ոլորտների բացահայտման միջոցով: Ծրագիրը կօգնի բարելավել համապատասխան իրավակարգավորումները: Այն նաև կօգնի ՀՀ կառավարությանը բացահայտել ընտրված ապրանքների արտահանման ներուժը: Գործարար միջավայրի բարեփոխումներից կին ձեռնարկատերերի օգտվելու հնարավորությունն ապահովելու նպատակով` ծրագիրը կօգնի վերլուծել գործարարությամբ զբաղվող կանանց հիմնական խոչընդոտները և զարգացնել կին ձեռնարկատերերի կարողությունները: «Մասնավոր հատվածի ավելի բարձր արտադրողականությունը խթանում է տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը:  Ներդրումային միջավայրի բարեփոխումներն առանցքային են մասնավոր հատվածի զարգացման և կին ձեռնարկատերերի հզորացման համար»,- ասել է ՄՖԿ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենը, «Մենք կաշխատենք Հայաստանի կառավարության հետ օգնելու բարելավել երկրում գործարար միջավայրը, որը հանդիսանում է ավելի մրցունակ ներդրումային միջավայր ունենալու գործում Հայաստանի կառավարությանն աջակցության Համաշխարհային բանկի խմբի ավելի ընդարձակ ջանքի մի մասը»: Հայաստանը ՄՖԿ անդամ և  բաժնետեր դառնալուց ի վեր, ՄՖԿ-ն շուրջ 700 միլիոն ԱՄՆ դոլարի մասնակցություն է ունեցել  էներգետիկայի, ֆինանսական հատվածի, գույքային և արդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերում:

Lragir.am,
05-12-2019 18:47