Նիկոլ Փաշինյանը ձգտում է միահեծան իշխանության. ՀՅԴ հայտարարությանը

05-12-2019 18:44

Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը Հ. Յ. Դաշնակցության վերաբերյալ վարչապետի` Ազգային ժողովում հնչեցված մերկապարանոց հայտարարությունն անհանդուրժողականության, փաստերը խեղաթյուրելու և պետության կառավարման պատասխանատվությունն անհավասարակշիռ քաղաքական վարքագծով փոխարինելու դրսևորում է: Շահարկելով երկրում առկա բազմաթիվ բացասական երևույթները,  խախտելով սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքները՝ Ն. Փաշինյանը ձգտում է միահեծան իշխանության` նախկին անընդունելի դրսևորումների մերժումը վերածելով անցյալի ուրացման, չխորշելով անգամ ազատագրական պայքարի ձեռքբերումներն ու դրանք մարմնավորող ուժերին նսեմացնելուց: Լավագույն ապագա կերտելու՝ հանրության երազանքը,հույսն ու քաղաքական երկխոսության պահանջները բախվում են բարեփոխումներ իրականացնելու անկարող իշխանության ագրեսիվ վարքագծին: Դաշնակցության վարկանիշը կասկածի տակ դնող Փաշինյանն ուրանում է նաև սեփական քայլերն ու մոտեցումները՝մոռանալով, որ անցումային կառավարություն ձևավորելիս գործընկերություն էր փնտրում Դաշնակցության հետ և պատասխանատու պաշտոններ վստահում: Ժողովրդին պառակտելու` Ն. Փաշինյանի՝ անվերապահորեն հաջողված ձեռքբերումն ու տեխնոլոգիան փորձ է արվում տարածել Դաշնակցության վրա: Դաշնակցությունը մեկն է, և Դաշնակցությունը պաշտպանվելու կարիք չունի: Դաշնակցությունն իր անցյալի, իր ժառանգության տերն է, իր բացթողումները խմբագրելու կամք և ունակություն ունի: Նաև հստակ է ՀՅԴ հանձնառությունը` ծառայել պետականությանը, բայց ոչ՝ օրվա իշխանություններին և քաղաքական կոնյունկտուրային: Դաշնակցությունը  շարունակելու է իր առաքելությունը` խորապես անհանգստացած  Հայաստանիներկայով, երկրում վարվող անհեռատես ու անհավասարակշիռ պոպուլիստական քաղաքականությամբ, ստի և կեղծիքի մոլեգնող իրողությամբ, երկրի ներքին և արտաքին ռիսկերը դիմագրավելուն անպատրաստ իշխող քաղաքական թիմի գործունեությամբ: Կոչ ենք ուղղում Ն. Փաշինյանին` սթափվել և մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում, լուծել երկրի առջև օրեցօր ահագնացող  մարտահրավերները: Դիմում ենք ողջախոհ հանրությանն ու քաղաքական ուժերին՝ համախմբվել երկիրն այսանհեռանկար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջը:

Lragir.am,
05-12-2019 18:44