Գագիկ Ծառուկյանի փորձը պայթեցրեց նրա քաղաքական առասպելը

Օրեր առաջ մամուլում տեղ էր գտել հրապարակում, որ Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Մոսկվա, որտեղ նրան «ինստրուկտաժ» են արել հայաստանյան ներքաղաքական դաշտում առավել կոշտ ընդդիմադիր դիրքորոշում որդեգրելու համար: Մոսկովյան այցի ազդեցությու՞նն է արդյոք, որ ԲՀԿ նախագահը որոշեց ուժգին գրոհի համար օգտագործել քաղաքապետարանի շուրջ ստեղծված ինտրիգային վիճակը, թե՞ պարզապես Ծառուկյանը ուներ իր հաշվարկներն ու օրակարգը՝ ինչպես Վերնատուն մանուկյանական ակումբին միանալու վերաբերյալ հարցին պատասխանել էր ԲՀԿ նախագահի խոսնակը: Այդուհանդերձ, գրոհը կարծես թե չստացվեց, եւ ռադիկալ ու կոշտ վարքագծի ծառուկյանական փորձը կարծես թե բումերանգի էֆեկտով հարվածեց նրա ամենաուժեղ կողմին՝ «շեյխ ընկերների եւ միլիարդավոր դոլարների ներդրումների» ավետիսին: Այդ ավետիսը՝ որպես քաղաքական գլխավոր խաղաքարտ, ԲՀԿ նախագահը շրջանառության մեջ է դրել դեռեւս նախորդ համակարգի ժամանակաշրջանում, 2017 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ: Ծառուկյանը աստիճանաբար բարձրացնում էր նշաձողը՝ Կարեն  Կարապետյանի կառավարությանը զուգահեռ, որն իր հերթին ներդրումային նշաձողեր էր սահմանում Հայաստանի ներդրողների ակումբի հովանու ներքո: Ի վերջո, ԲՀԿ նախագահը 2017-ի խորհրդարանի ընտրությունից առաջ հրապարակեց առասպելական թիվը՝ 15 միլիարդ դոլարի ներդրում, շեյխ ընկերների հավաստիացմամբ, եթե ստանա ձայների 51 տոկոսը: ԲՀԿ նախագահը անշուշտ շատ լավ էր պատկերացնում, որ չի ստանալու եւ դուրս է Հայաստանում թե իշխանության ձեւավորման գործընթացից, եւ թե դրանից հետո աստիճանաբար դուրս է մնալու ընդդիմության ձեւավորման սպասվելիք գործընթացից, որ ծավալվելու էր Սերժ Սարգսյանի վարչապետությունից հետո: Թավշյա հեղափոխությունը Ծառուկյանին տվեց խաղի մեջ մնալու շանս, թեեւ դա ինքնին խաբկանք էր, քանի որ խորքային առումով դա խաղից պատվով դուրս գալու շանսն էր: Սակայն, նա թյուր գնահատեց շանսը, դիտարկելով այն որպես խաղի մեջ մնալու շանս: Հետեւանքը եղավ այն, որ Գագիկ Ծառուկյանի արմատական աշխուժության փորձը գործնականում պայթեցրեց նրա քաղաքական առասպելը՝ «շեյխ ընկերների միլիարդների» առումով: Դրանից հետո ԲՀԿ-ն հայտարարեց խորհրդարանի նիստը բոյկոտելու մասին, քանի որ Ծառուկյանի մեկ նախադասությունը դարձել է նրան համընդհանուր թիրախավորելու պատճառ: Բոյկոտին սակայն հաջորդեց Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունը, որ ԲՀԿ ակտիվությունը զուգադիպել է այն բանին, որ քրգործ է հարուցվել եւ մեղադրանք առաջադրվել Ծառուկյանին պատկանող կոնցեռնի տնօրենին՝ Հյուսիս-Հարավ մայրուղու ծրագրում խոշոր չարաշահումների համար: Ծառուկյանի վերականգնման վերջին հույսը թերեւս էլի շեյխերն են՝ Աբովյանում գոնե մի քանի հարյուր միլիոնի ներդրումային ծրագրերով, որոնք թույլ կտան Ծառուկյանին հետո մտածել Աբովյանից Երեւան քայլելու մասին: Հակառակ դեպքում պետք չէ ժամանակ կորցնել քաղաքականությունից դեպի տնտեսություն քայլելու հարցում, որովհետեւ ամեն հաջորդ պահը ավելի անխուսափելի, միաժամանակ դժվար է դարձնելու դա անելը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
05-12-2019 19:07