Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների աճ

05-12-2019 19:48

Հայաստանի Հանրապետությունում սկսվել է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը, ներկայումս նկատվում է դրանց աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Սուր շնչառական վարակների սեզոնը սկսվում է յուրաքանչյուր տարվա 40-րդ շաբաթից, այսինքն՝ հոկտեմբերից, և շարունակվում մինչև հաջորդ տարվա մայիս ամիսը ներառյալ: Համաձայն իրականացված վերլուծությունների՝ արդեն նկատվում է շնչառական վարակների աճ»,- նշեց Թորոսյանը և հավելեց, որ այս տարի ցուցանիշները  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե նույնն են, ընդ որում` 2019 թվականին ծանր դեպքերը քիչ են: Նրա խոսքով՝ պոլիկլինիկաներ դիմողներն ավելի շատ են, քան ստացիոնար բուժում ստացողները, ինչը վկայում է դեպքերի  ոչ այդքան ծանր լինելու մասին: «Հանրապետությունում  առավել տարածված են A և B տեսակների գրիպները:  Խորհուրդ եմ տալիս քաղաքացիներին լինել զգոն, կանխարգելիչ նպատակներով ավելի շատ հեղուկ խմել, հաճախ լվանալ ձեռքերն ու սահմանափակել շփումն արդեն վարակված մարդկանց հետ: Վերջիններին հորդորում եմ տանից դուրս չգալ, ինքնաբուժությամբ չզբաղվել ու հակաբիոտիկներ չօգտագործել»,- շեշտեց մասնագետը և կոչ արեց քաղաքացիներին գրիպի դեմ պատվաստում ստանալ:

Lragir.am,
05-12-2019 19:48