2019թ ՏՏ պետական մրցանակակիրը կիսվել է Հայաստանի մասին իր տպավորություններով

05-12-2019 20:33

Տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ դափնեկիր ճապոնացի գիտնական, դոկտոր Տակեո Կանատեի մասնակցությամբ դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը, մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, մրցանակաբաշխության հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել Տակեո Կանատեին հոբելյանական 10-րդ մրցանակաբաշխության դափնեկիրը լինելու համար, ընդգծել է գիտնականի ունեցած մեծ ներդրումը համաշխարհային գիտության առաջընթացի գործում: «Պարոն Կանատեն Կարնեգի-Մելոն համալսարանի դասախոս է, ով վիրտուալ իրականության հասկացության հայտնագործողն ու ներդնողն է: Նրա հայտնագործությունները մեծ նշանակություն են ունեցել և կարող են ունենալ ապագայում բժշկության, անվտանգության և ժամանցային ոլորտներում»,- ասել է նախարարի տեղակալը: Արմեն Աբրոյանն ընդգծել մրցանակաբաշխության կարևորությունը, որը թույլ է տալիս, որպեսզի Հայաստանը հանդես գա որպես տարածաշրջանային կենտրոն: «Մենք շատ ենք կարևորում մեր հայրենակիցների հաջողությունները և ներդրումը համաշխարհային ոլորտում, հիշում ենք նրանց անունները, բայց շատ կարևոր է նաև գնահատել համաշխարհային, այլ ազգի ներկայացուցչների ներդրումը տեխնոլոգիական ոլորտում, որը նաև թույլ է տալիս մեզ օգտվել այդ հայտնագործություններից»,- նշել է նա: «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, Հովիկ Մուսայելյանն ընդգծել է, որ սա բացառիկ հնարավորություն է մեր երկրի ու ժողովրդի համար՝ ունենալ նման առաջնորդություն՝ ընդունելու, մեծարելու և վայելելու համաշխարհային նշանակության նման մեծությունների ներկայությունը Հայաստանում: Նրա խոսքով՝այս միջոցառումն առավել ևս կարևոր է մեր երիտասարդության համար, նշել, որ այս շփումները լուրջ ներդրումներ են մեր երկրի ապագայի համար: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ իր խոսքում նշել է, որ պատահական չէ, որ Հայաստանը պետական մրցանակ է շնորհում համաշխարհային ներդրումների համար, ներդրումներ, որոնք փոխել են մարդկության կյանքը: Նրա խոսքով՝ մրցանակաբաշխության 10-ը տարիների ընթացքում Հայաստանը բավականին աշխատանք է կատարել դեպի զարգացած տեխնոլոգիական երկիր լինելու համար: Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  Հրանտ Պողոսյանը խոսել է այն, թե ինչո՞ւ է առաջարկել պարոն Կանատեի թեկնածությունը, պատմել է նրա հետ ծանոթության մասին: «Նա ակադեմիական գիտնական է, արդեն 50 տարի է՝ աշխատում է այդ ոլորտում, որից մեկը այսօր բոլորիս համար դարձել է շատ հայտնի, որովհետև շատ հաճախ մենք լսում ենք, թե ապագան կապված է արհեստական բանականության հետ և Կանատե սենսեի հիմնական գործերը անմիջապես կապված են այդ ոլորտի հետ»,- ասել է Հրանտ Պողոսյանը: Դոկտոր Տակեո Կանատեն շնորհակալություն է հայտնել նման մեծ պատվի արժանանալու և լինելու այն հայտնի 10 գիտնականների շարքում, որոնք արժանացել են այս մրցանակին: «Ինձ համար մեծ պատիվ է դառնալ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր: Ես լսել եմ, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտն ավելին է, քան պարզապես կարգախոս: Սա  շատ ողջունելի  է, և պատվաբեր է նման երկրի կողմից այսպիսի մրցանակի արժանանալը»,- ընդգծել է դոկտոր Տակեո Կանատեն: Նա նաև նշել է, որ հիացած է Հայաստանով, քանի որ լրջորեն ձեռնամուխ է եղել դառնալու տեխնոարդյունաբերական երկիր: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Lragir.am,
05-12-2019 20:33