Վերաբացվեց Բասենի մանկապարտեզը

05-12-2019 20:45

Վերանորոգումից հետո դեկտեմբերի 5-ին վերաբացվեց  Ախուրյան համայնքի  Բասեն բնակավայրի մանկապարտեզը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մանկապարտեզը հիմնանորոգվել է պետության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ 10 մլն 950 հազար դրամ գումարով, ՏԻՄ աջակցությամբ՝ համայնքի կամավորների կողմից: Ծրագիրն իրականացվել է «Մի բան անենք» համայնքային զարգացմանն ուղղված ազգային արշավի շրջանակներում: Նախաձեռնությունն իր ավարտուն տեսքն է ստացել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանին» ծրագրի շնորհիվ: Վերանորոգման արդյունքում մանկապարտեզն այժմ կարող է ընդունել 90 երեխայի՝ 60-ի փոխարեն: «Մանկապարտեզի  մի հատվածի վերանորոգման, բակի բարեկարգման աշխատանքները  և գույքի ձեռքբերումը հնարավոր դարձավ կամավորների աշխատանքների շնորհիվ: Համայնքի կամավորներին միացան նաև սփյուռքից ժամանած  կամավորները: Սա  ևս մեկ անգամ փաստում է, որ  մենք ինքներս պետք է կառուցենք ու շենացնենք մեր հայրենիքը», – նշեց Բասենի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը: «Այսօր շատ կարևոր օր է՝ կարևոր  կոչով՝ «Մի բան անենք», ու եթե կա ցանկություն ու հետևողականություն, ամեն ինչ հաստատ լավ է լինում, ինչի  ապացույցն այս հրաշալի մանկապարտեզն է: Սա տարբեր կառույցների միասին աշխատելու լավ օրինակ է»,-ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, շնորհավորելով բոլորին ու հատկապես համայնքի բնակիչներին, նշեց, որ սա համայնքի ուժերի համախմբման լավագույն օրինակն է: «Անչափ  ոգևորիչ է տեսնել կամավորության ոգին և միասնականությունը, որ համայնքն հանդես է բերել՝  համայնքի փոքրիկների համար մանկապարտեզը վերանորոգելու հարցում»,-նշեց Դեբորա Գրիզերը: «Մի բան անենք» արշավի նպատակն է նպաստել համայնքերի զարգացմանն ու հզորացմանը: Արշավը կշարունակվի նաև  հաջորդ տարի՝ Գյումրի, Արթիկ և Ամասիա համայնքներում:

Lragir.am,
05-12-2019 20:45