Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակության ղեկավարների հայտարարությունը

05-12-2019 21:33

Բրատիսլավայում ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները, (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարար Ժան-Բապտիստ Լեմուան, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնականի պաշտոնակատար Ֆիլ Ռիկեր) հայտարարություն են տարածել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հայտարարությունում նշված է, որ նրանք հավատարիմ են մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդությանը: Նրանք դրական են գնահատում շփման գծին ու սահմանին բռնության հարաբերական ցածր մակարդակը: Նրանք ողջունել են անցած տարում իրականացված կոնկրետ քայլերը լարվածությունը թուլացնելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ: Հաշվի առնելով, որ լրագրողների փոխանակման և հունիսի 28-ին ազատազրկված անձանց փոխանակումը դրական դեր են խաղում առարկայական բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ձևավորման գործում՝ պատվիրակության ղեկավարները կոչ են անում լրացուցիչ կոնկրետ մարդասիրական ու անվտանգային միջոցառումներ ձեռնարկել: Նրանք ողջունում են Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մտադրությունը 2020 թվականի սկզբին հանդիպելու վերաբերյալ՝ աշխուժացնելու խաղաղ կարգավորման առանցքային հարցերի շուրջ բանակցությունները: Պատվիրակության համանախագահ ղեկավարները վերահաստատում են, որ արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, հավասար իրավունքներ և ժողովուրդների ինքնորոշում: Պատվիրակության համանախագահ ղեկավարները կրկին շեշտում են, որ ստատուս-քվոն անընդունելի է և չի կարող հակամարտության ռազմական լուծում լինել: Նրանք կոչ են անում կողմերին առանց արհեստական ձգձգումների ու պայմանների առարկայական բանակցություններ սկսել:

Lragir.am,
05-12-2019 21:33