Բաքուն վերջակետ է դրել մադրիդյան ու մյուս սկզբունքների վրա

Բրատիսլավայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման օրը ղարաբաղյան կարգավորման շուրջ իրադարձությունների ժամանակագրությունը եւ Բաքվի առաջին արձագանքը շատ հատկանշական մտքերի են հանգեցնում: Հանդիպումից մի քանի օր առաջ Իլհամ Ալիեւը կնոջն ուղարկել էր Մոսկվա, նրան ընդունել են ամենաբարձր մակարդակով, այդ թվում՝ Պուտինը, բայց խոսել են բացառապես տնտեսության եւ Ադրբեջանում ռուսերենի կարգավիճակի մասին: Այդ թվում՝ խողովակաշարերի, եւ հիմքեր կան ենթադրելու, որ Մեհրիբան Ալիեւան փորձել է համոզել Պուտինին Թուրքմենստանից գազամուղ անցկացնելու թույլտվություն տալ: Դրանից մի քանի օր անց Թուրքիայում Իլհամ Ալիեւը իր «եղբայր Ռեջեբի» հետ բացել են վաղուց արդեն կառուցված TANAP-ը, որով գազն Ադրբեջանից պետք է Եվրոպա հասնի: Կառուցելը կառուցել են, բայց Ադրբեջանն այդքան գազ չունի, եւ խողովակը կարելի է լցնել միայն թուրքմենական գազով: Իսկ Մոսկվան ու Թեհրանը թույլ չեն տալիս Կասպից ծովի հատակով Թուրքմենստանից խողովակ անցկացնել: Ըստ ամենայնի, Մոսկվայում Մեհրիբան Ալիեւային ասել են, որ թույլ կտան խողովակն անցկացնել, եթե Բաքուն համաձայնություն տա Լավրովի պլանին: Մեհրիբանը, ըստ երեւույթին, համաձայնվել է: Լավրովը մեկնել է Բաքու եւ հետաքրքիր հայտարարություններ արել: Նա ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունում փոխզիջման հնարավորություն կա, հայտարարվել է նաեւ Բրատիսլավայից հետո հնգակողմ հայտարարության մասին: Հասկանալի է, որ այդ հայտարարությունում պետք է լիներ Լավրովի պլանը կամ մադրիդյան սկզբունքները, որոնք շատ են պետք Ռուսատանին Հարավային Կովկասում վերահսկողության պահպանման համար: Բայց Երեւանում Լավրովի հայտարարություններից հետո Բաքվում փաստորեն կրկնել են 2013 թվականին տեղի ունեցածը: Բաքուն Բրատիսլավայի հանդիպումից առաջ փաստաթուղթ է հրապարակել, որը նշանակում է Լավրովի եւ այլ պլաններից հրաժարում: Ինչու՞ է Բաքուն գնացել այդ քայլին: Ալիեւը Պուտինից վերջնական մերժու՞մ է ստացել Կասպից ծովի հատակով գազամուղի հարցում: Թե՞ պատահաբար էր հենց այդ օրն Ալիեւն իր հատուկ պատվիրակին նամակով ուղարկել Թեհրան՝ Ռոհանիի մոտ՝ առաջարկելով «համատեղ լուծել տնտեսական ու բնապահպանական խնդիրները Կասպից ծովում»: Հունվարին Պուտինը Թուրքիա է մեկնելու Էրդողանի հետ բացելու «Թուրքական հոսքը», որով վառելիքը Ռուսաստանից Եվրոպա է հոսելու, եւ Ռուսաստանում հազիվ թե ցանկանան, որ TANAP-ը ողջ հզորությամբ աշխատի: Բացի այդ, գազամուղի հարցով պայմանավորվածության բացակայությունը կարելի է դիտարկել որպես Ռուսաստանի անհարգալից վերաբերմունք Մեհրիբան Ալիեւայի նկատմամբ: Դրա պատասխանն էլ Բաքվի դեմարշն էր Լավրովի այցից հետո: Կասպիցի հատակով գազամուղ չկա, TANAP-ը դեռ դատարակ է, Ալիեւը պատրաստվում է ընտրությունների, Մեհրիբանը չի անցել առաջին մկրտությունը, իսկ Բաքուն վերջակետ է դրել մադրիդյան ու մյուս սկզբունքների վրա՝ զրոյացնելով իրավիճակը: Հայաստանը կարող է սկսել զրոյից՝ 1994 թվականի հրադադարի եռակողմ համաձայնագրից:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
05-12-2019 23:01