Ավելի քան 140 000 մահ է գրանցվել կարմրուկի բռնկումների պատճառով

06-12-2019 11:12

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԿ) նոր տվյալների՝ 2018-ին աշխարհում կարմրուկի պատճառով ավելի քան 140,000 մահ է գրանցվել: Աշխարհում կարմրուկի վարակման դեպքերն ավելացել են՝ բռնկումներ առաջացնելով բոլոր տարածաշրջաներում: Այս մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից: Զոհերի մեծամասնությունը մինչև հինգ տարեկան երեխաներ են: Ավելի հավանական է, որ նորածիններն ու փոքրիկ երեխաները կարմրուկի վարակի ու դրանից բխող բարդությունների, օրինակ՝ թոքաբորբի և էնցեֆալիտի զոհ դառնան: Ավելին, կարմրուկի վարակը կարող է նաև հաշմանդամություն առաջացնել՝ ուղեղի վնասվածք, տեսողության կամ լսողության կորուստ: Վերջին տվյալները փաստում են, որ կարմրուկը առողջության վրա կարող է ավելի երկաժամկետ հետք թողնել՝ ամիսներ ու տարիներ շարունակ վնաս հասցնելով իմունային համակարգին: Իմունային համակարգի «հիշողության կորուստը», իր հերթին, կարմրուկը հաղթահարած անձին խոցելի է դարձնում այնպիսի մահացու հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են գրիպը և փորլուծությունը՝ ոչնչացնելով մարմնի իմունային համակարգի պաշտպանության մեխանիզմը: «Անընդունելի է, որ նախորդ տարի այդքան երեխա է մահացել ամբողջովին կանխարգելելի հիվանդությունից, ինչը փաստում է, որ որևէ տեղ հայտնված կարմրուկի վարակը վտանգավոր է ամենուր ապրող երեխաների համար»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore): «Երբ նշանակալի թվով երեխաներ պատվաստումներ չեն ստանում, ամբողջ համայնքին են վտանգի առջև դնում: Մենք այս օրինաչափությունը նկատում ենք, օրինակ, Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունում, որտեղ այս տարի կարմրուկը ավելի քան 4500 երեխայի կյանք է խլել»: Կարմրուկին կարելի է հաղթել պատվաստումների միջոցով: Միայն նախորդ 18 տարիների ընթացքում կարմրուկի դեմ պատվաստանյութը աշխարհում 23 միլիոն մարդու կյանք է փրկել: Այնուամենայնիվ, վերջին տասնամյակում պատվաստման ծածկույթը հետզհետե նվազել է: Ըստ ԱՀԿ-ի ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների՝ աշխարհում 2018-ին երեխաների 86%-ը ստացել է կարմրուկի դեմ պատվաստանյութի մեկ չափաբաժին, իսկ անհրաժեշտ երկրորդ չափաբաժինը ստացել են երեխաների միայն 70%-ը: Յուրաքանչյուր երկրի ու համայնքի բնակչությանը վարակից պաշտպանելու համար ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս, որ բնակչության 95%-ը պատվաստված լինի կարմրուկի դեմ երկու դեղաչափով: 2018-ին կարմրուկով վարակման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Ուկրաինայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Լիբերիայում, Սոմալիայում: Այս 5 երկրներում է գրանցվել աշխարհի կարմրուկով վարակվելու դեպքերի կեսը: Այս տարի նույնիսկ Միացյալ Նահանգներում գրանցվել է վերջին 25 տարվա ամենաբարձր ցուցանիշը, իսկ Եվրոպայի 4 երկրներ՝ Ալբանիան, Հունաստանը, Չեխիան և Միացյալ Թագավորությունը կորցրել են «կարմրուկից ազատ գոտի» լինելու կարգավիճակը: Տարածաշրջանը հայտարարվում է կարմրուկից ազատ գոտի, եթե այնտեղ ավելի քան 12 ամսվա ընթացքում վարակման դեպք չի գրանցվել: Հետևաբար, երկիրն այլևս «կարմրուկից ազատ գոտի» չէ, եթե վարակը վերադառնում է և մեկ տարվա ընթացքում վարակման մի քանի կամ բազմաթիվ դեպքեր են գրանցվում: Կարմրուկի և դեղնախտի նախաձեռնությունը, որի կազմում են Ամերիկայի կարմիր խաչը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի հիմնադրամը, ՀՎԿԿ-ն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ԳԱՎԻ՝ Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը, աջակցում են երկրներին ճիշտ արձագանքել կամրուկի բռնկումներին՝ պատվաստումների վերաբերյալ ճգնաժամային արշավների միջոցով: Իրավիճակը Հայաստանում՝ Ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված 7 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի հետ:

Lragir.am,
06-12-2019 11:12