Կանադահայը դարձավ Շառլ Ազնավուրի առաջին կրթաթոշակառու Դիլիջանի միջազգային դպրոցում

06-12-2019 14:35

Ի հիշատակ 1988թ.-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի և ֆրանսահայ հռչակավոր երգիչ Շառլ Ազնավուրի անմոռանալի օգնության, ով ստեղծեց «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը և աջակցություն տրամադրեց երկրաշարժից տուժված մարդկանց: 17-ամյա կանադահայը դարձավ Շառլ Ազնավուրի առաջին կրթաթոշակառու Դիլիջանի միջազգային դպրոցում: Շառլ Ազնավուրի կրթաթոշակը մեկնարկել է 2018 թվականի հոկտեմբերին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից՝ ի հիշատակ մեծ արտիստ և հումանիստ Շառլ Ազնավուրի: 2019-2020 ուսումնական տարում Դիլիջանի միջազգային դպրոցը իր դռներն է բացել կրթաթոշակին արժանացած առաջին ուսանողի առջև: Մոտ մեկ տարի առաջ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց Շառլ Ազնավուրի անվան կրթաթոշակի հիմնադրման մասին: Ազնավուրն ի սկզբանե իր անվամբ և ջանքերով աջակցեց Ավրորայի կայացմանը. նա կարևոր դերակատարում ունեցավ 2016-ին և 2017-ին «Ավրորա» մրցանակաբաշխությունում: Որոշվեց, որ իր հիշատակին նվիրված նոր կրթաթոշակն ամեն տարի շնորհվելու է Ֆրանսիայից և ֆրանկոֆոն երկրներից ուսանողներին, որոնք հնարավորություն կունենան սովորելու UWC Դիլիջանում՝ Հայաստանում գործող միջազգային գիշերօթիկ դպրոցում, որը հանդիսանում է UWC շարժման մաս: Այս կրթաթոշակը միտված է համախմբել Ազնավուրի երկու աշխարհները՝ Ֆրանսիան և Հայաստանը, որպես այդ կապերը հիշատակելու և սերնդե սերունդ Շառլ Ազնավուրին երախտագիտությունը հայտնելու մի փոքրիկ միջոց: Դիլիջանի միջազգային դպրոցը «Ազնավուր» հիմնադրամի հետ միասին սահմանեցին կրթաթոշակի յուրահատուկ չափանիշները: Հաջողակ թեկնածուից ակնկալվում էր, որ նա կցուցաբերի գեղարվեստական ​​հմտություններ՝ երաժշտություն ստեղծելու կամ կատարելու, գրական ստեղծագործություններ արարելու, թատրոնում խաղալու, նկարելու և այլ ունակություններ: Նիկոլա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի որդին և «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը, անձամբ մասնակցել է դիմումների քննարկմանը և թեկնածուների ընտրությանը: Շառլ Ազնավուրի առաջին կրթաթոշակառու ընտրվեց Արմեն Էրզինգացյանը: Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին կուրսի 17-ամյա ուսանող Արմենը ծնվել է Կանադայի Մոնրեալ քաղաքում և այնտեղ ապրել իր կյանքի մեծ մասը: Նա կանադահայ է՝ հայկական ծագում ունեցող ծնողների զավակ: Արմենը շատ հետաքրքրասեր, մոտիվացված անձնավորություն է, տարված է գիտությամբ, կենսաբանությամբ, շատ է սիրում երաժշտությունը՝ վաղ հասակից դաշնամուր է նվագում: Վերջին երկու տարիների ընթացքում Արմենը նաև ներգրավված է եղել իր հետաքրքրությունների հետ կապված բազմաթիվ միջոցառումներում և կամավորական աշխատանքում, այդ թվում՝ հիվանդանոցներում աշխատանքը, իր դպրոցում կանաչ կոոպերատիվի վարումը և տեղական մանկապարտեզներում ֆրանսերենի ու մաթեմատիկայի դասավանդումը: Արմենը Դիլիջանի միջազգային դպրոցի մասին առաջին անգամ լսեց իններորդ դասարանում, երբ դպրոցի ​​խորհրդատուն այցելեց իր դասարանը և համառոտ ներկայացրեց UWC շարժումը, որտեղ գալիս, ապրում և երկու տարի միասին սովորում են աշխարհի տարբեր երկրներից երիտասարդներ: Պատմությունը հիացրեց տղային, և նա ինքն իրեն խոստացավ, որ մի օր կսովորի Հայաստանի UWC Դիլիջան քոլեջում: «Ես շատ հպարտ եմ իմ ծագմամբ, և արմատներիս վերադառնալու գաղափարը հետաքրքրաշարժ թվաց ինձ»,- ասում է Արմենը: 2018-ի աշնանը Արմենը Շառլ Ազնավուրի անվան կրթաթոշակի թեկնածու դարձավ իր երկրի ազգային կոմիտեի կողմից: «Անհավատալի էր: Ես չէի կարող պատկերացնել անգամ, որ ինձ կդիտարկեն այս հեղինակավոր կրթաթոշակի համար, դա երազ էր: Ես միջազգային հանձնաժողովին ուղարկեցի տեսանյութ, որում ասվում էր, թե ով եմ ես, ինչ եմ արել, ինչու եմ ուզում գնալ UWC և ինչո՞ւ հենց ես պետք է ստանամ կրթաթոշակը: Որոշ ժամանակ անց նրանցից էլեկտրոնային փոստով նամակ ստացա, որ ես սովորելու եմ UWC Դիլիջանում: Չեմ կարող նկարագրել, թե ինչ էի զգում՝ ստանալով կրթաթոշակ բոլոր հայերի, ֆրանսախոսների և, հիրավի, ողջ աշխարի համար այդպիսի նշանավոր մարդու անվամբ: Մի մարդու, ում երաժշտությունը լսել էի ամբողջ մանկությունս, ինչպես լսում են նրա երաժշտությունը գրեթե բոլոր հայկական  ընտանիքներում: Ես բառեր չեմ գտնում՝ շնորհակալությունս հայտնելու «Ավրորա» և «Ազնավուր» հիմնադրամներին ինձ այս կրթաթոշակը շնորհելու, UWC Դիլիջան գալու, այստեղ ապրելու և նման բազմազան ու հարուստ միջավայրում սովորելու համար: Իսկապես ինձ համար երջանկություն է Դիլիջանի միջազգային դպրոցում ուսանելը՝ գտնվելով Հայաստանում, իմ հայրենիքում»,- ասում է Արմեն Էրզինգացյանը: «Մենք շատ ուրախ ենք, որ ունենք Շառլ Ազնավուրի առաջին կրթաթոշակառուն: «Ազնավուր» հիմնադրամի առաքելությունն է աջակցել կրթության ոլորտին և երիտասարդներին իրականացնել իրենց երազանքներն ու ներուժը: Այս ամենամյա կրթաթոշակը նոր հնարավորություններ կընձեռի նրանց, ովքեր հավատում են կրթության ուժին և ցանկանում են դառնալ UWC ընտանիքի անդամ»,- ասում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը:

Lragir.am,
06-12-2019 14:35