Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ

06-12-2019 16:03

Աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 5-ին  հանդիպել է Ալբանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Գենտ Ցակային: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Նախարար Մնացականյանը շնորհավորել է Ալբանիայի իր գործընկերոջը՝ ԵԱՀԿ նախագահության առաջիկա ստանձնման կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի աջակցությունը ալբանական նախագահության առաջնահերթություններին: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել  ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի, կազմակերպության  առջև ծառացած խնդիրների և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ վերջին զարգացումները՝ վերահաստատելով խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի առաջնայնությունները, որոնք ժամեր առաջ ներկայացրել է ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովին ունեցած իր ելույթում: Երկկողմ հարաբերությունների համատեքստում նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ալբանիայի հետ տարբեր մակարդակներում և ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ալբանիայի միջև առկա է համագործակցության խթանման մեծ ներուժ, և անհրաժեշտ է համատեղ ջանքերով աշխատել այն լիարժեք օգտագործելու ուղղությամբ: Ուրվագծվել են երկկողմ օրակարգի հարստացման և քաղաքական երկխոսության ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Lragir.am,
06-12-2019 16:03