ԱԺ-ում քննարկվում է ռազմական գործողությունների ընթացքում երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց փոխհատուցման հարցը

06-12-2019 16:01

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է ռազմական գործողությունների ընթացքում նաև երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց փոխհատուցում նախատեսող օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հեղինակել է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշել է, որ գործող օրենքը նախատեսում է առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում՝ անձի առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու դեպքում: Օրենքի նախագծով նախատեսվում է պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` փոխհատուցումը սահմանել 35.000.000 դրամ, պայմանագրային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 25.000.000 դրամ, պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 15.000.000 դրամ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրեց Կառավարության բացասական դիրքորոշումը:

Lragir.am,
06-12-2019 16:01