Ութամյա Էլենը հաղթահարել է քաղցկեղն ու վաղն արդեն կարթնանա տանը

06-12-2019 16:23

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող, «Ժպիտների քաղաք»/«City of smile» բարեգործական հիմնադրամի շահառու 8-ամյա Էլեն Մկրտչյանը վաղն արդեն կարթնանա տանը, կգրկի իր սիրելի փափուկ խաղալիքն ու ընկերուհուն կհրավիրի իրենց տուն՝ ինչպես ինքն է ասում՝ զբաղվելու: Էլենի համար դեկտեմբերի 6-ն առանձնահատուկ էր, այսօր նրան հայտնեցին, որ իր անալիզները լավ արդյունք են ցույց տվել, ինքը բուժված է ու կարող է գնալ տուն: Էլենը տուն գնալու լուրն ընդունեց շատ զուսպ, մայրն ասաց՝ Էլենը զգացմունքային, բայց չարտահայտվող է, զգացմունքներն իր ներսում է պահում: «Շատ էի սպասում տուն գնալուն: Առաջինը գրկելու եմ իմ փափուկ խաղալիք նապաստակին, որովհետև շատ եմ սիրում: Կանչելու եմ ընկերուհուս, որ իրար հետ զբաղվենք: Բայց երբ ես իրեն ասում եմ ընկերուհի, ինքն ասում է՝ ես քո քույրն եմ, ասում է՝ ինքը քույր չունի, ես էլ չունեմ, ուրեմն իրար քույր ենք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Էլենը: Էլենը նշեց՝ քույրիկ չունի, սակայն եղբայրներ՝ լիքը: Տանը Էլենին սպասում է հարազատ երկու եղբայրներից մեկը, մյուսը ծառայում է բանակում: Նախքան տուն գնալու մասին լուրը լսելն Էլենից հետաքրքրվել էինք, թե Ամանորն ինչպես է դիմավորելու: «Գնալու եմ տուն, եղբայրներիս մոտ»,-ասաց Էլենը՝ առանց իմանալու, որ իր ցանկությունը շատ ավելի շուտ է կատարվելու: Տոներին ընդառաջ Էլենը հասցրել է արդեն Ձմեռ պապիկին նամակ գրել, նամակի բովանդակությունը գաղտնիք չէր: «Ուզել եմ իմ հասակի տիկնիկ, որ ձեռքերը շարժվի ու ունենա իր վարսահարդարման գործիքները»,-ասաց 8-ամյա փոքրիկն ու խոստովանեց իր երազանքն է դառնալ «Միսս Հայաստան»: Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի օրդինատոր Աննա Ավագյանը պատմեց, որ Էլենի մոտ ախտորոշված է եղել լոկալիզացված տիպի յուինգի սարկոմա (ոսկրի քաղցկեղ), մետաստատիկ ախտահարումներ չեն հայտնաբերվել: Էլենը հունվար ամսից Մուրացանի կլինիկայում ստացել է քիմիաթերապիա, որից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ենթարկվել է վիրահատության, կատարվել է ուռուցքի հեռացում, ինչից հետո նա ընդունվել է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն: Բուժումն արդեն ավարտվել է, վերջին քիմիոթերապիան կատարվել է 2 շաբաթ առաջ: Հիմա Էլենը բուժված է, և նրան դուրս ենք գրում»,-ասաց Ավագյանը: Էլենը շատ է սպասել տուն գնալուն, բժիշկներից նաև հետաքրքրվել է, թե երբ են իր լաբորատոր ցուցանիշները լավանալու: «Երեկ Էլենը նեղացած նստած էր, որովհետև 2 օր առաջ կատարված արյան անալիզներում ցուցանիշները մի փոքր ցածր էին, նա նեղացած էր, փորձում էինք կատակներ անել, որ տրամադրությունը բարձրանար: Այսօր անալիզները կրկնեցինք, տեսանք, որ ամեն ինչ լավ է, և այսօր Էլենը տուն է գնալու»,-եզրափակեց Ավագյանը: Աննա Գրիգորյան

Lragir.am,
06-12-2019 16:23