20 մլրդ դրամ գումար կա զինծառայողների հիմնադրամում, որից 17 մլրդ-ը արդեն ծանրաբեռնված գումար է

06-12-2019 16:21

Կառավարությունը դեմ է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին, որով նախատեսվում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամից փոխհատուցում տալ նաև զինծառայության ընթացքում առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ԱԺ նիստում ասաց, որ դա հիմնադրամի սկզբունքներից շեղում է ենթադրում: Ըստ նրա՝ հինադրամի միջոցները նախատեսված են ինչպես պատերազմական, այնպես էլ խաղաղ պայմաններում հատուցումներ իրականացնելու համար: Մոտավորապես 20 մլրդ դրամ գումար կա հիմնադրամում, որից 17 մլրդ-ը արդեն ծանրաբեռնված գումար է: Հիմնադրամի գործունեության մեջ առկա են մի շարք ռիսկեր, իսկ այս ձևաչափն ավելի է մեծացնելու ռիսկայնությունը, ասաց Բալայանը: «Իրականում գործադիր իշխանության քաղաքականությունն այս հարցում հետևյալն է՝ ոչ թե մեծացնել շրջանակը, այլ ինչքան հնարավոր է հետ գնալ: Մենք հանձնառություն ենք վերցրել, որ առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում շահառուների ընդգրկման ժամկետն իջնելու է մինչև 1992 թվականը: Հնարավորություն ենք դիտարկում նաև հետագայում մինչև 1988 թվական իջնելը: Հաջորդ տարվանից մենք կփոխհատուցենք 1998 թվականից սկսած դեպքերի համար»,- հավելեց Գաբրիել Բալայանը: Փոխնարարն անդրադարձավ նաև հիմնադրամի գումարների մասին խոսակցություններին, թե ոչ բոլոր աշխատողների վճարած գումարներն են փոխանցվում հիմնադրամ: «Ես չգիտեմ ինչ նպատակով հանրությանը մատուցվում է ոչ ճիշտ տեղեկատվություն: Որևիցե լումա չի կորում այդտեղից, պարզապես համակարգն այնպես է ստեղծված, հիմա դրա վրա աշխատում ենք, տեխնիկական լուծման մեջ է խնդիրը: Որևիցե կոպեկ չկա, որը կորում է, մենք ստանում ենք նաև հաշվետվությունը»,- ասաց Բալայանը:

Lragir.am,
06-12-2019 16:21