ԱԺ-ն քննարկում է անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու ԿԲ իրավունքը չեղարկելու նախագիծը

06-12-2019 16:42

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը դեկտեմբերի 6-ի ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: «Այդ դրույթի ընդունման նպատակն է եղել անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը և ապահովել ֆինանսական կայունությունը՝ այլ, ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում: Հարկ է նշել, որ նման դրույթներ նախատեսված են եղել և կիրարկվել են ԱՊՀ մի շարք երկրներում, և այն ժամանակ մեր տարածաշրջանում ֆինանսական ենթակառուցվածքների թերի զարգացվածության պարագայում որոշակիորեն արդարացված էին, սակայն նույնիսկ այդ պարագայում հանդիպեցին բուռն հակազդեցության և քննարկումների ինչպես ԿԲ ներսում, այնպես էլ համակարգի մասնակիցների շրջանում: Հետագայում, կարճ ժամանակ անց, այն ուղղակի հակասության մեջ  մտավ տվյալ ժամանակահատվածում արագ զարգացող օրենսդրության և զարգացած տնտեսություններում գործող ինստիտուտների հետ, ինչպիսիք են, օրինակ, առևտրային գաղտնիքի և անձնական տվյալների պաշտպանությունը»,- նշեց Երիցյանը: Օրենքի նախագիծը նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացել է դրական եզրակացություն:

Lragir.am,
06-12-2019 16:42