Ամերիկայի հայկական համագումարը գովաբանում է Սենատորներ Մենենդեզի և Քրուզի հաստատակամությունը Հայոց ցեղասպանության բանաձևն ընդունելու հարցում

06-12-2019 17:12

Հինգշաբթի, դեկտեմբերի 05-ին, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Ռոբերտ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և Սենատոր Թեդ Քրուզը (Հանրապետական, Տեխաս) հայցեցին միաձայն համաձայնություն տալ Սենատի բանաձև (S.Res.) 150-ը քննարկելու համար՝ հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Հայոց ցեղասպանության բանաձևը ներկայացվել էր ապրիլին և վայելում է 28 սենատորների երկկուսակցական աջակցությունը: «Ես կանգ չեմ առնի այնքան ժամանակ, մինչ մենք չանենք այն, ինչ բարոյապես և սկզբունքորեն ճիշտ է, այն է՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արդեն արել են բազմաթիվ այլ պետություններ»,-հայտարարեց Սենատոր Մենենդեզը, ով նաև խոստացավ շաբաթը մեկ անգամ խոսքով հանդես գալ դահլիճում ու հայցել միաձայն համաձայնություն՝ քննարկելու S.Res. 150-ը: «Դա դաժան ցեղասպանություն էր: Այն, որ դա տեղի ունեցավ՝ փաստ է և անհերքելի իրականություն»,- նշեց սենատոր Քրուզը: «Ես հավատացած եմ, որ գալիք օրերին և շաբաթներին մենք կնդունեք այս բանաձևը»,- հավելեց նա: Սեղմե՛ք այստեղ դիտելու համար https://files.constantcontact.com/5f0c3bc7001/c550b885-a7f0-48cc-8899-ac58e8d3ff2e.png Սենատոր Բոբ Մենենդեզ (Դեմոկրատ, Նյու Ջերսի) https://files.constantcontact.com/5f0c3bc7001/f3c10f02-e0f8-4a26-9104-5a68f84f4511.png Սենատոր Թեդ Քրուզ (Հանրապետական, Տեխաս) «Մենք ողջունում ենք Սենատորներ Մենենդեզին և Կրուզին, ովքեր համառորեն քարոզել են Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման համար և շարունակում են ճիշտ քայլեր ձեռնարկել՝ կոչ անելով պաշտոնական ճանաչման և հիշատակման, ինչպես նաև խրախուսում են Հայոց ցեղասպանության մասին կրթությունն ու հանրային ընկալումը»,- հայտարարեց Համագումարի Գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Ցավոք, միաձայն համաձայնություն տալու հայցմանն առարկեց Սենատոր Քեվին Քրեյմերը (Հանրապետական, Հյուսիսային Դակոտա)՝ Ադմինիստրացիայի խնդրանքով: Սենատոր Քրեյմերն ասաց. «Ես սատարում եմ այս բանաձևի էությունը», սակայն նա հայտարարեց, որ այժմ ճիշտ ժամանակը չէ՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև երկկողմ դիվանագիտական քննարկումների պատճառով: Ի պատասխան՝ Սենատոր Մենենդեզը նշեց. «Երբեք լավ ժամանակ չի լինում: Սակայն, իմ կարծիքով, միշտ էլ ճիշտ ժամանակն է, այնուամենայնիվ, ճանաչել ցեղասպանությունը որպես ցեղասպանություն»: Սենատոր Քրեյմերը բացահայտեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը այս շաբաթ Լոնդոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև զրույցի թեմա էր: ՆԱՏՕ-ի տասնհինգ անդամ պետություններ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Հաշվի առնելով Սենատոր Քրեյմերի հաստատուն աջակցությունը Հոլոքոստի մասին կրթության օրինագծին, որն ընդունվեց Սենատում անցյալ ամիս և իր համահովանավորությունը Կոնգրեսի վերջին նստաշրջանում Հայոց ցեղասպանության մասին օրինագծին, իր առարկությունն ավելի քան հեգնական է, քանի որ այն հակասում է S.Res. 150-ի սահմանված նպատակին և խարխլում է ցեղասպանության և մարդու իրավունքների կրթության կարևոր անհրաժեշտությունը»,- հայտարարեց Հայկական համագումարի Գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Հայոց ցեղասպանության բանաձևը կոչ է անում կրթության՝ ցեղասպանություն կանխելու նպատակով և հիշեցնում է մեզ ԱՄՆ պատմության հպարտ էջերը, երբ Ամերիկայի դիվանագիտական կորպուսը և մարդասիրական միջամտությունը օգնեցին փրկել անթիվ կյանքեր: Այս հպարտ էջերը պետք է ընդգծվեն, այլ ոչ թե մթագնեն օտարերկրյա իշխանության պահանջով»: Հոլոքոստի մասին կրթության օրինագծի ընդունումից հետո Սենատոր Քրեյմերը հայտարարեց. «Մենք երբեք չպետք է մոռանանք նրանց, ովքեր զոհվեցին Հոլոքոստում և մենք միշտ պետք է աշխատենք ապահովել, որպեսզի գիտելիքը, հանդուրժողականությունը և բանականությունը միշտ առկա լինեն տգիտության և աճող հակասեմիտիզմի, իսլամաֆոբիայի և անհանդուրժողականության ու ատելության այլ դրսևորումների պայմաններում»: Սենատոր Քրեյմերը ներկայացնում է Հյուսիսային Դակոտա նահանգը, որը 2007թ.-ի հունվարի 3-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող մի բանաձև: Բանաձևում նշվում է. «Կարևոր է բարձրացնել իրազեկվածությունը Հայոց ցեղասպանության մասին, ոչ միայն այն պատճառով, որ այն համաշխարհային պատմության անհերքելի էջերից է, այլ նաև այն պատճառով, որ ավելին իմանալով այս անվիճելի ողբերգության մասին, կօգնի ավելի լավ հասկանալ մեր սեփական համայնքներից ատելությունը վերացնելու անհրաժեշտությունը»: S.Res. 150-ը սահմանում է, որ Սենատի կարծիքն է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է. 1. ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով, 2. մերժել ընդգրկելու, ներգրավելու կամ որևէ այլ կերպով Միացյալ Նահանգների կառավարությանը Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման հետ կապելու ջանքերը, 3. խրախուսել կրթությունը և հանրային ընկալումը Հայոց ցեղասպանության փաստերի վերաբերյալ, ներառյալ Միացյալ Նահանգների դերը մարդասիրական օգնության ջանքերում և Հայոց ցեղասպանության առնչությունը մարդկության դեմ իրականացվող ժամանակակից ոճրագործություններին: Բացի Սենատորներ Մենենդեզից և Կրուզից S.Res. 150-ը համահովանավորում են նաև հետևյալ Սենատորները. Քորի Բուքեր (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Բենջամին Քարդին (Դեմոկրատ, Մերիլենդ), Մայքլ Բենեթ (Դեմոկրատ, Կոլորադո), Շերոդ Բրաուն (Դեմոկրատ, Օհայո), Ռոբերտ Քեյսի կրտսեր (Դեմոկրատ, Փենսիլվանիա), Ջոն Քորնին (Հանրապետական, Տեխաս), Քեթրին Կորտես Մաստո (Դեմոկրատ, Նեվադա), Թամի Դաքուորթ (Դեմոկրատ, Իլինոյս), Դայան Ֆայնստայն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Քորի Գարդներ (Հանրապետական, Կոլորադո), Կամալա Հարիս (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էմի Կլոբուչար (Դեմոկրատ, Մինեսոտա), Էդվարդ Մարքի (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Գարի Փիթերս (Դեմոկրատ, Միչիգան), Ռոբ Պորտման (Հանրապետական, Օհայո), Ջեք Ռիդ (Հանրապետական, Ռոդ Այլենդ), Միթ Ռոմնի (Հանրապետական, Յուտահ), Ջեքի Ռոզեն (Դեմոկրատ, Նեվադա), Մարկո Ռուբիո (Հանրապետական, Ֆլորիդա), Բեռնարդ Սանդերս (Անկուսակցական, Վերմոնտ), Չարլզ Շումեր (Դեմոկրատ, Նյու Յորք), Դեբի Սթաբենոու (Դեմոկրատ, Միչիգան), Թոմ Ուդալ (Դեմոկրատ, Մինեսոտա), Քրիս Վան Հոլեն (Դեմոկրատ, Մերիլենդ), Էլիզաբեթ Ուորեն (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Շելդոն Ուայթհաուս (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ) և Ռոն Ուայդեն (Դեմոկրատ, Օրեգոն):

Lragir.am,
06-12-2019 17:12