ՀՀ ԱԳ նախարարը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները

06-12-2019 17:28

Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը շնորհավորել է իր սլովակ գործընկերոջը ԵԱՀԿ-ում հաջող նախագահության կապակցությամբ՝ նշելով, որ անցած մեկ տարվա ընթացքում ծավալվել է  արդյունավետ համագործակցություն Սլովակիայի նախագահության առաջնայնությունների իրականացման և կազմակերպության նպատակների առաջմղման ուղղությամբ: Նախարար Մնացականյանը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Հայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը կարևորել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը՝ այդ առնչությամբ դրական գնահատելով  Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչների միջև փոխանակման ծրագրի իրականացումը: Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակն անդրադարձել է նաև հայ-սլովակական օրակարգի մի շարք հարցերի՝ ուրվագծելով երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը: Երկուստեք կարևորվել է տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով:

Lragir.am,
06-12-2019 17:28