Մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ իրավապահները ատրճանակ են հայտնաբերել

06-12-2019 17:53

Նոյեմբերի 14-ին Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն տեղափոխվեց 27-ամյա մի երիտասարդ: Դեպքի վայրում հայտնաբերվեցին տարբեր տրամաչափի 10-ից ավելի կրակված պարկուճ, ինչպես և տուժողի «Մերսեդեսը»՝ կրակոցների հետքերով: Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Վաղարշապատի բաժնի ծառայողները ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների և դեպքի նախաքննությունը վարող մարմնի աշխատակիցների հետ ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ: Արդյունքում հայտնի դարձավ զինված միջադեպի մասնակից անձանց ինքնությունը: Պարզվեց նաև, որ սպանության փորձ կատարած անձինք եղել են «BMW» մակնիշի ավտոմեքենայով, որը շահագործվել է Էջմիածնի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի կողմից: Վերջինս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց: Երիտասարդին մեղադրանք առաջադրվեց, ինչից հետո նա կալանավորվեց: Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին նաև «BMW» մակնիշի ավտոմեքենան, որը Բյուրական գյուղից տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներով հայտնի դարձավ, որ հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդը հիվանդասենյակում հրազեն է պահում: Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դեկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ խուզարկեցին հիվանդասենյակը և հայտնաբերեցին ատրճանակ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 3 փամփուշտով, որոնցից մեկը՝ փողում: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են:

Lragir.am,
06-12-2019 17:53