ՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի պաշտպանի միջնորդությունը

06-12-2019 18:54

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը` Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնեց ՀՔԾ լրատվական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: « Պաշտպանի միջնորդությունը քննարկվել է ու քննիչի կողմից որոշում է կայացվել այն մերժելու մասին`անհիմն լինելու պատճառաբանությամբ»,- ասաց Օհանջանյանը: Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանը միջնորդությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը: Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Lragir.am,
06-12-2019 18:54