«Պատերազմը հուվ ա՞ սկսալ»

06-12-2019 21:35

Այս պատմությունները ստեղծվել են «Երիտասարդների դերը խաղաղարարության մեջ․ վերաիմաստավորելով խաղաղությունը սերունդների միջև երկխոսության միջոցով» ծրագրին մասնակցած երիտասարդների կողմից, ովքեր շրջել են Ղարաբաղի տարբեր բնակավայրերում և զրուցել պատերազմը վերապրած մարդկանց հետ: Պատմությունները նրանց լսածի և սեփական փորձի համադրության արդյունքն են:                                               Պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ լեզուները ձախողվում են: Մարգարեթ Աթվուդ Վրեժը Ասկերանից է․ ամբողջ կյանքն ապրել է այնտեղ՝ չհաշված պատերազմի տարիները, որի ընթացքում ոչ թե հենց քաղաքում է եղել, այլ տարբեր մարտական դիրքերում: Ինչպես շատերը, նա էլ պատերազմի ժամանակ հարազատներ է կորցրել, այդ թվում՝ հարազատ եղբորը, ով սակրավոր է եղել: Նրա մահից հետո Վրեժն է դարձել սակրավոր: Համոզված է, որ դա ոչ թե մասնագիտություն կամ կոչում է, այլ ճակատագիր: Ես Աննան եմ: Ասկերանից եղել են հորական տատիկս ու պապիկս, իսկ ես միշտ Ստեփանակերտում եմ ապրել: Մեր ընտանիքն էլ պատերազմի ժամանակ հարազատներ ու ընկերներ է կորցրել: Ես ծնվել եմ պատերազմից հետո ու իմ ճակատագիրը, որքան էլ որ պատերազմից ու դրա հետևանքներից է կախված եղել, բայց իմ մասնագիտությունը ճակատագրական չես կոչի: Ես քաղաքագետ եմ: Վրեժը բարի մարդ է, բայց նաև խիստ ու համառ: Երևի մանուկ հասակում էլ չարաճճի է եղել: Դպրոցից նրան հեռացրել են դեռ յոթերորդ դասարանում, բայց այդ հանգամանքը Վրեժին չի խանգարել արհեստ ու մասնագիտություն սովորել: Մինչև պատերազմը դերձակ է եղել ու մտքով չի էլ անցել, որ մի օր վայր կդնի ասեղը՝ դրա փոխարեն բռնելով մարտական դանակն ու զենքը (Վրեժը պատերազմի սկզբում դիպուկահար է եղել): Քանի որ որսորդի ընտանիքում է ծնվել, զենքին մյուսներից ավելի հեշտ է սովորել: Ինձ դպրոցից չեն հեռացրել, ոչ էլ համալսարանիս ուսումն եմ ստիպված եղել կիսատ թողնել, բայց ոչ մի կրթական հաստատությունում ինձ համառություն ու անկոտրումություն չեն սովորեցրել: Ընկնելու, բարձրանալու, կյանքին չզիջելու «արհեստը» ես Վրեժից եմ սովորելու: Չգիտեմ՝ խստությունից, թե համառությունից է, բայց Վրեժը սիրում է իրավիճակի տերը լինել, իսկ անզորությունը չի հանդուրժում: Երբ միամտաբար հարցրի, թե եղբոր մահվանից հետո ինչ է զգացել, աչքերում անզորություն տեսա, բայց պատասխանեց․ «դե ի՞նչ պիտի զգայի, ջղայնություն, որ դրա դեմ ոչինչ չես կարող անել»: Պատերազմի ժամանակ Վրեժն անզոր զգալու ու «ջղային» լինելու շատ առիթներ է ունեցել, հաճախ նաև վախեցել է: Վախն ու պատերազմն ընդհանրապես ձեռք ձեռքի են քայլում, բայց Վրեժը վստահ է, որ իր կյանքի աստղը ինչ-որ մեկը շատ ուժեղ է ամրացրել տիեզերքին, դրա համար էլ ամենավտանգավոր իրավիճակներում միշտ փրկվել է: Անզորությունից ես վախենում եմ, իսկ մահից՝ ավելի շատ: Հաճախ մտածում եմ, որ թե՛ կյանքի անիվի դեմ եմ անզոր, թե՛ մահվան: Երևի ես էլ Վրեժի պես անզորության նկատմամբ անհանդուրժող եմ: Այս ամենից բացի, Վրեժը նաև արդարամիտ մարդ է: Նա այդպիսին եղել է պատերազմից առաջ, դրա ողջ ընթացքում ու մինչ օրս: Երբ կռվի ժամանակ մի կտոր հաց են գտել, հավասար բաժանել են բոլորի մեջ, իսկ բացակաների բաժինը պահել: Դրա համար Վրեժը ամենաշատը մարդկանց հենց այդպիսի տեսակի պակասն է զգում: Հաճախ մարտական ընկերներին է հիշում, նաև նրանց, ովքեր արդեն չկան: Հիշում ու մտածում է, որ չնայած ողջ եղածին ու իրենց ջանքերին, բարքերը շատ են փոխվել: Դրա համար էլ միակ բանը, ինչի մասին մտածում է, պատվով ապրելն է: Ես պատերազմի բովով չեմ անցել, բայց փոքրուց իմացել եմ, որ նվեր ստացած շոկոլադը պիտի հավասարաչափ կիսեմ ընտանիքիս բոլոր անդամների միջև անկախ նրանից, որ ինձ կարող է շատ փոքր կտոր բաժին հասնել: Արդարամտության համար պատերազմը պարտադիր պայման չէ, բայց պատերազմից հետո արդարության չափաբաժինը պիտի ուժեղանա: Արդարությունն ինձ համար իրավահավասարությունն է, իսկ Վրեժի նման մարդիկ, ովքեր դպրոցից դուրս են մնացել ու պայքարել հանուն կյանքի և ընդդեմ մահվան, իրավունքի ու օրենքի մասին հաստափոր գրքեր կարդալու ժամանակ չեն ունեցել: Արդարությունը երևի այն կլինի, որ ես Վրեժից սովորելուց զատ, իրեն ինչ-որ բան սովորեցնեմ: Ուրեմն արդարությունը վերցնելու հետ մեկտեղ նաև փոխհատուցելն է: Վրեժենց դեպքում էլ հենց պիտի փոխհատուցել պատերազմի խլածը: Վրեժն ու իր պես մարդիկ, ովքեր պատերազմի ընթացքում հաղթել են մահին ու միևնույն ժամանակ տանուլ տվել, այդպես էլ չեն հասկացել թե կռիվն ով է սկսել: Իրենք վստահ են, որ կռվել են հանուն արդարության, բայց սպասված արդարությունը չեն ստացել: Երբ Վրեժի ու իր ընկերների մասին եմ մտածում, ականջներումս զնգում է նրա կողմից ամենաշատ հնչող ու անպատասխան մնացած հարցը՝ «պատերազմը, հուվ ա՞ սկսալ»: Վրեժը վստահ է, որ պատերազմը փողի սիրահարներն են սկսել․ ուրեմն պատերազմը չի ավարտվի, քանի փողն է հարց լուծողը: Ես պատերազմի մասին գրքերում ու հոդվածներում կարդացել եմ: Իմ դասախոսները երկար ճառեր են ասել դրա մասին, բայց Վրեժի հայտնի հարցի պատասխանը ինձ էլ է միշտ տանջել: Ինձ ասել են՝ Ադրբեջանն է սկսել պատերազմը: Իսկ այդ Ադրբեջանն ո՞վ է: Ինձ ու Վրեժի պես մե՞կը, ով տարբեր տեղերից փորձում է գտնել այդ հարցի պատասխանը: Վրեժը որսորդ մարդ է ու մինչ օրս էլ, երբ իր խոցած կենդանիները սահմանից այն կողմ են ընկնում, ադրբեջանցի զինվորներից է վերցնում որսը, բայց իրար չեն սպանում, չէ՞: Իսկ եթե չեն սպանում, էլ իրենցից ո՞վ է պատերազմ սկսողը: ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ Պատմությունները ստեղծվել են «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Պատմությունների բովանդակության համար պատասխանատու են հեղինակները: Բովանդակությունը կարող է չհամընկնել Եվրոպական միության և ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԵՀՀ-Հայաստանի, ԵՀՀ-Ադրբեջանի, «Ինթերնեյշնլ ալերթ»-ի և ՀՌԿԿ-Վրաստանի տեսակետների հետ:

Lragir.am,
06-12-2019 21:35