Հայաստանն ունի այդպիսի հզոր գործիք՝ ռադիո-օպտիկական աստղադիտակ, որը միակն է իր բնույթով աշխարհում

Մեր զրուցակիցն է տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արևիկ Սարգսյանը: Երկար տարիներ Արևիկ Սարգսյանը պայքարում է Պարիս Հերունու աստղադիտակի արդիականացման համար, որը, սակայն, հանդիպում է մեծ դիմադրության: Նա Պարիս Հերունու զարմուհին է: Ի՞նչ է սպասվում Պարիս Հերունու ստեղծած ռադիո-օպտիկական աստղադիտակին այսօր: Ինչո՞ւ 7 տարվա պայքարի արդյունքում Ձեզ չի հաջողվում սայլը տեղից շարժել: Նախ նշեմ, որ ցանկացած հայ հպարտանում է, որ Հայաստանը փոքրիկ երկիր է, բայց ունի այդպիսի հզոր գործիք՝ ռադիո-օպտիկական աստղադիտակ, որը միակն է իր բնույթով աշխարհում և ի վիճակի է զննել տիեզերքը երկու տիրույթներում՝ օպտիկայի և ռադիոալիքների: Ակադեմիկոս Պարիս Հերունին իր ողջ կյանքի ընթացքում է երազել, նախագծել և կառուցել ՀՀ-ում նման գործիք: Երկար տարիների դեգերումների արդյունքում նրան հաջողվել է Խորհրդային Միության գիտության զարգացման պլանային կազմակերպություններից թույլտվություն ստանալ և սկսել շինարարությունը, կառուցել ռադիոդիտակը Հայաստանում: Արդեն 1985-87 թթ. տեղի ունեցան կառուցված աստղադիտակի տեխնիկական  համալրման աշխատանքները, և այն հանձնվեց շահագործման որպես ռադիո-օպտիկական աստղադիտակ: Դրանից անմիջապես հետո երկրաշարժը տեղի ունեցավ: Երկրաշարժը, փառք Աստծո, չփոխեց անտենայի պարամետրերը, աստղադիտակը դիմակայեց: ԳիտՊետԿոմ-ի հանձնաժողովը գտավ, որ աշխատանքներ կան անելու, որ աստղադիտակն այս պահին սարքին վիճակում չէ: Դա ավելի ուշ տեղի ունեցավ՝ 2015-ին: Մինչ այդ, 1990-ականներին փլուզվեց ԽՍՀՄ-ը, բնականաբար, դադարեցվեցին գիտական նախագծերի ֆինանսավորումները: Փաստորեն, աստղադիտակը կառուցվեց, բայց չհասցրեց պլանային և սիստեմատիկ գործել: Անկախության տարիներին, սուր էներգետիկ ճգնաժամի պայմաններում, աշխատակիցների էնտուզիազմի շնորհիվ, բյուջեից տրամադրվող չնչին միջոցներով, որ հատկացվում էին աստղադիտակին որպես ազգային արժեք, այն պահպանվեց: Այնքան չնչին էին պետության տրամադրած միջոցները, որ բավարարում էր միայն պրոֆիլակտիկ յուղման, ներկման, վերանորոգման փոքր աշխատանքների համար: Այդուհանդերձ, գերէնտուզիազմի շնորհիվ Պարիս Հերունու հանճարեղ մտքի արդյունք հանդիսացող գործիքը հնարավոր եղավ պահպանել, և այն քիչ թե շատ գործեց: Նրա օգնությամբ տարբեր գիտական հետազոտություններ, չափումներ, Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների և ասպիրանտների դիպլոմային և թեկնածուական աշխատանքներ կատարվեցին: Պարիս Հերունու մահվանից 2-3 տարի հետո իր հիմնարկությունը՝ Ռաիդոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը, լուծարվեց, միավորվեց Պետստանդարտի հետ, և ձևավորվեց Չափագիտության ազգային ինստիտուտը, և այդ գործիքն ու Հերունու հարուստ հիմնարկից մնացած ակտիվներն անցան նոր ինստիտուտի տիրապետության տակ: Բոլորիս հայտնի է, թե ինչպես էր այդ տարիներին, ինչպիսի վերաբերմունք էր կառավարման օղակներում, միջին օղակներում: Եվ այդպիսի մի ալան-թալան էլ այստեղ սկսվեց, և Արագածի գիտական կենտրոնում ինչ հնարավոր էր վերացնել, վերացրին, այդ թվում շատ էտալոններ: Այսօր 11 ազգային էտալոններից գոյություն ունի 4-ը, գործում է 2-ը: Երբ 2015 թվականին վտանգ զգացվեց, որ հերթը հասել է մեծ անտենան քանդելուն, ձուլելուն, ձեռնարկեցի այդ պահի համար շատ կարևոր մի քայլ: Այդ ժամանակ երիտասարդ գիտնականների հանդիպում եղավ Սերժ Սարգսյանի հետ, իմ աշակերտը հարց բարձրացրեց, որ ինովացիոն աշխատանքների սով կա: Երիտասարդ գիտնականներին բոլորը դրդում են անել նորարարություն, բայց ինժեներական տեխնիկական գիտություններում նորարարություն չի լինում առանց բազայի, իսկ Հերունու ստեղծած աստղադիտակը գտնվում է Չափագիտության ազգային ինստիտուտի կազմում, որի հետ որևէ առնչություն չունի և կոնսերվացված է: Անմիջապես հանձնարարվեց ԿԳ նախարարին, որ ձևավորվի աշխատանքային խումբ, որը ձևավորվեց և որի եզրակացությունը մինչև օրս համարվում է առաջնային բոլոր քննարկումներում: Այդ եզրակացությունը շատ կարևոր էր, որ ոչ ոքի մտքով չանցնի, որ Հերունու ռադիոդիտակը կարելի է  քանդել: Եզրակացությունը հետևյալն էր, որ անտենան որպես գործող գործիք դիտարկվել չի կարող, որովհետև թալանված բաներ կան, հնացած բաներ կան և հսկայական գումար է անհրաժեշտ դրա համար: Նշվում է նաև, որ մեր բյուջեն հնարավորություն չունի այդ միջոցները հատկացնել, առաջարկվում է որոնել արտաքին միջոցներ, որպեսզի այդ անտենայի բազայով գիտակրթական նշանակության և գիտական տուրիզմի կենտրոն ստեղծվի: Ցավոք, այդ եզրակացությունը չի պարունակում որևէ քանակական ցուցիչ, օրինակ, թե ինչ է նշանակում հսկայական գումար: Այդուհանդերձ, այդ պահին շատ էական էր այդ  փաստաթղթի արձանագրումը: Դրա արդյունքում քանդարարների կեղտոտ ձեռքերը դիտակին չկպան: Այսօր անցել են տարիներ, և դա արդեն բավարար չէ: Արդեն երեք տարի է, ինչ մենք ծրագիր ունենք ռադիոդիտակի և Արագածի այդ գիտական կենտրոնի բազայի վրա ստեղծել Հերունու տիեզերական ազգային կենտրոն, որի նպատակն է լինելու բարձր տեխնոլոգիաների բնագավառում կատարել գիտահետազոտական, կոնստրուկտորական աշխատանքներ, ծավալել լրացուցիչ և շարունակական կրթական գործունեություն: Քանի որ խոսքը Արագածոտնի մարզի մասին է, այդպիսի ծրագիրը հարակից Օրգով, Տեղեր,  Անտառուտ և Բյուրական գյուղերի բնակիչների համար հնարավորություն է նոր որակյալ աշխատատեղ գտնելու, գոյատևելու, բացելու հարակից բիզնեսներ: Այսինքն՝ սա նաև սոցիալական խնդիր կարող է լուծել: Ճիշտ այդպես էր 1970-ականներին՝ Արագածի գիտական կենտրոնի ստեղծումը Հերունու կողմից ուներ սոցիալական էֆեկտ: Այդ ժամանակ Օրգով և Տեղեր գյուղերը որոշված էր վերացնել, քանի որ նրանք ոչ ճանապարհ ունեին, ոչ ենթակառուցվածքներ, հեռանկարային չէին: Այդ գյուղերի արտաքսումը դադարեցվեց շնորհիվ Հերունու նախագծի, անտենայի և էտալոնային կենտրոնի կառուցման: Հիմա հիմնական խոչընդոտը ո՞վ է հանդիսանում, որ այդ սարքի հնարավորություններից չենք օգտվում: Սարքը, փաստորեն, գերժամանակակից անտենա է և որպես ռադիոդիտակ մոտ ժամանակներին պետք է ծառայի և Հայաստանի գիտությանը, և ողջ աշխարհի ռադիոաստղագետներին: Հայաստանի իրավազորություն հիմնադրամը մշակել է ծրագիր և ներկայացրել Էկոնոմիկայի նախարարություն, որի ենթակայության տակ գործում է Չափագիտության ազգային ինստիտուտը /ՉԱԻ/, որը վերջերս վերանվանվեց Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին: Այդ հիմնարկը տարեկան մոտ 50 մլն դրամի գումար է ստանում բյուջեից և ֆինանսավորումը կոչվում է անտենային էտալոնների պահպանում և զարգացում: Արդեն 7 տարի է, որ ՉԱԻ-ի որոշմամբ ռադիոդիտակը կոնսերվացված է, բայց Չափագիտության ազգային ինստիտուտը պարտավորված է անտենային էտալոնները պահպանել և զարգացնել: Վերջերս այդ հիմնարկության տնօրենը հայտարարեց, որ այդ գումարի շրջանակներում այդ փոքրիկ բաժնի աշխատակիցները, իսկ այնտեղ մնացել են 6-7 հոգի, որոնց միջին տարիքը 70-ից բարձր է, հետազոտություններ են կատարում և տպագրում որոշակի հոդվածներ: Պետք է ասեմ, որ այդ հոդվածներից և ոչ մեկը կապ չունի անտենային էտալոնների, չափումների հետ: Ըստ այդմ, բոլորովին անհասկանալի է, թե մեր բյուջեի սուղ միջոցները ինչպես են ծախսվում: Այստեղ ուզում եմ հիշատակել վարչապետի խոսքը, որ շատ «գիտնականներ» գալիս են սուրճ խմելու համար, կամ լավագույն դեպքում մի հոդված են գրում, և դա է գիտական արդյունք կոչեցյալը: Իսկ այդ գիտական արդյունքը որևէ աղերս չունի այն նյութի հետ, որի համար ֆինանսավորում են ստանում: Այնպես որ, շատ կարևոր է կազմակերպել մի գիտաքննություն կամ հանձնաժողով կազմել, որն այդ հիմնարկի վերջին 3 տարիների գործունեությունը կուսումնասիրի: Արդյունքում կպարզվի, որ բազմաթիվ գողություններ են տեղի ունեցել՝ սկսած մետաղական իրերից, աստիճանների սյունափայտիկներից, որոնք իրենցից ալյումինե, լատունե, պղնձե ջարդոն են ներկայացնում, վերջացրած ազգային արժեք ներկայացնող էտալոններից: Ըստ էության, պետբյուջեյի միջոցները չեն ծառայում անտենային էտալոնների պահպանմանը: Դրա հետ մեկտեղ այդ մարդիկ իրենց իրավունք են վերապահում կասկածի ենթարկել ակադեմիկոս Պարիս Հերունու կատարած աշխատանքը, շատ հանգիստ հրապարակավ հնչեցնում են կարծիքներ այն բանի մասին, որ Պարիս Հերունին սխալվել է, լավ չի մտածել անտենայի կոնստրուկցիան, այն բոլորովին աշխատունակ չէ, հնարավոր չէ այն վերականգնել: Այն մարդիկ, որոնք ասում են, որ կկարողանան վերականգնել անտենան, աշխատացնել, զարգացնել, դարձնել այն միջազգային մակարդակի գործիք, դեռ պետք է ստուգել, թե ինչպես են պաշտպանել իրենց թեկնածուական թեզերը, ինչ որակի են իրենց աշխատությունները, մեթոդիկա կարող են գրել, թե ոչ: Այ այսպիսի հայտարարություններ են անում՝ իրենք լինելով սուրճ խմող գիտնականներ: Հակադարձել կարելի է ամեն ինչին, ի վերջո, կարելի է դիմել Բարձրագույն որակավորման կոմիտե, որտեղ մեր թեկնածուական աշխատանքները կան, կարելի է դրանք հետազոտել: Օրինակ, իմ աշխատանքը, որ 2001-ին եմ պաշտպանել, մոտ 4-5 տարի առաջ մի առիթով ուղարկեցի Ռուսաստանի բարձրագույն որակավորման հանձնաժողով, որտեղ այն հաստատում ստացավ: Այնպես որ, ես կարող եմ հպարտությամբ ասել, որ իմ գիտական աշխատանքը փորձաքննություն է անցել: Բայց երբ գտնվում են մարդիկ, որոնք բացեիբաց իրենց ուսուցչին, իրենց նախկին ղեկավար Պարիս Հերունուն կարող են փնովել, զրպարտել, շատ դժվար ես կարողանում որևէ բան ասել ընդհանրապես: ՉԱԻ-ի նշված գիտական բաժնի փոքր աշխատակազմը չի պատկերացնում, որ դարը փոխվել է, որ թվայնացված ռադիոտեխնիկայի միջոցներ կան, որ կառավարման համակարգերը բոլորովին այլ են և ամեն ինչ պետք է մոդեռնիզացնել և հնարավոր է դա անել: Մենք մեր ծրագրի շրջանակներում ունենք միջազգային կազմակերպություններ, նվիրատուներ, որոնք այս պահին պատրաստ են մեր կողքին լինել, այս ամենն իրականացնել, որպեսզի Հայաստանը ունենա ժամանակակից հզոր գործիք, որպեսզի Հայաստանում ուսումնասիրություններ կատարվեն, տիեզերքը ուսումնասիրվի: Իսկ նրանք վախենում են աշխատավարձից զրկվել, նրանք ՉԱԻ-ում աշխատավարձ կամ ավելի ճիշտ թոշակ են ստանում ոչինչ չանելու դիմաց: Ես նորից պետք է վկայակոչեմ  վարչապետին՝ այո, սուրճ խմելու դիմաց են ստանում, և դրա հետ մեկտեղ դժգոհ են: Նրանք փնովում են մեծագույն գիտնականին, որն իրենց ղեկավարն է եղել, որի գիտական ժառանգության շնորհիվ այսօր նրանք շարունակում են ստանալ այդ աշխատավարձը: Սա մեր պետությունն է, մեր տունն է, և մենք Հերունու ազգային տիեզերական կենտրոն ծրագրի շրջանակներում բոլորովին շահագրգռված չենք մասնավորացնել աստղադիտակը կամ այլ ակտիվները, մենք պետական սեփականությունը արդյունավետ կառավարելու ծրագիր ունենք, որը կոչված է հետևողական քայլեր անել, որ Հերունու կենտրոնը ծաղկի, այսօրվա դամբարանային վիճակից դուրս գա և սկսի աշխատել:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
06-12-2019 21:58