Նժդեհը շահում է ճակատամարտը

06-12-2019 23:35

Մաս 1, Մաս 2 Իլհամ Ալիևը, անկասկած, չէր ենթադրում, թե ինչ դրական ու կարևոր քայլ կատարեց հոգուտ Հայաստանի և հայերի, ռուսներից ընդունելով Գարեգին Նժդեհի թեման: Իրոք, Իլհամ Ալիևը ավարտել է ԽՍՀՄ ամենաէլիտար ԲՈՒՀ-ը` Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, որոշ ժամանակ նույնիսկ դասավանդել է այնտեղ: Տեղեկություններ կան սակայն, որ նա նաև խաղամոլ է: Նժդեհի թեման օգտագործելով, ռուսական կողմին հայերի վրա գործ տալը ավելի շատ բնորոշ է անհաջողակ խաղամոլի բլեֆ մտնելուն, քան դիվանագիտական կրթություն ունեցող պետական ղեկավարի հաշվենակատ քայլին: Հայաստանում այդ ամենը գեներացրեց հստակեցման և վերարժևորման անհրաժեշտություն նախ Նժդեհի անձի շուրջ և ինչն առավել կարևոր է` այն ժամանակշրջանի և իրադարձությունների շուրջ, որոնց շրջանակում էլ հենց տեղավորվում Նժդեհ քաղաքական, ռազմական և պետական գործչի կերպարը: Այն ժամանակշրջանի և իրադարձությունների, որոնց հետ կապված Նժդեհի գործունեությունն ու վարած քաղաքականությունը ստիպում և թելադրում են մեզ նախ վեր հանել և ակտուալացնել այդ պատմական ժամանակաշրջանի իրադարձությունները և դրանց համայնապատկերի ֆոնին արդեն անվերապահորեն ընդունել և ճանաչել նրան որպես 20-րդ դարի հայ մեծագույն պետական ու ռազմական գործիչներից և, որպես այդ ամենի բնական հետևանք` մեր ազգային հերոսներից մեկը: Նշված պատմական ժամանակաշրջանն ու իրադարձություններն էլ ամենևին գաղտնիք, կամ էլ պատմական հանելուկ չեն: Խոսքը գնում է Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանի, իսկ ավելի ճշգրիտ` 1920-1921 թթ. ընթացքում Զանգեզուրում ծավալված քաղաքական ու ռազմական իրադարձությունների մասին: Մեր ազգի համար այդ ծանրագույն պահերին Գարեգին Նժդեհը իր վրա վերցրեց Զանգեզուրում բոլշևիկյան և թուրք-թաթարական միացյալ ուժերի դեմ անհուսալի թվացող պայքարի կազմակերպման պատասխանատվության ծանրությունը և անառիկ պահեց ու հաջորդ սերունդներին հանձնեց մեր հայրենիքի այդ հատվածը: Եվ դրա համար էլ մեզ համար նա ազգային անանց արժեք է, հերոս է` ոչ մեդալներով ու շքանշաններով, այլ իր գործերով և, առհասարակ, ամբողջ ապրած կյանքով: Իսկ Նժդեհի` մեզանում ազգի հերոս լինելու վերահաստատումն ու վերահիմնավորումը իր հետ անխուսափելի և բնական ձևով ակտուալացնում է նաև նշված ժամանակաշրջանից` 1920-1921 թթ. արդեն հայրենիքի կորսված մասերին վերաբերող մեզ հասած ժառանգությունը վերանայելու և նրանից հրաժարվելու հարցը: Այնպես որ, Գարեգին Նժդեհը, մեր հավերժ Հաղթանակողը, իր մերօրյա ճակատամարտը ազերա-ռուսական հարձակման դեմ կրկին շահեց և մեզ բերեց կանգնեցրեց այն ճակատային գծի վրա, որից արդեն մենք պետք է հետքայլ չանենք, այլ մարտասպարեզ նետենք 100 տարի առաջ մեր հանդեպ իրականացրած հայրենազավթմանը վերաբերող մեր անհամաձայնությունն ու համապատասխան քայլերը: Այսինքն, որպեսզի Նժդեհը ԱՅՆՏԵՂ հանգիստ լինի, մենք չպետք է բավարարվենք զուտ նրան մեծարելով ու հերոսացնելով: Դա ԱՅՆՏԵՂ իրեն պետք չի, ոնց որ պետք չի եղել նաև ԱՅՍՏԵՂ: Նրան պետք է, որ մենք շարունակենք հայրենիքի հանդեպ իր կատարածը: Բայց դա անհնար է, եթե մենք նախ պատշաճ մաքրություն և համապատասխան մթնոլորտ չենք ապահովում մեր տուն-պետության ներսում: Շարունակելի ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ֆիզմաթ գիտությունների դոկտոր

Lragir.am,
06-12-2019 23:35