ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

06-12-2019 23:57

Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել  ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ: Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը կարծիքներ են փոխանակել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպման և դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության շուրջ:  Զրուցակիցները կարևորել են խաղաղության նպաստավոր միջավայրի ձևավորումը՝ հրադադարի ռեժիմի պահպանման և ամրապնդման, ինչպես նաև ժողովուրդների խաղաղության նախապատրաստման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման միջոցով: Անդրադառնալով երկկողմ համագործակցության ընդարձակ օրակարգին՝ Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և ձեռնարկվելիք քայլերին: Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել ամերիկյան կողմի շարունակական աջակցությունը մի շարք ծրագրերին և նախաձեռնություններին: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով գործող տեղակալը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ նախարարական համաժողովի օրակարգային հարցերի շուրջ: Անդրադաձ է եղել նաեւ միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի:

Lragir.am,
06-12-2019 23:57