Պոեզիայից մինչև նամակներ. Լույս է տեսել Թումանյանին նվիրված «Հոբելյանական ընտրանի 150» գիրքը

07-12-2019 00:18

Հովհաննես Թումանյանի ստեղծագործության ամբողջ ներկապնակը` պոեզիայի և արձակի լավագույն նմուշներն ընդգրկվել են գրողի 150-ամյակին նվիրված «Հոբելյանական ընտրանի 150. Հատընտիր» գրքում:  Այն ներառում է նաև «Թումանյանը լուսանկարներում» ներդիրներ` ներկայացնելով գրողին և նրա ընտանիքին, մերձավորներին և գործընկերներին առնչվող հանրածանոթ և քիչ հայտնի լուսանկարներ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում, կազմել են Թումանյանի թոռնուհին, բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը և թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը: «Բավականին բարդ էր այդ աշխատանքը, որովհետև Թումանյանի յուրաքանչյուր տող, բանաստեղծություն հրաշալի է: Նա միայն բանաստեղծ չէ: Նա երևույթ է,  առաջնակարգ գրող, հրապարակախոս: Այս գրքում փորձել ենք Թումանյանին ամբողջական նկարագրով ներկայացնել:  Ներառել ենք հոդվածներից, հրապարակախոսություններից հատվածներ, որպեսզի նրա պատգամները հնչեն նաև այսօր»,-ասաց Սուսաննա Հովհաննիսյանը: Նա հավելեց` զետեղել են նաև Թումանյանի նամակները: «Հանուն հայրենիքի Թումանյանը զոհել է ոչ միայն իր, այլև զավակների կյանքը, և այս հատընտիրում ուղղակի անհրաժեշտ էր ներառել նրա` զորավար Անդրանիկին ուղղված նամակը, որը բնորոշում է Թումանյանին իբրև մարդու, քաղաքացու»,-շեշտեց թումանյանագետը: «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանի խոսքով`  գրքում կազմողները մոտեցրել են Թումանյանին և ժամանակակից ընթերցողին: «Թումանյանի նամակներն են այստեղ, հոդվածներից, հրապարակախոսություններից հատվածներ: Կարող ենք ասել` Թումանյանի ստեղծագործության ամբողջ գունապնակն է իր բազմազանությամբ, դրսևորումներով»,-ասաց նա: Գիրքը տպագրվել է «ԱՊԱՎԵՆ» ընկերության համահիմնադիրներ Արսեն Ղազարյանի և Գագիկ Աղաջանյանի մեկենասությամբ: Այն տպագրության է պատրաստել «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը:

Lragir.am,
07-12-2019 00:18