Ֆուտբոլային պաշտոնյաները ցուցաբերեցին իրենց կողմնակալ վերաբերմունքը. «Փյունիկ»-ի նախագահ

07-12-2019 11:09

Երևանի «Փյունիկ»–ի նախագահ Արթուր Սողոմոնյանն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Արսեն Աղաջանյանի թեկնածության մերժմանը: ««2019 թվականի դեկտեմբերի 6-ը անկասկած հայկական ֆուտբոլի սև օրերից մեկն է: Հերթական անգամ ֆուտբոլային պաշտոնյաները ցուցաբերեցին իրենց կողմնակալ վերաբերմունքն ու օբյեկտիվության բացակայությունը, դրանով իսկ թաղելով լավ փոփոխությունների հասնելու բոլոր հույսերը: Ի սկզբանե անտրամաբանական էր որոշումների կայացման սկզբունքը․ թեկնածուներից մեկն էր որոշում, թե մրցակից հավակնորդներից ում թողնել և ում հեռացնել: Բնականաբար դուրս թողեց, իմ կարծիքով, ամենաուժեղ և ամենաանկախ թեկնածուին՝ Արսեն Աղաջանյանին: Ի դեպ, հնչեցված պատճառաբանությունը ոչ մի քննադատության չի ենթարկվում, թե իբր Արսեն Աղաջանյանի երկար տարիներ ղեկավարած ակումբները չեն մտնում Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմի մեջ, հետևաբար պրոֆեսիոնալ չեն համարվում: Այդ որոշումն ընդունողները երևի չգիտեն, որ ըստ կանոնադրության թեկնածուն 2 տարի պետք է առնչություն ունենար ֆուտբոլի հետ՝ ներառյալ սիրողական մակարդակով և պրոֆեսիոնալ սպորտի մասին խոսք անգամ լինել չի կարող: Գործկոմի անդամության թեկնածուների ճնշող մեծամասնությունը, ներառյալ ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանը, չեն կարող հաստատել, որ 2 տարի առնչություն են ունեցել պրոֆեսիոնալ ֆուտբոլի հետ և համապատասխանաբար, նաև իրավունք չունեն ընտրվելու: Բայց հասկանալի պատճառներով հանվեց միայն «Փյունիկ» ակումբի առաջադրած թեկնածու Արսեն Աղաջանյանը: Հայկական ֆուտբոլում իրավիճակը ավելի շատ անհեթեթություն է հիշեցնում: Նախագահի թեկնածության երկու հիմնական հավակնորդներն այն մարդիկ են, ովքեր վերջերս հայտարարել էին, որ պաշտոնաթող են լինում, քանի որ չէին կարողացել կատարել իրենց պարտականությունները և հայկական ֆուտբոլը հասցրել էին լիարժեք ձախողման: Դրանից հետո նրանք իրենց թեկնածությունները դնում են ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Ընդ որում՝ նրանցից մեկն ակումբի սեփականատեր է (քաղաքակիրթ երկրներում դա ընդհանրապես արգելված է): Երրորդ թեկնածուն՝ Խորեն Հովհաննիսյանը վայելում է երկրպագուների աջակցությունը, բայց քիչ շանսեր ունի, քանի որ Արմեն Մելիքբեկյանն ունի ադմինիստրատիվ ռեսուրսներ և այժմյան ֆեդերացիայի աջակցությունը, իսկ Թովմաս Գրիգորյանը՝ նախկին ֆեդերացիայի ղեկավարության աջակցությունը: Ակնհայտ է, որ այս թեկնածուներից որևէ մեկի հաղթանակի դեպքում իմաստ չունի դրական փոփոխությունների հույսեր ունենալ: Կամ մենք հետզարգացում կապրենք, կամ կմնանք այն իրավիճակում, ինչ որ հիմա է: Ինձ համար իսկապես ցավալի է հետևել կատարվող իրադարձություններին: Մնում է հուսալ, որ որոշ ժամանակ անց տեղի կունենան հաջորդ ընտրությունները, և նրանք, ովքեր պատասխանատու կլինեն անբավարար արդյունքների համար, իրավունք չեն ունենա առաջադրել իրենց թեկնածությունները ղեկավար պաշտոններում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Սողոմոնյանը: ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար ՀՖՖ կանոնադրությանը չի համապատասխանում «Փյունիկ» ՖԱ ՀԿ կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը: ՀՖՖ Գործկոմի անդամության համար առաջադրվելուն ՀՖՖ կանոնադրությանը չեն համապատասխանում «Լոկոմոտիվ» ՖԱ ՀԿ կողմից ներկայացված Հրաչիկ Քանանյանի և «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ կողմից առաջադրված Հարություն Արմենակյանի թեկնածությունները: ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված է 3 (Արմեն Մելիքբեկյան, Թովմաս Գրիգորյան և Խորեն Հովհաննիսյան), իսկ ՀՖՖ գործադիր կոմիտեում առկա 16 տեղի համար՝ 24 թեկնածություն:

Lragir.am,
07-12-2019 11:09