Ֆինանսների նախարարությունն աշխատանք է տանում հարստության հարկման ուղղությամբ

07-12-2019 15:49

ՀՀ ֆինանսների նախարարությունն աշխատում է գույքային հարկի համակարգի բարեփոխումների ուղղությամբ, ներքին քննարկումների ավարտից հետո կանցկացվեն նաև հանրային քննարկումներ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին իր տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Մենք խոսել ենք հարստությունը հարկելու մասին և այդ ուղղությամբ գործողություններ ենք արել: Ազգային ժողովն արդեն ամբողջությամբ ընդունեց Կադաստրի կոմիտեի կողմից առաջարկված գոտիավորման նոր մոտեցումը: Հիմա մենք քննարկում ենք, թե ինչպես դա արտացոլել հարկման համակարգում: Չի կարող կիրառվել նույն մոտեցումը, ինչն առկա է այսօր»,-ասաց նախարարն ու հավելեց` կգնան հավասարակշռված ու տրամաբանական ճանապարհով, կտրուկ, հեղափոխական փոփոխություն չի լինի: Նախարարությունում ներքին քննարկումները դեռ չեն ավարտվել, սպասվում են հանրային քննարկումներ: Ջանջուղազյանը նշեց` նախատեսվում է, որ մինչև 2021-ը հնարավորություն կունենան մանրամասն անդրադառնալ մոտեցումներին, թե ինչպես հարկել հարստությունը: Նախատեսվում է 2021-ից մեկնարկել գույքային հարկի համակարգի բարեփոխումները: Հարկային օրենսգրքի բարեփոխումների փաթեթի քննարկումներին դեռ խոսվում էր այն մասին, որ պետությունը ուղղակի հարկերի բեռը նվազեցնելով բեռը պետք է տեղափոխի հարստության վրա` հարկելով գույքը: Նշվել էր նաև, որ գույքային հարկի սպասվող բարեփոխումն ունի հստակ նպատակ` ավելի մեծ չափով հարկել բարձրարժեք գույքը, տեսանելի հարստությունը, շքեղության չափորոշիչ համարվող գույքը:

Lragir.am,
07-12-2019 15:49