Աղետի գոտում կրկնվում են նախկին սխալները. Ինչպես լուծել անօթեւանների խնդիրը

Աղետի գոտում այսօր կա մոտ 8000 տնակ, որից 2800-ը՝ Գյումրիում: Երկարաշարժից 31 տարի անց դեռևս հնարավոր չի լինում լուծել տնակների խնդիրը: Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Շիրակ» Կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյանը: Բացի 2800 տնակներից, Գյումրիում կան նաև վթարային շենքեր, այսինքն՝ միայն Գյումրիում այսօր կա ավելի քան 3000 անօթևան ընտանիք: Իսկ այս քաղաքում կառավարությունն առայժմ պարտավորություն է ստանձնել լուծել 4 վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրները: Սպիտակի քաղաքապետն էլ լրագրողներին ասել էր, որ քաղաքի 20 տոկոսը՝ մոտ 1200 ընտանիք դեռևս շարունակում է ապրել տնակներում: Կառավարությունում քննարկում են՝ ինչպես լուծում տալ անօթևան մնացած ընտանիքների խնդրին: «Որոշում պետք է կայացնեն, թե ում են տալիս տուն, սահմանեն դա հստակ: Բայց իրենք ուրիշ ճանապահով են գնացել, ոչ թե որոշում են՝ ում ճանաչել աղետի հետևանով անօթևան, այլ իրենք գնացել են վթարային շենքերի բնակիչներին են ճանաչել շահառու: Այսինքն՝ որոշել են կոնկրետ Գյումրիում 4 շենքի խնդիր լուծել: Բայց մյուս վթարային շենքե՞րը, բա դոմիկներում ապրողնե՞րը: Նրանց մասին առհասարակ խոսք չկա: Իրենք ասում են՝ պետությունը պարտավորություն չունի այդ ընտանիքների նկատմամբ, իրենք շահառու չեն: Բայց պետությունը նաև չի սահմանել, թե ինչ է նշանակում շահառու լինել, ինչպես լինել շահառու»,- ասում է Վահան Թումասյանը: Կառավարությունը վերջին նիստերից մեկում որոշեց աղետի գոտու 227 ընտանիքի բնակարանով ապահովելու նպատակով պետական բյուջեից 1 միլիարդ 291 միլիոն դրամ հատկացնել: Այս ծրագրի շահառու են ճանաչված աղետի գոտու գյուղական բնակավայրերի 453 ընտանիքներ: Ըստ կառավարության՝ նրանց շրջանում անցկացվել են գրավոր հարցումներ՝ նախընտրելի բնակապահովման տարբերակի վերաբերյալ: Հարցմանը մասնակցած ընտանիքներից 227-ը նախընտրել է բնակարան ձեռք բերելու համար վկայագիր ստանալ: Եվ կառավարությունն  այս ընտանիքների բնակարանային խնդիրները հենց ԲԳՎ-ների միջոցով կլուծի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքական խնդիր է դրված հնարավորինս արագ լուծել աղետի գոտու անօթևան ընտանիքների խնդիրը: Հայտարարվել է, որ հաջորդ տարի նախատեսված է բյուջեից 3 մլրդ դրամ հատկացնել այդ նպատակի համար: Կա շանս, որ հաջորդ տարի կառավարությունն այս հարցը վերջնական կլուծի, ասել էր Փաշինյանը: Վահան Թումասյանն ասում է՝ լավ է, որ կա քաղաքական կամք, բայց վատ է, որ նախկին սխալներն են կրկնվում: Ըստ նրա՝ աղետի գոտին չվերականգնվելու հիմնական պատճառներից մեկն էլ անկազմակերպ որոշումների ընդունումն էր նախորդ իշխանությունների օրոք: Հիմա նոր իշխանությունները կրկնում են հին սխալները: «Սխալ է, երբ բնակարանների գնման վկայականների միջոցով են փորձում խնդրին լուծում տալ: Այդ ԲԳՎ-ների արժեքը ցածր է, նրանք բնակարանների վաճառքի շուկան առանց ուսումնասիրելու նման քայլեր են անում: Իսկ դա կարող է ազդել որոշումների արդյունավետության վրա: Գուցե իշխանություններն ուզում են իրենց մաշկի վրա զգալ այդ սխալը, չգիտեմ: ԲԳՎ-ներ նախկին իշխանությունների օրոք էլ են տրամադրվել աղետի գոտու ընտանիքներին: Բայց հիմա բարեկեցիկ պայմաններով բնակարաններ գրեթե չկան Գյումրիում»,- ասում է Թումասյանը: Նրա խոսքով՝ խնդրի լուծման արդյունավետ ճանապարհը հետևյալն է՝ պետությունը շենքեր կառուցի, զուգահեռ ստանձնի նաև մաշված բնակֆոնդի վերանորոգումը, և այդ բնակարանները վիճակահանությամբ պետք է հատկացվեն անօթևան ընտանիքներին: Նրա խոսքով՝ նախ ԲԳՎ-ների արժեքը ցածր է բնակարանների իրական գներից, երկրորդ, աղետի գոտում նորմալ բնակֆոնդ գրեթե չկա: «Երկրաշարժից հետո կառուցված շենքերը 30 տարի չեն նորոգվել, բնակության համար գրեթե պիտանի չեն: Շենքերը ամուր են, կանգուն են, բայց բնակարանի ներսում տնակից վատ վիճակ է: Հիմա միայն այդ բնակարաններն են վաճառքի հանված և, իհարկե, շատ ճոխ ու թանկարժեք առանձնատները: Դրա համար ես միշտ ասում էի՝ եթե ուզում եք ԲԳՎ-ի տարբերակը կիրառել, գնեք վատ վիճակում գտնվող այդ բոլոր  բնարականները, հատկացումներ արեք, նորոգեք, հասցրեք բնակվելու համար պիտանի մակարդակի, հետո ԲԳՎ-ներ տվեք»,- ասաց նա: Ըստ Թումասյանի՝ չպետք է հույս դնել, թե մարդիկ ԲԳՎ-ներով ձեռք կբերեն այդ անմխիթար բնակարաններն ու կվերանորոգեն, քանի որ անօթևան մնացածներն ամենաաղքատ ու անճար խավն են: «Այդ ընտանիքներն ամենայն հավանականությամբ ձեռնապահ կմնան այդ ոչ բարվոք պայմաններով բնակարանները ձեռք բերելուց, որովհետև տնակները գոնե հնարավոր է տաքացնել, փոքր են: Մի մասը կարող են ԲԳՎ-ները մարել, այսինքն՝ կեղծ գործարքներ անել, բարեկամի տուն ձևակերպել, կամ մեկի հետ մտնել գործարքի մեջ, այդ գումարն այլ նպատակով ծախսել: Մի մասն էլ կարող են հետ տալ ԲԳՎ-ները»,- ասաց նա: Օրինակ՝ Գյումրիում որոշում կա 4 վթարային շենքերի բնակիչների խնդիրները ևս լուծել ԲԳՎ-ների միջոցով, բայց, ըստ Թումասյանի, բնակարան չլինելու պատճառով այդ ընտանիքները կարող են հետ տալ ԲԳՎ-ները: Ըստ Թումասյանի՝ կառավարությունում ստեղծված հանձնաժողովը, որի անդամ է նաև ինքը, մեկ տարի աշխատել է, համալիր վերլուծություն կա, բայց խնդիրն ամբողջովին գիտակցելու ու որոշում կայացնելու մղումը պետք է լինի: Այս վերլուծության հիման վրա աղետի գոտու վերականգնման նոր ծրագիր պետք է մշակվի, և քայլ առ քայլ պետք է առաջ գնալ, կարծում է նա:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
07-12-2019 16:31