Լոռու մարզում ՀՀ կառավարության ղեկավարը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը

07-12-2019 18:03

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 31-րդ տարելիցի օրը, այցելել է Լոռու մարզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի այցի առաջին կանգառը Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղն էր՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը: Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրել Շիրակամուտի համայնքապետարանի հարակից տարածքում տեղադրված հուշարձան-խաչքարին: Շիրակամուտից վարչապետն ուղևորվել է Սպիտակ քաղաք. ժամը 11:41-ին Նիկոլ Փաշինյանը Սպիտակի հուշարձանների պուրակում մասնակցել է ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի անմեղ զոհերի մատուցվող պատարագին և ծաղկեպսակի զետեղմամբ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Ապա կառավարության ղեկավարը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը: Քըրք-Քըրքորյանի կիսանդրին Սպիտակ քաղաքին նվիրել է ՀՀ ժողովրդական նկարիչ,  քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: Վարչապետը նաև ծաղիկներ է դրել Սպիտակի հուշարձանների պուրակում տեղադրված Ճապոնիայի երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին և 2016 թ. ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարին: Նիկոլ Փաշինյանը եղել է Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում և մոմ վառել՝ ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի անմեղ զոհերի: Կառավարության ղեկավարն այնուհետև այցելել է Լեռնանցք համայնք և մասնակցել տեղի բնակիչների համար նոր կառուցված բնակարանների բացմանը: Աղետի գոտու պետական բնակարանաշինության ծրագրի շրջանակում Լեռնանցքում կառավարության որոշմամբ հատկացված ֆինանսական միջոցների հաշվին «Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կառուցվել է 8 բնակարան: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է լեռնանցքցիներին բնակարանամուտի առթիվ, մաղթել հաջողություններ և առաջընթաց՝ նշելով, որ կառավարությունը հետևողական է աղետի գոտու բնակարանային խնդրի լուծման հարցում: Կառավարության որոշմամբ մեկնարկել է ևս 24՝ բարձր պատրաստվածություն ունեցող բնակարանների շինարարությունը, որից 4-ը՝ կրկին Լեռնանցք համայնքում: Վարչապետ Փաշինյանը Շիրակամուտում, Սպիտակում և Լեռնանցքում նաև զրուցել է այս համայնքների բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող հարցերին և պատասխանել դրանց: Կառավարության ղեկավարը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը և համայնքների զարգացման ու սուբվենցիոն ծրագրերի համատեքստում ընդգծել կառավարություն-համայնք-մարզպետարան համագործակցության կարևորությունը:

Lragir.am,
07-12-2019 18:03